СОР29-Ը ՍԿՍՎԵՑ ԵՎ ԱՎԱՐՏՎԵՑ ԱՐՅԱՆ ՇՈՒՐՋ ՍԱԿԱՐԿՈՒՄՈՎ. ԻՆՉՈ՞Ւ ՄԻՐԶՈՅԱՆԸ ՉՄԵԿՆԵՑ ԲԱՔՈՒ

Նոյեմբերի 22-ին Բաքվում ավարտվում է ՄԱԿ-ի կլիմայական գագաթնաժողովը, որն, անկասկած, պատմության մեջ կմտնի որպես ամենասկանդալայինը տվյալ միջոցառման անցկացման ողջ ժամանակաշրջանում՝ 1995 թվականից ի վեր: Չենք խոսում արդեն խորհրդաժողովն իբրև «խաղաղության СОР» «բրենդավորելու» Բաքվի ռեժիմի փորձերի լիակատար ձախողման մասին։ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չմասնակցեցին դրան, թեև բազմաթիվ փորձագետներ կանխատեսում էին, թե դա տեղի կունենա Ադրբեջանի կողմից գոնե մի քանի հայ գերիների և պատանդների վերադարձի դիմաց։

Ըստ էության, փաշինյանական կառավարության ներկայացուցիչներն իրենք էլ չէին թաքցնում մեծագույն հույսերն առ այն, որ մինչև համաժողովի մեկնարկը կստորագրվի «խաղաղության պայմանագիրը» և կվերադարձվի գերիների մի մասը։

Այսօր, հետադարձ հայացք գցելով նախորդ շրջանի բոլոր վայրիվերումներին, կարելի է փաստել, որ Բաքվում СОР-ը սկսվեց ու ավարտվեց Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի կյանքի ու ճակատագրի շուրջ ցինիկ սակարկումով:

2023-ի դեկտեմբերին Երևանը համաձայնեց միջազգային այդ խոշորագույն միջոցառումն Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացնելուն՝ 23 գերիների վերադարձի դիմաց։ Մեկ տարի անց, չնայած միջազգային հանրության բազմաթիվ պահանջներին, բանաձևերին, դատական որոշումներին և հայտարարություններին, դա տեղի չունեցավ։

Ու թեև Արաբատ Միրզոյանը բուռն ցանկություն էր ցուցաբերում մեկնելու Բաքու, սակայն իր այդ խայտառակ երազանքից նա ստիպված էր հրաժարվել, թեպետ ռեժիմը մինչև վերջ «հաջողության» հույս էր փայփայում։ Այս անգամ, որքան էլ ցինիկ հնչի, սակարկումը (թող ներեն ինձ գերիների և պատանդների ընտանիքներն այս բառի համար) չստացվեց։

СОР29-ի և ՀՀ ներկայացուցիչների մասնակցել-չմասնակցելու հետ կապված ողջ գործընթացը դարձավ բացարձակ ձախողված, որևէ սկզբունքից, որևէ ռազմավարությունից, մարտավարությունից, պրոֆեսիոնալիզմից և իրազեկությունից զուրկ, իսկ ամենակարևորը՝ օտար շահերի սպասարկմանը միտված ներկայիս հայաստանյան դիվանագիտության ամենաիսկական ցուցադրական օրինակ։ Որպես այս դառը ճշմարտության հաստատում՝ բավական է հիշել վերջին շաբաթներին ռեժիմի ներկայացուցիչների պահվածքն ու հայտարարությունները։

Հոկտեմբերի 22-ին Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ մասնակցելու որոշում դեռ չի կայացվել, քանի որ «պետք է քննարկել ու հասկանալ, թե դա ինչ կտա Հայաստանին»:

Հոկտեմբերի 23-ին Փաշինյանն անձամբ հայտարարեց, որ COP29 գագաթնաժողովը համարում է հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացը քննարկելու հնարավորություն։ Ավելի վաղ նրա թիմակիցներից մեկը՝ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնել էր լրագրողներին, որ Փաշինյանն Ալիևին առաջարկել է «խաղաղության համաձայնագիր» ստորագրել նախքան COP29 գագաթնաժողովը:

Եվս երկու օր անց փոխարտգործնախարար Պարույր Սիմոնյանը գործնականում հասկացրեց, որ մասնակցության որոշումը կայացված է։ Ուրիշ ի՞նչ կերպ ընկալել նրա այն խոսքերը, թե «ամենամոտ ժամանակներս մենք որոշում կկայացնենք, թե ինչ մակարդակով է ներկայացվելու Հայաստանը»։ Ավելին, այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Միրզոյանը մասնակցել COP29-ին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ ոչինչ չի բացառվում, և ամեն ինչ կախված է առաջիկա օրերի իրադարձություններից:

Նման հայտարարությունն առավելևս համոզիչ հնչեց, հաշվի առնելով նախօրեին Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանի և Ալիևի բանակցությունները, որոնց ընթացքում, ինչպես հայտարարվեց, խոսք վերաբերել էր նաև գերիներին։ Լիակատար տպավորություն էր ստեղծվում, որ Նիկոլն Ալիևին խոստացել էր մասնակցել COP29-ին՝ փոխարենը խնդրելով գերիների վերադարձը, որպեսզի ոչ միայն Միրզոյանին Բաքու ուղարկելու միանգամայն ընդունելի պատրվակ ունենա, այլև ներկայացնի դա իբրև «խաղաղության» սեփական քաղաքականության խոշոր հաջողություն։

Դատելով իշխանության մյուս ներկայացուցիչների, մասնավորապես՝ նույն Սիմոնյանի հայտարարություններից, Փաշինյանն ի լրումն երդմնալի խոստացել է իր հանցակցին խորհրդաժողովի ընթացքում չբարձրացնել Արցախում ագրեսիայի և արցախյան առաջնորդներին ապօրինի պահելու հետ կապված հարցերը։ Ինչը նույնպես երեսպաշտորեն կներկայացվեր իբրև ամեն քայլի գնալու ձգտում, միայն թե գերիների մի մասը վերադառնա։

Բայց չստացվեց: Թե ինչու՝ այս հարցին կան պատասխանի մի քանի տարբերակներ: Բավական լուրջ վերապահումով, որ հանրությանը հայտնի չեն կողասրահային բանակցությունների մանրամասները, ուստի կարելի է դատել միայն հայտնի փաստերի հիման վրա։ Հասկանալի է, որ «խաղաղության պայմանագրի» ստորագրման մասին, այդ առիթով Բաքվում նողկալի շոուով, ինչը մեծապես փափագում էր Փաշինյանը, խոսք անգամ լինել չէր կարող. Ադրբեջանի դիրքորոշումը ոչ մի հիմք չի տվել դրա համար։ Մնում էր միայն գերիների վերադարձի հնարավորությունը։ Եվ Ալիևը պարզապես հրաժարվեց դա անել՝ ազատ չարձակելով նույնիսկ ոչ թե Արցախի առաջնորդներին, այլ անգամ նրանց, ովքեր Բաքվի բանտերում են 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներից։

Հնարավոր է, որ Արցախում արյունալի հաղթանակի էյֆորիայից առ այսօր արբած և իրեն ամենակարող երևակայած Բաքվի բռնապետը դա չարեց՝ ծայրահեղ նյարդայնացած այն արշավից, որ ծավալվել է աշխարհում ի աջակցություն գերիների։ Իբր՝ ոչ ոք չի կարող ինձ պարտադրել, կուզենամ՝ կվերադարձնեմ, չեմ ուզենա՝ չեմ վերադարձնի: Ակնհայտ է, որ ստեղծված իրավիճակը առիթ դարձավ ինքնագոհ տխմարի համար կրկին ցույց տալու, թե ով է դրա «տերը» և հերթական անգամ նսեմացնելու Նիկոլին, իսկ նրա հետ մեկտեղ՝ Հայաստանին ու հայ ժողովրդին։

Հենց այդ մասին է վկայում Ալիևի այն ամբարտավան արտահայտությունը, թե «Հայաստանին հրավեր է ուղարկվել մասնակցելու ՄԱԿ-ի Կլիմայի СОР29-ը կլիմայական գագաթնաժողովին, իսկ մասնակցել-չմասնակցելն արդեն Երևանը թող որոշի»:

Տվյալ վարկածն, իհարկե, գոյության իրավունք ունի, բայց ավելի իրատեսական է թվում մյուսը, հասցեագրված արդեն գագաթաժողովից հետո Երևանի հետ Բաքվի ծանուցած բանակցություններին։ Այն է՝ վերջնականապես կապը կտրած և ողջախոհության բոլոր սահմաններն անցած Բաքվի դահիճն արդեն իսկապես թքած ուներ՝ կգա արդյոք խորհրդաժողովին ինչ-որ Արաբատ, քանզի Ալիևի և Էրդողանի նպատակները շատ ավելի լուրջ են ու հեռուն գնացող։ Եվ նույնքան հեռու են Փաշինյանի բաղձալի «խաղաղությունից»։

Ալիևը գերազանց գիտի, թե ինչ է ուզում և ինչի է պատրաստվում հասնել վերսկսված բանակցությունների ընթացքում։ Ուստի նա մտադիր է օգտագործել հայ գերիներին ու պատանդներին իր համար շատ ավելի կարևոր զիջումների համար։ Ընդ որում՝ շատ լավ հասկանալով, որ Նիկոլին ապագա ընտրությունների լույսի ներքո խիստ անհրաժեշտ է վերադարձնել նրանց գոնե մի մասին, որպեսզի այդ «հաղթաթղթով» պարծենա իր ժեխ-ընտրազանգվածի առաջ։ Իսկ քանի որ Ադրբեջանը պաշտոնապես ընդունել է, որ ունի ընդամենը 23 հայ բանտարկյալ, ապա կփորձի առավելագույնս օգտագործել նրանց։

Մանավանդ որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչներին ազատ արձակել Բաքվի դահիճը դեռ մտադիր չէ։

Ցանկացած պարագայում իրականությունը մնում է ծայրահեղ ցինիկ ու հանցավոր. Փաշինյանի ռեժիմն ի սկզբանե, առանց որևէ դիմադրության և առանց կասկածի նշույլի, համաձայնել է օգտագործել Բաքվում գերեվարված և ապօրինի պահվող հայ քաղաքացիներին որպես մանրադրամ սեփական կեղտոտ նպատակների համար։ Եվ շարունակում է դա անել՝ հլու-հնազանդ շարժվելով թուրքերի հետ իր համատեղ շահերի նավարկուղիով։

Այլապես ռեժիմի ներկայացուցիչներից որևէ մեկը թեկուզ մեկ անգամ, թեկուզ կիսաձայն կհայտարարեր, որ բոլոր գերիների և պատանդների վերադարձն ամենևին էլ «բարի կամքի» դրսևորում չէ և ոչ էլ տարատեսակ «փոխանակումների» առարկա, այլ Ադրբեջանի անմիջական պարտականությունն է՝ համաձայն միջազգային բոլոր կոնվենցիաների և Բաքվի պարտավորությունների, ինչպես նաև 9/10.11.2020 Եռակողմ համաձայնագրի։

Այստեղից տրամաբանորեն բխող բոլոր հետևանքներով՝ հետագա բանակցությունների և/կամ դրանցից հրաժարման համատեքստում։