ՌԴ նախագահ․ Ռուսաստանն «Орешник» բալիստիկ հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական բանակը հարվածել է Ուկրաինային միջին հեռահարության նորագույն հրթիռային համակարգերից մեկով՝ «Орешник» անվանումով ոչ միջուկային բալիստիկ հրթիռով, գրում է «Коммерсантъ»-ը։

Մարտական ​​պայմաններում դրա փորձարկումները պատասխան էին Արևմուտքի գործողություններին, ընդգծել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի՝ ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգերը, դրանց թվում՝ ամերիկյան համակարգերը Եվրոպայում, ի վիճակի չեն որսալ այս տեսակի հրթիռները։

«Մարտական ​​պայմաններում փորձարկվել է ռուսական նորագույն միջին հեռահարության հրթիռային համակարգերից մեկը, այս դեպքում՝ ոչ միջուկային հիպերձայնային սարքավորումների բալիստիկ հրթիռով»,-շեշտել է նա։

ՌԴ նախագահը նշել է, որ ռուսական բանակը թիրախավորել է «Հարավային մեքենաշինական գործարանին» (Южмаш)։ Դա հրթիռային և տիեզերական տեխնոլոգիաների արտադրության ուկրաինական խոշոր ձեռնարկություն է, որը տեղակայված է Դնեպրում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են այսօր՝ նոյեմբերի 21-ին, Դնեպրին ռուսական հարվածի մասին։ Նրանց տվյալներով՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը արձակվել է Աստրախանի շրջանի տարածքից։

«Орешник» հրթիռները թիրախները խոցում են 10 մախ արագությամբ, որը կազմում է վայրկյանում 2,5-3 կիլոմետր, պատմել է Վլադիմիր Պուտինը։ Նա պարզաբանել է, որ այս հրթիռային համակարգի մարտական ​​փորձարկումներն իրականացվում են ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների ագրեսիվ գործողությունների։

Երկրի նախագահը նշել է, որ Ռուսաստանը նախապես կառաջարկի Ուկրաինայի քաղաքացիներին և այլ բարեկամ պետությունների քաղաքացիներին լքել հնարավոր ոչնչացման գոտիները։

News.am