Րաֆֆի-Ֆիլիպ ՔԱԼՖԱՅԱՆ․ ԱՄՆ-ԻՑ ԵՐևԱՆԻՆ ԱՍԱՑԻՆ՝ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԸ ՄԻ ԿՏՐԵՔ, ՄԵՆՔ ՁԵԶ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ՕԳՆԵԼ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը կարծում է, որ Արցախից բռնագաղթած հայերն իրենց ինքնորոշման իրավունքի իրացման համար պայքարը պետք է շարունակեն միջազգային դատարաններում։

 

Ըստ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի՝ այդ պայքարի մի մաս է հանդիսանում 2023թսեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հայցը, որով հայկական կողմը ներկայացնում է արցախահայերի իրավունքները։

Այդ գործով նույն տարվա նոյեմբերի 17-ին դատարանը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց էր կիրառել, ըստ որի՝ Ադրբեջանը պարտավոր է ապահովել արցախցիների վերադառնալու իրավունքը, այդ երկիրը պետք է ապահովի Արցախում մնացած հայերի անվտանգությունը, այսինքն՝ հայերը կարողանան ապրել այնտեղ առանց ուժի կիրառման կամ սպառնալիքի, ինչպես նաև Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության ու անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները։

«Այսօր կարևորն այն է, որ այս գործը պետք է շարունակվի մինչև վերջ, մինչև վերջնական դատավճիռ։ Կողմերը մեկ տարի ունեն իրենց մեմորանդումը պատրաստել այդ դատարանի առաջ։ Այս մեկ տարվա ընթացքում ես առաջարկում եմ, որ Արցախի ժողովուրդը մտնի այդ գործի մեջ, քանի որ ինքն իրավունք չունի ուղիղ իր իրավունքները պաշտպանել, ուրեմն պետք է կարողանա այլ պետությունների համոզել, որ իրենց սկզբունքները պաշտպանեն այդ գործով։ Արցախցիներն իրենց իրավունքները պետք է պաշտպանեն անկախ Հայաստանի Կառավարության որոշումից, որովհետև եթե վաղն այնպես ստացվի, որ այս կառավարությունը հրաժարվի այդ հայցից, ապա այդ գործը կվերջանա՝ առանց վերջնական դատավճռի, ինչը շատ վտանգավոր քայլ է արցախցիների իրավունքների տեսանկյունից: Զուգահեռ աշխատանք պետք է տարվի այլ պետությունների հետ, որպեսզի նրանք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանեն»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Ավելի քան 100 000 բռնագաղթած արցախցիների իրավունքների պաշտպանությունից զատ կա նաև հայ գերիների խնդիրը։ Պաշտոնապես հաստատված 23 հայ գերի կա Ադրբեջանում։ Հայկական կողմին չհաջողվեց հասնել նրանց ազատ արձակմանը՝ նույնիսկ Բաքվում նախորդ երկու շաբաթում անցկացվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին համաժողովի՝ COP29-ի շրջանակում։

«Ադրբեջանը հայ գերիներին պատանդ է պահում, մինչև որ չմշակվի իր ուզած խաղաղության համաձայնագիրը։ Ես հույս չեմ տեսնում, որ մինչև այդ խաղաղության պայմանագիրը չլինի, այդ գերիներին ազատ կարձակեն։ Գերիների ազատ արձակման պահանջը պետք է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում նախապայման լիներ։ Այդ հարցը ազգային պատվի հարց է»,- շեշտեց Քալֆայանը։

Իսկ ըստ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Ադրբեջանի հետ բանակցվող այսպես կոչված խաղաղության պայմանագրի նախագծում գերիների հարցը ներառված չէ:

Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև «խաղաղության» գործընթացին, Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանն ասաց, որ Բաքվի նպատակը ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ Սյունիքով «միջանցք» ստանալն է։ Նա չի հավատում, թե առաջիկայում Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն այդ փաստաթուղթը։ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի խոսքով՝ Բաքուն և Անկարան Հայաստանից ճանապարհ են ուզում ստանալ, որի վերահսկողությունը կլինի իրենցը։

«Չնայած Նիկոլ Փաշինյանը հերքում է, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, որ այդ միջանցք կոչվածը պետք է լինի ռուսական ուժերի վերահսկողության տակ։ Ռուսական կողմը նախընտրում է վերահսկողությունը պահել այդ «միջանցքի» վրա, որովհետև եթե ինքը չվերահսկի, ապա վտանգ կա, որ Թուրքիան ու Ադրբեջանը կվերահսկեն, ինչին ընդդիմանում է Իրանը։ Բայց կա նաև Արևմուտքը, որը նախընտրում է, որ այդ «միջանցքը» կամ Հայաստանի, կամ էլ Թուրքիայի ու Ադրբեջանի կոնտրոլի տակ լինի։ Արևմուտքը չի ուզում, որ Ռուսաստանը վերահսկի այդ ճանապարհը»,- ասաց Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Ինչ վերաբերում է Նախիջևան–Սյունիք–Ադրբեջան երթուղում մասնավոր պահնորդական ընկերությանը ներգրավվելու տարբերակին, ինչի մասին հայտարարել էր արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ասելով թե, այդ ճանապարհով հնարավոր բեռնափոխադրումներ իրականացնելիս ՀՀ–ն դիտարկում է արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերությանը ներգրավվելու տարբերակը, ապա միջազգային իրավունքի մասնագետը շեշտեց, որ պետության ինքնիշխան տարածքում չի կարող մասնավոր ընկերություն վերահսկողություն իրականացնել։

«Ով որ ասում է՝ մասնավոր ընկերություններ, ասում է՝ փող։ Այդ ֆիրմաները ծախվում են այնտեղ, որտեղ փող կա։ Ինչպե՞ս պետք է ընտրեն մի ֆիրմա, որը պետք է չեզոք մնա այդ գործերի մեջ, հնարավոր չէ, բոլոր տեղերից ճնշումները շատ են լինելու»,- ասաց Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Տարածաշրջանում խաղաղության հաստատման համար, ըստ միջազգային իրավունքի փորձագետի՝ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր հակահայ քաղաքականությունից։

«Այդ հռետորիկան, ատելությունը Բաքուն պետք է վերացնի։ Այսօր չենք տեսնում դա, խաղաղություն երբեք չի լինի, քանի դեռ այդ երկիրը շարունակում է իր հակահայ քաղաքականությունը»,- ընդգծեց Քալֆայանը։

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Քալֆայանը խոսեց երկու գործոնի մասին, որով Հայաստանը ամուր կապված է Ռուսաստանի հետ։ Առաջին գործոնը տնտեսականն է։ Հայաստանը, որ տնտեսապես այսօր մեծ կախվածություն ունի Ռուսաստանից, ըստ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանի՝ եթե որոշի արտաքին քաղաքական վեկտորը փոխել Արևմուտքի ուղղությամբ, ապա կվնասի իր տնտեսությունը։

«Պատկերացնելի չէ, որ Եվրամիությունը կամ Միացյալ Նահանգները կկարողանան Ռուսաստանի փոխարեն լրացնել, որովհետև իրենք մեզնից ոչ մի բան գնելու չունեն, չափանիշները շատ տարբեր են»,- նշեց նա։

Երկրորդ գործոնն անվտանգությունն է, որով Հայաստանն ու Ռուսաստանը կրկին կապված են իրար հետ, ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ՀԱՊԿ-ի միջոցով։ Մինչդեռ Քալֆայանը շեշտեց՝ Արևմուտքի հետ չկա, չունենք ինչ-որ համաձայնություն։

«Անվտանգության երաշխիք չկա, եթե լինի էլ, երկար կտևի։ Բացի այդ, Միացյալ Նահանգներից մի քանի անգամ ասացին՝ մենք պատրաստ ենք ձեզ օգնել, որպեսզի ձեր ապահովությունը զորացնենք, բանակը պատրաստենք, բայց ասացին՝ Ռուսաստանի հետ ձեր կապերը մի կտրեք, դա շատ լուրջ ու անկեղծ մեսիջ էր, որ մենք չենք կարողանալու ձեզ նույն ձևով օգնել։ Այստեղ բոլորը խոսում են Ֆրանսիայի մասին, մտածում են, որ Ֆրանսիան օգնելու է, բայց դա իրատեսական չէ, Ֆրանսիան այնքան մեծ պրոբլեմներ ունի թե՛ ներքին, թե՛ արտաքին, որ պետք չէ երևակայել, որ Ֆրանսիան պատրաստ է այդ դերը խաղալ»,- հավելեց Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը։

Alpha News