ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ. ԱՀԱ, ԹԵ ԻՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՆԻԿՈԼԸ

«Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։

Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված որոշակի թվեր ներկայացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի 2021 թվականի ինդեքսից, թե որքանով ենք մենք մոտարկվում ԵՄ-ին, որքանով ենք համապատասխանում տարբեր ոլորտների եվրաստանդարտներին։

Հիշեցնեմ, որ այդ ֆորումում Հայաստանն ավանդաբար ներկայացրել են մեծամասամբ կողմնակալ, որոշ դեպքերում՝ ակնհայտ «սորոսական» ՀԿ-ներ և ակտիվիստներ։

Իսկ այդ ֆալշ և կեղծված ձայնապնակը թութակի նման կրկնում էին փաշինյանական «колода»-յի զանազան ներկայացուցիչներ՝ անձնական օգտագործման դեսպանից մինչև խորհրդարանական պարկապզուկներ։ Թե ինչ էր իրականում արձանգրված այդ զեկույցում, ես բացահայտել և հրապարակել էի մինչև ազատազրկումս։

Եվ ահա արդեն տնային կալանքի պայմաններում փորփրելով, կարդալով և ծանոթանալով այդ ընթացքում բացթողնված փաստաթղթերին, նյութերին և զեկույցներին, հերթը հասավ Արևելյան Գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցին, որի արդյունքների մասին բացակայում է ինչպես պատշաճ անդրադարձը մամուլում, այնպես էլ «զարմանալիորեն» լռում է իշխանական քարոզչամեքենան։

Ներկայացնեմ ձեզ, թե ինչո՞ւ են նիկոլենք ծածկադմփոց արել այդ զեկույցը։ Անկախ պաշտոնական ճոռոմաբանությունից, հասարակությանը հրամցվող կեղծիքից և գեղջկական եվրակենացներից, նույնիսկ՝ մասամբ յուրային և լոյալ հեղինակներից, այս փաստաթուղթը ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում։

Խոսենք թվերի և փաստերի լեզվով։

1. Արևելյան Գործընկերության 2023-ի Ինդեքսում Հայաստանը 0.61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Մոլդովային (0.7 միավոր) , Ուկրաինային (0.66 միավոր) և Վրաստանին (0.63 միավոր)։

2. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև ի համեմատ 2021-ի (0.64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց։

3. Վարկանիշի առանձին բլոկերում Հայաստանի ցուցանիշները նույնպես պայթեցնում են պաշտոնական քարոզչական փուչըկները։ Այսպես, «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում մենք 6-ից 4-րդն ենք, իսկ «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը, զիջելով անգամ Բելառուսին։

4. Միակ ենթացուցանիշը, որով Հայաստանը դասվել է առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն նույնիսկ այդ դեպքում զեկույցի հեղինակները հստակ արձանագրել են զգալի հետընթաց 2021-ի համեմատ (0.10 միավորով, նույնքան, որքան Ադրբեջանը), իսկ Մոլդովան և Ուկրաինան շոշափելի առաջընթաց են ապրել։

5. Հայաստանը վերջից առաջինն է էներգետիկ և տրանսպորտային ոլորտների քաղաքականությամբ։

6. Ամենազավեշտալին մեր երկրի վերջին հորիզոնականն է «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով՝ որպես չափալախ «խաղաղության դարաշրջանի» նիկոլական քարոզչությանը։

7. Հայաստանը թեպետ դիտվել է որպես հարաբերականորեն կայուն, բայց տեսանելի է ռեֆորմների կանգը և կենսական ոլորտներում հետընթացի ներուժը։

8. Հայաստանի ցուցանիշի անկումը կապված է ժողովրդավարության, կառավարման, մասնավորապես՝ պետական հաշվետվողականության, մամուլի անկախության, ժողովների և կարծիքների ազատության, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում սայթաքումների հետ։

9. Զեկույցն արձանագրում է հոգնածությունը բարեփոխումներից, օրենքի և պրակտիկայի միջև խզումը, և այսպիսով՝ ԵՄ-ին մոտարկվելու դանդաղումը։

10. Անահիտ Մանասյանին որպես ՄԻՊ նշանակելը վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները՝ ստեղծելով այդ կարևոր ինստիտուտի գործունեության քաղաքականացման շոշափելի ռիսկեր։

Այսքանով բավարարվեմ, թեպետ կարող էի դեռ մի քանի տասնյակ կարևոր և նիկոլական ստերը քարուքանդ անող այլ արձանագրումներ մեջբերել։ Ցանկության դեպքում կարող եք ինքնուրույն և առավել մանրամասն ծանոթանալ այդ զեկույցին հետևյալ հղումով։

Կարճ հետևություններ՝

Ա) Նույնիսկ փաշինյանական ռեժիմին լոյալ ինստիտուտներն ու շրջանակները չեն կարողանում կամ չեն ուզում ծածկադմփոց անել նրա պաշտոնավարման խորացող բացասական հետևանքները։

Բ) Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոլորտային ցուցանիշներով։

Գ) Պաշտոնական քարոզչությունը շարունակելու է այս հարցերով ևս հայ ժողովրդին դնել Asinus-ի տեղ (լատիներեն՝ էշ):

Սակայն նույնիսկ ամենահամբերատար ասինուսը, դավադիտ լինելու դեպքում, համը հանող հեծյալին ցավոտ, նույնիսկ մահացու քացի տալու հատկություն ունի»։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ, ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

24.11.2024

Aysor.am