Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԼԽԱՑԱՎԱՆՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Դիվանագիտությունը պաշտոնական գործունեության ձև է, որը վարում են պետության ղեկավարները, կառավարություններն ու հատուկ մարմինները՝ պետության արտաքին քաղաքականությունը, արտասահմանում նրա իրավունքներն իրականացնելու, շահերը պաշտպանելու նպատակով։

Սերժ Սարգսյանի կառավարության տարիներն աչքի են ընկել Հայաստանի ակտիվ դիվանագիտական ջանքերով, հագեցած արտաքին քաղաքական օրակարգերով, Հայաստանի արտաքին իմիջի բարձրացմամբ և մեր քաղաքացիների ամենատարբեր իրավունքներն արտերկրում պաշտպանելով:

2008-2018թթ. այդ օրակարգերը ներառել են.

1. Արցախի ինքնորոշման իրավունքի և խաղաղ բանակցային գործընթացի առաջմղում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,

2. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում վարվող բանակցային գործընթացին միջազգային քաղաքական աջակցության ապահովում,

3. Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչում՝ բոլոր երկրներում և միջազգային կառույցներում,

4. Հայաստանի ռազմապաշտպանական կարողությունների ավելացում և ռազմաքաղաքական համագործակցություն,

5. ԵԱՏՄ, ՄԱԿ-ի տարբեր կառույցներում, ՇՀԿ-ում, ՍՏՀ-ում, ՏՐԱՍԵԿԱ-ում Հայաստանի տնտեսական առաջնահերթությունների և ազգային շահերի առաջմղում,

6. Տարածաշրջանային անվտանգության և ռազմաքաղաքական բալանսի ապահովում,

7. ԵՄ և անդամ երկրների հետ բազմակողմանի, համապարփակ գործընկերության ձևավորում և փոխշահավետ համագործակցություն,

8. Արտաքին առևտրի ծավալների աճ ՌԴ, ԵՄ և երրորդ երկրների հետ,

9. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձ՝ առանց նախապայմանների

10. ԵԱՀԿ-ում ակտիվ աշխատանք Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման, անվտանգության, խաղաղության և կայունության հաստատման նպատակով,

11. ԵԽ-ում ակտիվ աշխատանք՝ Հայաստանում արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, ՏԻՄ-երի գործունեության զարգացման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների և այլ հարցերում,

12. Երկկողմ և բազմակողմ արտաքին համագործակցություն էներգետիկայի, մշակույթի, կրթության, գյուղատնտեսության, ֆինանսա-վարկային, հակաահաբեկչության և այլ ոլորտներում:

13. Ակտիվ խորհրդարանական դիվանագիտություն՝ 50-ից ավելի երկրների և 10 միջխորհրդարանական միջազգային կազմակերպությունների հետ:

Հայկական դիվանագիտությունը նախորդ իշխանությունների տարիներին, յուրաքանչյուր ոլորտում արձանագրում էր կոնկրետ արդյունքներ: Հայ դիվանագետներն ու ներկայացուցիչները հարգանք էին վայելու իրենց դեսպանընկալ երկրներում և կառույցներում: Պաշտոնական Երևանն իր դիվանագիտական օղակներով հագեցած օրակարգ և խոսելու շահեկան թեմաներ ուներ գրեթե բոլոր տեղերում: Այդ ամենից շահում էր Հայաստատի քաղաքացին, աշխարհում ապրող ողջ հայությունը:

Իսկ ինչո՞վ է այսօր զբաղված Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին բլոկը: Կառավարության 2021-26թթ. ծրագրով նախանշված արտաքին քաղաքական օրակարգերի մեծ մասն ուղղակի ձախողված է: Ոչ մի երկրի կամ կառույցի հետ չունեն սուվերեն խոսելիք, քննարկվող թեմա, Հայաստանի կոնկրետ շահերից բխող վստահելի և փոխշահավետ օրակարգեր:

Աշխարհը կանգնած է պատմական փոփոխությունների և իրադարձությունների շեմին, իսկ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կամ պարապուրդի է մատնվել, կամ էլ պինգպոնգի նման շպրտվում է այս ու այն կողմ՝ դառնալով գլխացավանք և ավելորդ բեռ միջազգային հարաբերությունների համար: Իսկ որոշ դեպքերում էլ այլ շահերի տեսանկյունից ուղղակի օգտագործվում է գլոբալ զարգացումներում:

Նիկոլի ղեկավարած Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է մենակ ու բոլոր կողմերից լքված:

Հ. Գ. Միայն 2024թ. պետական բյուջեն, ոչ մի օգտակար գործ չանելու համար, ՀՀ ԱԳՆ-ին հատկացրել է շուրջ 17մլրդ 63 միլիոն ՀՀ դրամ:

Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ, ֆեյսբուքյան էջ