Զելենսկին մեկնաբանել է Պուտինի հայտարարությունները
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններն Ուկրաինայի տարածքում «Օրեշնիկ» միջին հեռահարության հրթիռի կիրառման մասին, գրում է Украинская правда-ն։
«Պուտինը խոստովանել է, որ այս տարի նա արդեն երկրորդ քայլն է արել դեպի էսկալացիա, դեպի այս պատերազմի ընդլայնում։ Օգտագործվել է նոր բալիստիկ հրթիռ։ Պուտինը հարվածել է մեր քաղաքին՝ Դնեպրին՝ Ուկրաինայի ամենամեծ քաղաքներից մեկին։ Սա այս պատերազմի մասշտաբների ու դաժանության ակնհայտ և լուրջ աճ է, Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության ցինիկ խախտում։ Եվ ես ընդգծեմ՝ սա մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի երկրորդ քայլն է դեպի էսկալացիա։ Առաջին նման քայլը Հյուսիսային Կորեային Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ ներքաշելն էր՝ առնվազն 11 հազար զինվորական կոնտինգենտի»,- նշել է նա։
Ըստ նախագահի՝ Պուտինը գնաց այս երկու քայլերին էլ՝ անտեսելով աշխարհում բոլորին, ովքեր կոչ են անում չընդլայնել պատերազմը։ «Նրան չի հետաքրքրում, թե ինչ են կոչ անում Չինաստանը, Բրազիլիան, եվրոպական երկրները, Ամերիկան, աշխարհի բոլոր մյուս երկրները», - ասել է Զելենսկին։
Նա հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ուկրաինան հեռահար զենք է օգտագործում, և դա ինչ-որ նոր քայլ չէր։
«Եվ մենք բոլոր իրավունքներն ունենք դա անելու՝ միջազգային իրավունքի համաձայն: Մեր ինքնապաշտպանության իրավունքը նույնն է, ինչ ցանկացած այլ ազգի իրավունքը։ Եվ երբ ռուսական հրթիռները խոցում են մեր քաղաքները, երբ ամեն գիշեր Ուկրաինան հարձակվում է իրանական մահապարտների կողմից, երբ Հյուսիսային Կորեայից զորախումբ է տեղակայվում մեր սահմանին»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։
News.am