ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԻՐ ՈՀՄԱԿԸ ԿԻՍՈՒՄ ԵՆ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Հայ գերիների և պատանդների վիճակի մասին տարբեր աղբյուրներից ստացվող հաղորդագրությունները գնալով ավելի մտահոգիչ են դառնում։ Ըստ էության, СОР29-ի ավարտից հետո ծառանում է նրանց ազատ արձակման համար միջազգային արշավի նոր փուլի հարցը։ Սակայն ամերիկացի փաստաբան Ռուբեն Վարդանյանի շաբաթ օրվա հարցազրույցից հետո, ինչպես նաև ավելի վաղ ստացված տեղեկությունների խորապատկերին, պետք է խոսել արդեն ոչ թե նրանց ազատ արձակելու, այլ կյանքը փրկելու մասին:
Նոյեմբերի 11-ին մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները հրաժարվել են իրավաբանների և փաստաբանների ծառայություններից: Այդ մասին հաղորդագրություն հրապարակած «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրանցից ոմանք խնդրել են ընտանիքներին դադարեցնել իրենց հետ կապ հաստատելու փորձերը և հորդորել են մոռանալ իրենց գոյության մասին:
Մի քանի օր անց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Հրապարակ» թերթին տված հարցազրույցում հաստատեց այդ տեղեկությունը։ Պարբերականի տեղեկություններով՝ 2024 թվականի նոյեմբերից գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանի կինը հաղորդել է, որ ամուսինն արդեն տևական ժամանակ հրաժարվում է կապի դուրս գալ իրենց հետ, և ինքը վախենում է, որ նրան թույլ չեն տալիս շփվել ընտանիքի հետ: Անդրադառնալով նրա խոսքերին՝ Սահակյանը նշեց, որ նման տեղեկություն իրենց հայտնել են նաև այլ ընտանիքներ, և դա վկայում է գերիների բարոյահոգեբանական ծանր վիճակի կամ այն աստիճան մեծ ճնշման մասին, որ նրանք հրաժարվում են օգտվել իրենց իրավունքներից:
Նոյեմբերի 18-ին՝ Բաքվում СОР29 գագաթնաժողովի օրերին, Ռուբեն Վարդանյանի որդին դիմել է ՄԱԿ-ի ղեկավարությանը՝ կոչ անելով թույլ չտալ հայ գերիների և պատանդների մահը: «Աշխարհի տարբեր երկրների առաջնորդները հավաքվել են մի հարկի տակ՝ մի քանի հարյուր մետր հեռավորության վրա այն վայրից, որտեղ պահվում և խոշտանգվում են հայ պատանդները»,- ասել է Դավիթ Վարդանյանը՝ հարց տալով. «Ո՞վ կարող է կասեցնել Ադրբեջանին վաղը, երբ СОР29-ն արդեն ավարտվի»
Այս խորապատկերին հրապարակվեց Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը: Նշենք, որ Գենսերը ամերիկացի հայտնի իրավաբան է մարդու իրավունքների ոլորտում։ Նա Ամերիկյան պետությունների կազմակերպության պաշտպանության համար պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդական է, ինչպես նաև ԱՄՆ-ում Ռաուլ Վալենբերգի անվան Մարդու իրավունքների կենտրոնի ղեկավարը: Հետաքրքիր է, որ Ջարեդ Գենսերը անվճար իրավաբանական խորհրդատու է եղել Խաղաղության Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրների համար, որոնցից երեքը այդ մրցանակը ստացել են բանտում:
Հարցազրույցում Գենսերն արեց մի շարք ուշագրավ հայտարարություններ։ Նախ, նա ասաց, որ Ադրբեջանի իշխանությունները ստում են, երբ ոչ միայն իրենց, այլև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անունից պնդում են, թե Ռուբեն Վարդանյանը որևէ խոշտանգման չի ենթարկվել։ Երկրորդ, նա հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս դատախազության, արգելում են իր մուտքը Բաքու՝ պաշտպանյալի հետ հանդիպելու համար։
«Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում ասվում է, որ ձերբակալվածն իրավունք ունի փաստաբան ընտրել իր համար։ Ռուբենն ինձ ընտրել է որպես միջազգային փաստաբան, սակայն նրա այդ իրավունքի խախտումով արգելում են իմ մուտքն Ադրբեջան»,- ընդգծել է Գենսերը։
Վերոնշյալ բոլոր հաղորդագրությունները հրատարակվել են 2 շաբաթվա ընթացքում, և դրանք բոլորը վկայում են մեկ բանի մասին. հայ գերիների և պատանդների կյանքը լրջագույն վտանգի տակ է, իսկ Ադրբեջանի իշխանություններն արգելում են նրանց այցելել բոլորին, բացի ԿԽՄԿ-ից, նույնիսկ միջազգային փաստաբաններին: Ավելին, գերիների վրա ճնշում են գործադրում, որպեսզի թույլ չտան, որ իրական վիճակի մասին չնչին իսկ տեղեկատվություն արտահոսի։
Եվ ոչ մեկին Հայաստանում այս հաղորդագրություններից գեթ մեկն անգամ չդրդեց գործել: Լիակատար տպավորություն է, թե հայ հասարակությունն անհամբեր սպասում է, որ առաջին տխուր լուրը ստանա Բաքվի բանտերից…
Բնականաբար, հայաստանյան իշխանությունները ևս մի բառ անգամ չասացին։ Ախ հա՜, Ալեն Սիմոնյանն անդրադարձավ թեմային... Հունգարիայի վարչապետի հետ զրույցում: Պետք է ասել՝ Սիմոնյանին միանգամայն արժանի ընտրություն, եթե հաշվի առնենք, որ խոսքը Ադրբեջանի և Թուրքիայի մերձավոր դաշնակցի մասին է, որը 12 տարի առաջ անամոթաբար Ալիևին հանձնեց հայ սպային կացնահարած իր ճիվաղին։
Ընդհանրապես, ընտրություններին փաշինյանական ոհմակի նախապատրաստության համատեքստում պետք է սպասել նման հաղորդագրությունների ակտիվացմանը։ Նիկոլն իր թիմակիցների հետ ամեն կերպ կձևացնի, թե իբր՝ բարձրացնում են այդ թեման միջազգային հանդիպումների ժամանակ։ 4 տարի շարունակ նրանք առուծախ են արել Հայաստանի քաղաքացիների ճակատագրով, ցինիկ աճուրդներ կազմակերպելով Բաքվի հետ՝ կենդանի մարդկանց փոխանակումներով ու սակարկումներով, իսկ հիմա թեման շահադիտական նպատակներով շահարկելու են երկրի ներսում։
Նաև նրա համար, որ ստիպեն մոռանալ սեփական հանցավոր հայտարարությունները. Նիկոլինը՝ «գերիները կսպասեն մի 2-3 ամիս» (2021թ. մայիս), և Սիմոնյանինը՝ «գերիների հարցն իմ համար փակված է» (2021թ.դեկտեմբեր)։ Մինչդեռ փաստը մնում է փաստ. 4 տարի անց ադրբեջանական բանտերում դեռ մնում են 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին գերեվարված, հետագա ամիսներին առևանգված տասնյակ, եթե ոչ հարյուրավոր հայեր, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական առաջնորդները: Եվ այդ մասշտաբային հանցագործության մեղքը միայն Ադրբեջանինն ու նրա դահիճ նախագահինը չէ. այն հավասարապես կիսում է Հայաստանի ղեկավարությունը՝ Փաշինյանի գլխավորությամբ։
ՔԱՆԶԻ ՀԵՆՑ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ.
- 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո շտապեցին Բաքու վերադարձնել անխտիր բոլոր ադրբեջանցիներին, այդ թվում առաջինը՝ Արցախում 17-ամյա տղային սպանելու համար դատապարտվածներին,
- անվերապահորեն ընդունեցին Ալիևի պայմանները գերիների հարցում՝ բացառելով որևէ իրավական մեխանիզմ, նրանց խաղաքարտի վերածելով քաղաքական կեղտոտ խաղիկներում, այդ թվում՝ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով,
- չորս տարվա ընթացքում ոչ մի անգամ միջազգային հարթակներում չհայտարարեցին անխտիր բոլոր գերիներին ազատ արձակելու Ադրբեջանի պարտականության և պարտավորությունների մասին,
-անտրտունջ Բաքվին վերադարձրեցին Սոթքում, Հայաստանի տարածքում ՀՀ քաղաքացուն սպանած հերթական ուղարկված մարդասպանին՝ նույնիսկ չփորձելով փոխարենը վերադարձնել գոնե մեկ հայ գերու,
- միջազգային դաշտում գիտակցաբար և միտումնավոր ձախողեցին խոշտանգումների, նվաստացումների, դաժան վերաբերմունքի, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներից ու համաձայնագրերից և ՄԱԿ-ի դատարանի որոշումների շրջանակներում սեփական պարտավորությունների կատարումից հրաժարման համար Բաքվին պատասխանատվության ենթարկելու և գերիներին ազատ արձակելու ուղղությամբ ողջ դիվանագիտական աշխատանքը,
- փոքրիկ Արցախին մեն-մենակ թողեցին թշնամու բազմապատիկ գերազանցող ուժերի հետ, թույլ տվեցին առևանգել ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ տեսանելի ջանքեր չեն գործադրում նրանց ազատելու համար: Ավելին, բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս հարցում էլ իշխանական խմբավորման ու Ալիևի շահերը նույնական են։ Այլապես ինչո՞վ բացատրել այն փաստը, որ ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Նիկոլը ոչ մի բառ չասաց Ալիևի ռեժիմի կողմից ՀՀ քաղաքացիներին Բաքվի բանտերում ապօրինի պահելու, կտտանքների և ճնշումների մասին, որոնց նրանք ենթարկվում են։
Այս ցուցակը, իհարկե, ամբողջական չէ։ Բայց ասվածի նույնիսկ կեսը բավական է ապացուցելու համար հայ գերիների և պատանդների հարցում Փաշինյանի գլխավորած հայաստանյան իշխանությունների հանցավոր աջակցությունն Ադրբեջանին: Իսկ դա նշանակում է, որ Փաշինյանն ու իր հանցախումբը Ալիևի հետ արդեն կիսում են պատասխանատվությունը նրանց ճակատագրի համար՝ անկախ նրանից, թե երբ կհաջողվի վերադարձնել մեր հայրենակիցներին, և կհաջողվի արդյոք ընդհանրապես ողջ վերադարձնել։