ՀԱՅՏՆԱԳՈՐԾՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՆՀԱՅՏ Է ԴԱՌՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ
Միջազգային գիտաժողով Երևանում
Այս օրերին Երևանում ընթանում է ֆիզիկոսների միջազգային համաժողովը, որը կոչվում է «Սառը միաձուլման 50-ամյակը»։ Այն կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն և Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտը (JINR, Դուբնա): Գիտաժողովին մասնակցելու համար հավաքվել էին գիտնականներ Եվրոպայից, Ասիայից և Ամերիկայից։
Ի՞նչ է սառը միաձուլումը
Ինչպես News.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական քարտուղար Ալեքսանդր Կարպովը, այսօր պարբերական աղյուսակում կան տարրեր՝ բնական և արհեստական։ Բնական տարրերն ավարտվում են 92-րդ տարրով՝ ուրանով։ Այն ամենը, ինչ գալիս է դրանից հետո, արհեստականորեն սինթեզվել է։ Այսօր աղյուսակը ավարտվում է 118-րդ տարրով, որն անվանվել է Օգանեսոն՝ ի պատիվ իր հայտնաբերողի՝ JINR միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսյանի։
Սկզբում տարրերը սինթեզվում էին տաք միաձուլման միջոցով։ Առաջին փորձերն իրականացվել են ԱՄՆ-ում 1940-1950 թվականներին, երբ եվրոպական մայրցամաքը պատերազմի մեջ էր։ 1956 թվականին JINR-ի բացման ժամանակ պարբերական աղյուսակում արդեն 100 քիմիական տարր կար։ Դրանք ստանալու համար օգտագործվել են ծանր իոններ, դրանք շփման մեջ են մտցրել ավելի թեթև տարրերի երկու միջուկներ, դրանք միաձուլվել են, և ձևավորվել է ավելի ծանր տարրի միջուկը։ Բայց այդ եղանակի կիրառումը սահմանափակումներ ուներ:
«Եվ այստեղ շատ կարևոր է, որ երբ մենք միացնում ենք այդ միջուկները, ավելորդ էներգիա ենք ներմուծում։ Որքան մեծ է այդ էներգիան, այնքան տաքացած միջուկներն ավելի պատրաստակամորեն կբաժանվեն: Այսինքն՝ դրանք կքայքայվեն»,-պատմում է Կարպովը։
50 տարի առաջ՝ 1974 թվականի սեպտեմբերին, Դուբնայում Յուրի Օգանեսյանի գլխավորությամբ հայտնաբերվեց ռեակցիաների նոր դաս՝ զանգվածային միջուկների սառը միաձուլման ռեակցիաները, և Երևանում ընթացող համաժողովը նվիրված է հենց այդ օրվան։
«Այս եղանակը բավականին արդյունավետ ստացվեց, Դուբնայում սկսեցին օգտագործել այն, և ստացան 106-րդ տարրը։ Ճիշտ է, ԱՄՆ-ում՝ Բերկլիում այն զուգահեռաբար սինթեզվել է հին եղանակով։ Արդյունքում այն անվանվել է հետազոտության ղեկավար Գլեն Սիբորգի անունով՝ սիբորգիում»,-պատմում է գիտնականը։
107 տարրն արդեն համաշխարհային ճանաչում է ստացել որպես սառը միաձուլման միջոցով ստացված առաջին տարր։ Դրա հեղինակությունը հավասարության սկզբունքով պատկանում է Դուբնայի և Դարմշտադտի գիտնականներին: Այս եղանակը JINR-ի, Գերմանիայի և Ճապոնիայի առաջատար լաբորատորիաներին հնարավորություն է ընձեռել առաջին անգամ 107-113 ատոմային թվերով տարրեր սինթեզել։ «Եվ պարզվեց, որ, ընդհանուր առմամբ, չնայած այն բանին, որ այդքան լավ արդյունավետ եղանակ էր գտնվել, 113-րդ տարրը մտավ փակուղի, ավելի հեռուն գնալ անհնար էր»,-պատմում է Ալեքսանդր Կարպովը:
Այդ խնդրի լուծման վրա սկսեցին աշխատել Դուբնա-Լիվերմոր համագործակցության գիտնականները՝ Յուրի Օգանեսյանի գլխավորությամբ։ 114-րդ տարրը ստացվել է իզոտոպների սինթեզման եղանակով՝ կալցիումի 48Ca միջուկների և պլուտոնիումի միջուկների միաձուլման ռեակցիայի միջոցով։ Նույն եղանակով մենք ստացանք մնացած տարրերը մինչև 118-րդը՝ այսօրվա դրությամբ՝ վերջինը։
Ալեքսանդր Կարպովը հավելում է, որ, չնայած անվանմանը, համաժողովը քննարկում է ոչ միայն սառը միաձուլման եղանակը, այլև սառը միաձուլումից հետո այս ոլորտում բոլոր վերջին ձեռքբերումները։ «Սա ելակետի նման է: Մենք հիշում ենք ինչ-ինչ պատմական պահեր, հետևում ենք՝ ինչ է կատարվում հիմա և ինչ ծրագրեր կան ապագայի համար։ Իրականում համաժողովը հենց դրան է նվիրված»,-ասում է Դուբնայից ժամանած գիտնականը։
Միջուկային միաձուլման թեմայով համաժողովների անցկացումն ավանդույթ է
JINR տնօրեն Գրիգորի Տրուբնիկովն իր բացման խոսքում ընդգծեց, որ ատոմային միջուկների սառը միաձուլման առաջին փորձերի 50-ամյակի տարին խորհրդանշական է ոչ միայն JINR-ի, այլ նաև միջուկային ռեակցիաներով զբաղվող համաշխարհային լաբորատորիաների համար։ Եվ պետք է պահպանվի գերծանր տարրերի սինթեզի և հատկությունների հետազոտության արդյունքների քննարկման համար կանոնավոր համաժողովներ անցկացնելու ավանդույթը։
«Բազմաթիվ տարրեր սինթեզվել են Դուբնայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների համագործակցությամբ, և այդ տարրերից մի քանիսի անունները՝ հասսիում, դարմստադթիում, նիհոնիում, խորհրդանշում են միջազգային համագործակցությունը: Մենք շարունակում ենք համատեղ փորձարկումներ անցկացնել մեր եվրոպացի, իսկ հիմա արդեն նաև չինացի գործընկերների հետ»,- նշում է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրենը։
ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ ակադեմիան այսօր հյուրընկալում է բազմաթիվ աշխարհահռչակ գիտնականների տարբեր երկրներից, որոնց համագործակցությունը շատ բարձր է գնահատում։ «Սառը միաձուլման ռեակցիաների հայտնաբերման 50-ամյակին նվիրված այս գիտաժողովը լավ հնարավորություն է ոչ միայն անցյալը հիշելու, այլև գերծանր տարրերի սինթեզի ամբողջ խնդիրը ժամանակակից դիրքերից և հնարավորությունների տեսանկյունից դիտարկելու համար»,-նշում է ՀՀ ԳԱԱ նախագահը:
Ցանկացած հայտնագործության մեծությունն ակնհայտ է դառնում միայն պատմական հեռավորությունից
JINR-ի միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Օգանեսյանը հայտարարեց, որ ցանկացած հայտնագործության մեծությունն ակնհայտ է դառնում միայն պատմական հեռավորության վրա։ «Սառը միաձուլման հայտնագործությունն արդեն փոխարինվել է ուրիշներով. հայտնաբերվել են ավելի ծանր տարրեր, քան սառը միաձուլման արդյունքում ստացվածները:
Սկզբում Դուբնայում գիտնականներն աշխատում էին այս եղանակով, հետո միացան աշխարհի բազմաթիվ լաբորատորիաներ, որոնք շատ արդյունավետ աշխատեցին։ Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, բայց ի հայտ եկան նաև նոր հնարավորություններ ու նոր գաղափարներ։ Այդ առումով, սառը միաձուլումը արհեստական տարրերի սինթեզի պատմության ուղու միայն մի մասն է, երբ մարդը սկսեց անել այն, ինչ անում է բնությունը, բայց այլ եղանակով՝ հիմնվելով առկա բոլոր գիտելիքների վրա»,- պարզաբանում է Յուրի Օգանեսյանը։ Նա հավելեց, որ 119-րդ և 120-րդ տարրերի ստացման փորձերը ծանր տարրեր ստանալու փորձերի շարունակությունը կդառնան։
Միջոցառմանը ելույթներով հանդես կգան քիմիական տարրերի սինթեզի և հատկությունների նկարագրության ոլորտում բազմաթիվ աշխարհահռչակ ականավոր գիտնականներ։ Բանախոսների թվում են Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իսրայելից, Չինաստանից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից, Շվեդիայից և Ճապոնիայից ժամանած հետազոտողները։
Հարցին, թե ինչու է Երևանն ընտրվել որպես միջազգային հեղինակավոր համաժողովի անցկացման վայր, Ալեքսանդր Կարպովը նշեց, որ սա առաջին հերթին հարգանքի տուրք է Յուրի Օգանեսյանին, որի համար Հայաստանն իր երկրորդ հայրենիքն է։ Երկրորդ՝ հարմար է Երևան գալ աշխարհի տարբեր ծայրերից։ «Դե, տարվա այս սեզոնին սքանչելի եղանակ է»,-ամփոփեց գիտնականը: