ԽԵՂԿԱՏԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՊԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ. ՉԵՆՔ ԱՌԱՐԿՈՒՄ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ԷԼ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ, ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆՔ, ԲԱՅՑ ՉԵՆՔ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ
«Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն Երևանը դեմ չէ, որ ծրագրված փաստաթղթերն այդ նիստերում ընդունվեն»,- հայտնեց ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը:
ՍԱ ԱՐԴԵՆ ՆՈՒՅՆԻՍԿ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ։ Մերթ հայկական ղեկավարությունը մասնակցում է ՀԱՊԿ միջոցառումներին, բայց հրաժարվում ստորագրել փաստաթղթերը, մերթ չի մասնակցում, բայց փաստաթղթերի ընդունմանը դեմ չէ։ Մերթ երկրի վարչապետի շուրթերով հայտարարում է, թե «ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա ապագա գոյության և ինքնիշխանության համար», մերթ ՀՀ արտգործնախարարի շուրթերով պնդում, թե «ՀԱՊԿ-ից Հայաստանի ելքի մասին քննարկումներում պետք է զգույշ և պատասխանատու լինել, քանի որ առաջնահերթությունը պետք է լինի կայունությունը»։
Ստացվում է, որ եթե կայունություն հասկացությունն ինչ-որ առնչություն ունի ինքնիշխանության հետ, իսկ դա իրոք այդպես է, այն էլ՝ ամենաուղղակիորեն, ապա նույն երկրի վարչապետի և արտգործնախարարի հայտարարություններն իրար կպցնելով ստանում ենք միանգամայն անհեթեթ ինչ-որ բան՝ «ՀԱՊԿ-ը սպառնում է հայկական պետության ինքնիշխանությանը՝ միաժամանակ ապահովելով նրա կայունությունը» ոգով։ Դուք ձեր ասածը լսո՞ւմ եք:
Նույն զառանցանքն է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում։ «Հայաստանը պաշտոնապես դուրս չի գալիս եռակողմ հայտարարությունից և ստորագրությունը հետ չի կանչում, բայց դրա հետ մեկտեղ փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղիով շարժ երկու տարի շարունակ արդեն գրեթե չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած տարվա ամռանից»,- հայտարարում է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Բացարձակ անհեթեթ վիճակ: Սակայն վերադառնանք ՀԱՊԿ-ին։
Մի կողմից՝ Հայաստանը սառեցնում է իր անդամակցումը ՀԱՊԿ-ին , զորավարժություններ անցկացնում ՆԱՏՕ-ի հետ՝ անտեսելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի հստակ ու բացահայտ ուղերձներն այն մասին, որ իրենք չեն կարող ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, մյուս կողմից՝ մերժում է ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը, ընդ որում կրկին հետ չկանչելով այդ օգնության համատեքստում արդեն նախապատրաստված փաստաթղթերը։
Դեռ երկու տարի առաջ Հայաստանին ՀԱՊԿ-ի օգնության համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը պատրաստ էր։ Ինչպես այն ժամանակ նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, «փաստաթուղթն ընդհանուր առմամբ համաձայնեցված է, և նախորոշված է միջոցների համալիրը Հայաստանին օգնություն ցուցաբերելու համար՝ ստեղծված բարդ իրավիճակում, որը կապված է, իհարկե, Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող լարվածության հետ»: Սակայն վարչապետ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը՝ «դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով», հայտարարելով, թե Հայաստանը ցանկանում է, որ ՀԱՊԿ-ը քաղաքական-դիվանագիտական աշխատանք տանի Ադրբեջանի հետ, որպեսզի վերջինս զորքերը դուրս բերի իր տարածքներից։
Թե այդ երբ է «քաղաքական-դիվանագիտական» աշխատանքը ստիպել ահաբեկիչ պետությանը գնացյալ հեռանալ ուրիշի հողից կամ կարողացել հետ պահել նոր ագրեսիայից, համաշխարհային պատմությանը հայտնի չէ, բայց փաշինյանական թիմն իր ուրույն «տրամաբանությունն» ունի։ Եվ ակնհայտորեն հենց այդ «տրամաբանության» հունով են ՀՀ իշխանությունները, մի կողմից՝ գիտակցելով թշնամու առկայությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում, հրաժարվում ՀԱՊԿ օգնությունից, կոչ անելով իրենց ռազմական դաշինքի անդամներին խոսքերով համոզել Ադրբեջանին, թեև սահմանին տեղակայված զորքերը դա շատ ավելի արագ ու արդյունավետ կանեին։ Իսկ մյուս կողմից՝ գանգատվում են, որ ՀԱՊԿ-ը չի օգնում։ Երրորդից էլ, և սա արդեն տրամաբանության բացակայության ապոթեոզն է, կրկին իսկ ընդունելով թշնամու առկայությունը մեր հողում, հայտարարում են, թե իր էությամբ ռազմական ինտերվենցիայի հարցը լուծվելու է սահմանագծում-սահմանազատումից հետո, իսկ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը կարող է փոխանցվել մասնավոր պահնորդական ընկերության։ Այսինքն միջպետական սահմանի անվտանգությունը կարող է հայտնվել ինչ-որ միջազգային մասնավոր կազմակերպության ձեռքո՞ւմ։ Դե, սա արդեն…
Չորրորդ կողմից, կրկնեմ եվս մեկ անգամ, ընդունելով թշնամու առկայությունն իր տարածքում, Հայաստանը պատրաստվում է «խաղաղության պայմանագիր» կնքել նույն այդ թշնամու հետ՝ ամեն կերպ լոբբինգավորելով դա։ Մինչդեռ առաջին բանը, որ պետք է հասկացնել Ադրբեջանին, այն է, որ Հայաստանը մտադիր չէ բանակցել և խաղաղության մասին անօգուտ թղթեր ստորագրել այնքան ժամանակ, քանի դեռ ադրբեջանական զինված ուժերը չեն մաքրվել ՀՀ տարածքից։
Գիտե՞ք, թե ինչ է գրված Ֆրանսիայի Սահմանադրության նախաբանում։ Մեջբերեմ. «Ֆրանսիացի ժողովուրդը հանդիսավոր կերպով ազդարարում է իր հավատարմությունը մարդու իրավունքներին և ազգային ինքնիշխանության սկզբունքներին, ինչպես որ դրանք սահմանվել են 1789 թվականի հռչակագրով, որը հաստատված և լրացված է 1946 թվականի Սահմանադրության նախաբանով, ինչպես նաև 2004 թվականի Շրջակա միջավայրի խարտիայում սահմանված իրավունքներով և պարտականություններով։ Ելնելով այս սկզբունքներից և ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքից՝ Հանրապետությունն առաջարկում է անդրծովյան այն տարածքներին, որոնք ցանկություն են հայտնում միանալ իրեն, նոր ինստիտուտներ, որոնք հիմնված են ազատության, հավասարության և եղբայրության ընդհանուր իդեալի վրա և ստեղծվել են դրանց ժողովրդավարական զարգացման նպատակով...»:
Իսկ ահա ևս մեկ մեջբերում Մարդու և քաղաքացու իրավունքների հռչակագրից, այլ կերպ ասած՝ Անկախության հռչակագրից, որը դարձել է Ֆրանսիայի սահմանադրության անքակտելի մասը: «Օտար ժողովուրդների հետ Ֆրանսիայի Հանրապետության հարաբերությունների մասին» գլխում, 121-րդ կետում հայտարարվում է. «Ֆրանսիայի ժողովուրդը խաղաղություն չի կնքում իր տարածքը զավթած թշնամու հետ»:
Դե, ահա. թե՛ ինքնորոշման իրավունք և ցանկացողների միացում Ֆրանսիային, թե՛ հստակ ուղերձ, որ ագրեսորների հետ ֆրանսիացիները խոսելու ոչինչ չունեն։
Եվ չգիտես ինչու Մակրոնը չի անվանում ֆրանսիական հռչակագիրը «թունավոր» փաստաթուղթ և Ֆրանսիայի «մեծ խնդիր ու ողբերգություն», ինչպես դա անում է Փաշինյանը Հայաստանի Անկախության հռչակագրի մասին խոսելիս։ Այն դեպքում, երբ միակ բանը, որ իսկապես պետք է փոխել մեր Հռչակագրում և, համապատասխանաբար, Սահմանադրության մեջ, ևս մի կետ ավելացնելն է. «Հայ ժողովուրդը խաղաղություն չի կնքում իր տարածքը զավթած թշնամու հետ»:
Այդժամ գուցե տրամաբանությունն էլ թելադրվի՝ սեփական ազգային և պետական անվտանգության, ինքնիշխանության, դաշնակիցների, գործընկերների, թշնամիների նկատմամբ։ Ոչ թե այս անհեթեթությունը, թե «ուզում եմ այնինչը, չգիտեմ ինչը», «տվեք այսինչը, չգիտեմ ինչը»…