Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարն ուժի մեջ է մտել

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը, որը Նոյեմբերի 26–ի երեկոյան հաստատվել է Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետի կողմից, ուժի մեջ է մտել այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 04:00-ից (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6-ին): Որպես միջնորդ հանդես է եկել Ֆրանսիան։

Նշենք, որ գիշերվա ընթացքում Իսրայելը հրթիռակոծել է Բեյրութը։

Սակայն վերջին ժամերին ո՛չ Իսրայելից, ո՛չ էլ Լիբանանից գրոհների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Համաձայնագով Լիբանանի հարավում զենք կարող են կրել կամ ԶՈւ տեղակայել միայն այդ երկրի անվտանգության ուժերն ու բանակը։ Զենք արտադրող ապօրինի ձեռնարկությունները կփակվեն։

Լիբանանը պետական ​​անվտանգության ուժեր և բանակ կտեղակայի բոլոր սահմանների, անցակետերի և հարավային շրջանը երկրի մնացած հատվածից բաժանող գծի երկայնքով:

ՑԱԽԱԼը հայտարարել է, որ հրադադարից հետո իսրայելական բանակը կմնա իր դիրքերում։ Համաձայնագրի պայմանների համաձայն՝ Թել Ավիվը 60 օր ունի զորքերը դուրս բերելու համար։ Եթե ​«​Հզբոլլահը» խախտի համաձայնագրի կանոնները, Իսրայելն իրեն վերապահում է այսպես կոչված ինքնապաշտպանության իրավունք։

Լիբանանի բնակիչներն արդեն սկսել են վերադառնալ իրենց տները. հակամարտության մեկնարկից ի վեր տասնյակ հազարավոր մարդիկ լքել էին հանրապետության հարավը։ Երկրի այս շրջանը վերահսկողության տակ կվերցնեն Լիբանանի զինվորականները, իսկ «Հզբոլլահի» ուժերը հետ կքաշվեն իսրայելական սահմանից 20-30 կիլոմետր դեպի հյուսիս։

Նշենք, որ նոյեմբերի 26–ի երեկոյան Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը ձայների բացարձակ մեծամասնությամբ հաստատեց Լիբանանի հետ հրադադարի մասին համաձայնագիրը։ Հաստատումից առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ժողովրդին, որի ընթացքում բացատրել է հյուսիսային ճակատում հրադադարի անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման կողմից հրադադարի ցանկացած խախտման դեպքում Իսրայելը կպատասխանի և կվերսկսի ռազմական գործողությունները։

Sputnik Արմենիա