ՓԱՇԻՆՅԱՆԸ ԿԱԶՄ-ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ. ՆՐԱ ՆՊԱՏԱԿԸ ԱՄԵՆ ԳՆՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ՄՆԱԼՆ Է

2018թ. նոյեմբերի 19-20-ին Մարտունի քաղաքը նշում էր 190-ամյա հոբելյանը: Ելույթ ունենալով հանդիսավոր միջոցառումներից մեկի ամբիոնից՝ Փաշինյանը հայտարարեց. «Հեղափոխությունը կազմակերպող քաղաքական թիմը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր բոլոր պարտավորությունները: Մենք ասում էինք՝ ձեր կամքը արտահայտեք փողոցներում և հրապարակներում, և մենք այդ կամքը կդարձնենք իրականություն: Եվ մենք դա արեցինք: Հաջորդը՝ ասացինք, որ անզիջում պայքար կմղենք կոռուպցիայի դեմ: Այսօր այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»։

ՔՊ-Ի ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 7-ՐԴ ՏԱՐՈՒՄ ՎԿԱՅԱԿՈՉԵՆՔ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐ «ԿԱՇԱՌՔ ԵՆ ՎԵՐՑՆՈՒՄ ՈՎ ՈՐՏԵՂ ՊԱՏԱՀԻ»։ Խորհրդարանական նոր մրցավազքի մեկնարկին իրավամբ կարելի է փաստել, որ ռեժիմը տապալել է համակարգային կոռուպցիայի դեմ պայքարը, և որ նախքան «հեղափոխությունը» Հայաստանում այս աստիճանի կոռումպացված չինովնիկական ապարատ չկար։ Փաշինյանից առաջ ոչ մի իշխանություն չի փորձել օրինականացնել կոռուպցիան, մասնավորապես՝ միլիոնանոց պարգևավճարների միջոցով։

Իշխանությունը մինչև ականջները թաղված է կոռուպցիայի և հովանավորչության մեջ։ Հեղինակավոր բյուջետային կազմակերպություններում՝ ՊՆ-ից մինչև պետական բուհեր, բոլոր ղեկավար պաշտոնները զբաղեցնում են ՔՊ կուսակցական էլիտայի անդամների ազգականները։ Տեղական իշխանության մակարդակով ամեն ինչ համանուն խմբակցության պատգամավորների ընկերների ու հարազատների ձեռքում է։ Կա Սուրեն Պապիկյանի, Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի դրածոների ծավալուն ցուցակ, կան ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի նշանակածներ։ Լեգիոն է նրանց անունը:

Պետգնումները կատարվում են այն ձեռնարկություններից ու ընկերություններից, որոնց սեփականատերերը սերտ կապեր ունեն ՔՊ վերնաշերտի հետ: Իշխանավորները հարստանում են այնպիսի արագությամբ, ինչպիսին երազում անգամ չեն տեսել 1991-ից մինչև 2018 թվականը իշխանության նույնիսկ ամենախորշելի ներկայացուցիչները: Փաշինյանի քաղաքականությունը, ուղղված կոռուպցիան նվազեցնելու նպատակով պետապարատի, դատական և քննչական մարմինների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, շռնդալից կերպով ձախողվեց:

Վերադառնալով 2018-ի նոյեմբերյան ելույթին՝ հիշեցնեմ, որ կատարած երկրորդ պարտավորություն Փաշինյանն անվանեց արտահերթ ընտրությունները և կրկին ստեց, քանզի մինչև 2018-ի դեկտեմբերյան ընտրությունները նա չկատարեց ԸՕ-ում և Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ մտցնելու խոստումը։

Մարտունիում հնչած այդ ելույթից անցել է ուղիղ 6 տարի։ Հայ ժողովուրդը 2025 թվական է մտնելու պետական կառավարման հիմնովին ոչնչացված ինստիտուտով։ Կառավարման ողջ համակարգը հանգել է մեկ անձի քմահաճույքին, խախտված է իշխանության ճյուղերի տարանջատման սկզբունքը։ Մեր հրապարակումներում բազմիցս մեջբերել ենք Փաշինյանի ամենավտանգավոր հայտարարություններից մեկը. «Պետությունը թանկ հաճույք է»։ Այսօր նա արդեն ասում է, թե Անկախության հռչակագրի բովանդակությունը հանգում է նրան, որ «Հայաստանի Հանրապետություն պետությունը գոյություն ունենալ չի կարող»։ «Սա մեր ամենամեծ խնդիրն ու ողբերգությունն է»,- ընդգծեց նա՝ նկատի ունենալով ոչ միայն ՀՀ ծննդյան վկայական-Հռչակագիրը, այլև այն հանգամանքը, որ, օրինակ, Դիլիջանի երիտասարդ բնակիչն ասում է, որ ինքը «վանեցի» է։ Փաշինյանը հայտարարեց, որ դա հանգեցնում է նրան, որ «մենք կորցնում ենք Դիլիջանն ու իրական Հայաստանի ամբողջ տարածքը»:

Պատմականորեն ամեն ինչ պարզ է. Արցախը հանձնողը «ինքը չէ», պետություն քանդողը «ինքը չէ»։ Ամեն ինչում մեղավոր են Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարները, Ռուսաստանը, Անկախության հռչակագիրը և նրանք, ովքեր հիշում են իրենց արմատները. մի խոսքով, մեղավոր են բոլորը, բացի իրենից: ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը քաղաքական տարվա վերջում խոստովանեց, որ երկիրը չունի պաշտպանության և անվտանգության համակարգ: Ստացվում է, որ մենք իզուր չէինք կասկածի տակ առնում ԱԺ պաշտպանության հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանի այն խոսքերի ճշմարտացիությունը, թե «հայկական սահմանի առաջնագիծը հագեցած է ռազմական ինժեներական մտքի վերջին խոսքով»։

Հայաստանը չունի ոչ միայն պաշտպանության եվ անվտանգության համակարգ, նա չունի նաև արտաքին քաղաքականություն՝ միջազգային չափանիշների մակարդակով, այլապես հայկական դիվանագիտությունը գոնե ինչ-որ շարժ կարձանագրեր ցեղասպան պետության նկատմամբ արևմտյան պատժամիջոցների կիրառման հարցում։ Իսկ քանի որ հայկական դիվանագիտությունը ներկայացնում է Արարատ Միրզոյանը, ապա Եվրոպան և ԱՄՆ-ը ոչ միայն պատժամիջոցներ չկիրառեցին էթնիկ զտումների և արցախահայության բռնի տեղահանման համար, այլև չեն պարտադրում Ալիևին խաղաղության համաձայնագիր ստորագրել։ Իսկ ինչո՞ւ պիտի պարտադրեն։ Փաշինյանն իջեցրել է ՀՀ կարգավիճակի նշաձողն այն աստիճան, որ երկրի շահերը բավարարվում են միայն բանաձևերով, համաշխարհային բարձր ամբիոններից հնչող դատարկ ելույթներով, եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների այցերով և աջակցության բանավոր խոսքերով։ Միանգամայն բավական է այն երկրի համար, որի անվտանգությունն ապահովում են եվրոպացի դիտորդները՝ հեռադիտակներով ու նոթատետրերով, ավելին անել Փաշինյանի ռեժիմն անկարող է։ Նրա «իրական Հայաստանը» պետականության պարտադիր ատրիբուտների փոխարինումն է «խաղաղության խաչմերուկի» և «ժողովրդավարության բաստիոնի» կարգի զառանցալից քիմեռներով։

Փաշինյանի չկատարած խոստումների ցանկը՝ կենցաղային տեխնիկայի արտադրության նոր ձեռնարկություններից մինչև փոքր ավիացիայի վերականգնում, թերթի մի քանի էջ կզբաղեցներ։ Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը վավերագրական ֆիլմ է նկարահանել, որում ցույց է տալիս բոլոր կողպեքներն այն դռների վրա, որոնց հետևում, ըստ Փաշինյանի խոստումների, պետք է աշխատեին հազարավոր աշխատատեղերով նոր ձեռնարկություններ: Ձախողված է ոստիկանության բարեփոխումը, որը սկսվեց Սորոսի հիմնադրամի շահագրգիռ մասնակցությամբ։ Տապալված է 10 մլն ծառերի ծրագիրը. վեցուկես տարվա ընթացքում Հայկ Մարությանն ու Տիգրան Ավինյանը վերջնականապես կտրել են Երևանի թթվածինը։

Տապալված է հայրենի ավիափոխադրողի ծրագիրը. ոչ ոք չգիտի, թե ինչու է պետական մի ամբողջ ճյուղի պայթեցման դիվերսիան կազմակերպած ու իրականացրած Տաթևիկ Ռևազյանն առ այսօր ազատության մեջ: Նորմալ երկրում դատարանի առջև կկանգներ ոչ միայն ինքը՝ Ռևազյանը, այլև նա, ով նշանակել է նրան ղեկավարելու հայրենի ավիացիան, այսինքն՝ Փաշինյանը։

Տապալվեց համավարակի դեմ պայքարը, հազարավոր մահերը առողջապահության նախարարի պաշտոնում Փաշինյանի նշանակած Արսեն Թորոսյանի խղճին են։ Ոչ ոք չգիտի, թե ինչու է նա բազմել խորհրդարանում և հեծանիվ քշում Փաշինյանի հետ, երբ բազմահատոր գործը, որով նա անցնում է որպես մեղադրյալ, արդեն պատրաստ է դատարան մտնելու։

Ձախողված է էլեկտրոնային համակարգով դեղերի գնման ծրագիրը, հանրային սննդի հաստատություններում ծխելու արգելման ծրագիրը, թափառող շների ստերջացման ծրագիրը, 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման ու վերանորոգման ծրագիրը, ինչպես նաև ջրհեղեղներից տուժած շրջաններին աջակցության ծրագիրը և բազմաթիվ այլ ծրագրեր

«Գիտության եվ կրթության նկատմամբ Փաշինյանի դասակարգային ատելությունը հանգեցրեց ակադեմիական քաղաքի գաղափարին, որը դժվար թե իրագործվի։ Դա իրենից ներկայացնում է պայքար կրթության դեմ, գիտությունը ռեզերվացիա քշելու փորձ։ Զարգացած երկրներում հիմնական ենթակառուցվածքից առանձնացնում են խաղատներն ու նմանատիպ այլ հաստատությունները, իսկ մեզ մոտ՝ բուհերը։ Ակնհայտ է Փաշինյանի պայքարը գիտության և կրթության դեմ»,- օրերս արձանագրեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ հղում անելով «թքող իշխանության» մասին կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքերին։ Այսպիսի իշխանության հիմնական թշնամիները գիտությունն ու կրթությունն են։ Բոլոր ուղղություններով տոտալ ձախողման խորապատկերին Փաշինյանը սկսել է նախապատրաստությունը խորհրդարանական մրցավազքին

Նա հույս ունի և նույնիսկ վստահ է, որ հին հնարքները կրկին հաղթանակ կբերեն իր կուսակցությանը, իսկ վերջինս կվերադարձնի իրեն գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնին։ Փաշինյանը գիտի, որ ինքը «ազգի գերեզմանափոր» է (Տեր-Պետրոսյանի բնորոշումը) և պետությունը քանդող, սակայն վեցուկես տարին նրա մոտ անպատժելիության պատրանք է ստեղծել։ Այս տարիների ընթացքում ձևավորվել է համաժողովրդական կոնսենսուս, որ երկիրը պետք է ազատել «ազգի գերեզմանափորից» ու «թքող իշխանությունից»։ Պակասում են նրանք, ովքեր կներկայանան որպես այլընտրանք այս խայտառակությանը։ Հիշեցնեմ, որ «թքող իշխանության» մասին Տեր-Պետրոսյանը հայտարարեց ոչ թե խոսնակ Ալեն Սիմոնյանի խուլիգանական արարքի առնչությամբ, այլ վերջերս նրա տեղակալ Ռուբեն Ռուբինյանի ելույթից հետո։

Դիմելով խորհրդարանական ընդդիմությանը՝ փոխխոսնակը երկրի ամենաբարձր ամբիոնից ճղավեց, թե նրանք (ընդդիմությունը) թքած ունեն (!) ադրբեջանական գերության մեջ գտնվողների վրա: Այդ հայտարարության հասցեատերերից էր նաև Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Դավիթ Մանուկյանի հարազատ եղբայրը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Դավիթ Մանուկյանը, հիշեցնեմ, ադրբեջանական գերության մեջ գտնվող արցախյան ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչներից մեկն է։

Աղմկահարույց հրաժարականների շքերթը ամեն ինչ ջնջելու և նորից սկսելու Փաշինյանի փորձն է, բայց այդպես չի լինում։ Վեցուկես տարին չես ջնջի ժողովրդի հիշողությունից, վերամեկնարկը թույլ չի տա երկու անգամ մտնել նույն գետը՝ ուրիշների վրա բարդելով չկատարած խոստումների մեղքը։ Ռեժիմի պարագլուխը դա հասկանում է, բայց միևնույնն է, արդեն կազմ ու պատրաստ է։ Նա այլ ելք չունի։ Փաշինյանը պատրաստ է ջանալ 100%-ով, գնալ ցանկացած հանցագործության՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար, քանզի համապետական ընտրություններում պարտության դեպքում նա տեղնուտեղը կհայտնվի մեղադրյալի աթոռին։

Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ վեցուկես տարվա հանցագործությունների, հազարավոր մարդկանց մահվան, պետական անվտանգության համակարգի փլուզման համար նրա ցմահ ազատազրկումն ապահովված է։ Փաշինյանը հասկանում է, որ ինքն անկյուն է քշված, և որ պարտության դեպքում իրեն վիճակված է Միխո Սահակաշվիլիի ճակատագիրը