Խաչատրյան․ Փաշինյանը փորձել է ցույց տալ, որ մեղավոր են իր ենթականները

Կառավարությունը մեկ միլիարդի կարգի նոր վարկ վերցրեց, որ Գյումրիում ծրագիր իրականացնի, միաժամանակ մեկ միլիարդ տվել էին, էլեկտրոմեքենաներ, պադավատներ էին առել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ծառայողական ավտոմեքենաները կացնային մեթոդով կրճատելու մասին:

«Այսինքն, եթե դու այդ պադավատները չառնեիր, այդ մի միլիարդի վարկ վերցնելու կարիք էլ չկար։ Իհարկե, ինքը հասկացել է, որ դա հանրային մեծ ռեզոնանս ունեցող խնդիր է և փորձել է ցույց տալ, որ ինքն էլ է դա անում, իսկ մեղավոր են իր բոլոր ենթականները, որոնք իրեն ճիշտ չեն զեկուցել։ Նույնը նաև արագաչափերն են»,-ասաց նա:

Արթուր Խաչատրյանը նկատեց, որ Փաշինյանի ասածները պատերազմից առաջ և հիմա, 180 աստիճանով տարբեր են. «Ես երեկ, օրինակ, կարդում էի, Սևրի պայմանագրի 100-ամյակի ժամանակ իր ուղերձը։ Նայեք՝ ինչ կարծիք ինքը ուներ հայ-թուրքական հարաբերությունների մասին 2020 թվականի օգոստոսին, հիմա ինչ է ասում։

Քանի որ Փաշինյանը պատրաստվում է ընտրությունների, հերթական կամ արտահերթ, փորձում է որոշակի պոպուլիստական հարցերով էժան հեղինակություն վերականգնել»:

News.am