Ռոբերտ ՔՈՉԱՐՅԱՆ․ ՍԱ ԻՐԱՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԷՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Այս դատավարությունն ուղղակի մի խայտառակություն էր, փաստաբանների հետ քննարկում ու ասում՝ սա իրավաբանության խոշտանգում էր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով իր և մյուսների գործով վերաբացված դատավարությանը։
«Ես չեմ մտածել, որ կարելի է մեկ դատական նիստի ժամանակ այսքան օրենքի խախտումներ թույլ տալ»,- ընդգծեց երկրորդ նախագահը։
Անդրադառնալով իրեն առաջադրված նոր մեղադրանքին՝ Ռոբերտ Քոչարյանն այն որակեց որպես հեքիաթ․ «Դուք այդ հեքիաթը լսե՞լ եք։ Ես նաուշնիկը դրել, փակել էի դրա համար, որ այդ անհեթեթությունը չլսեմ։ Չեմ ուզում իրավական հարցերի մեջ խորանալ, որովհետև կարծում եմ՝ դա փաստաբաններն ավելի լավ դա կանեն։ Ասում են՝ ապօրինի հրամանագիր է եղել արտակարգ դրության մասին, ինչո՞ւ է այն ապօրինի, որ այդ հրամանագիրը հաստատվել է Ազգային ժողովի կողմից։ Ասում են՝ իրավունք չուներ հրամանագիր տալու, եթե դատախազն իրավաբանությունից մի քիչ գոնե բան հասկանար, երևի կբացեր Սահմանադրությունը, անցումային շրջանում գրած է, որ մինչև օրենքի ընդունումը հրամանագրով նախագահն իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»։
Հարցին՝ «Մարտի 1-ի» իրադարձություններին ռազմական ոստիկանության ներգրավմանը՝ երկրորդ նախագահը բերեց COVID-ի արտակարգ դրության օրինակը․ «Այդ շրջանում էլ ռազմական ոստիկանությունը ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի իրականացմանը։ Ռազմական ոստիկանը նույն ոստիկանն է, COVID-ի ժամանակ ռազմական ոստիկանությունը իրականացնում էր նաև այդ ռեժիմը»։
Դիտարկմանը, թե զինծառայողները կրակել են ցուցարարների ուղղությամբ, Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ դա սուտ է, կան նույնիսկ տեսանյութեր այն մասին, թե ինչպես են ցուցարարները ավտոմատով կրակում ոստիկանների ուղղությամբ․ «Չե՞ք տեսել․ առաջարկում եմ այդ հոլովակները թարմացնել։ Ինձ հայտնի չէ այն փաստը, որ զինծառայողներ են կրակել։ Այդ պարկուճների փոխելը միֆոլոգիայի ժանրից է։ Խոսքը հունիսի մասին է, այսինքն՝ ամռանը, ես ապրիլի 9-ից պաշտոնի չեմ եղել, բացարձակ տեղյակ չեմ։ Արտակարգ դրությունը մտցվել է երբ արդեն ունեցել ենք մոտ 20 վիրավոր ոստիկանական զորքերից, առաջին վիրավորները դեռ ցերեկն ենք ունեցել և մի քանի հրկիզված ոստիկանական մեքենա։ Արտակարգ դրություն մտցնելու հանգամանքը հիմնավորված էր ամբողջովին»։
Հարցին՝ արդյո՞ք ինքը քաղաքական պատասխանատվություն զգում է 10 ցուցարարի մահվան մեջ, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Կարծում եմ՝ չի կարող ղեկավար լինել, որի համար դա մեծ տհաճություն չլինի։ Իհարկե։ Հատկապես որ մեկ ամիս էր մնում իմ ժամկետը լրանալուն։ Այդ հարցը պետք է տալ այն մարդկանց, որոնք այդ բախումները հրահրել են։ Երկրի ղեկավարի համար կարևորը պետք է լինի երկրի կայունությունը և սահմանադրական կարգը։ Եթե ինքը զոհաբերում է կարևորը հնարավոր հետևանքների պատճառով, ուրեմն ինքը բավականաչափ պաշտոնի ծանրությունը չի զգում։ Վիրավոր ոստիկանների քանակը եռակի ավելի էր, քան ցուցարարների։ Ես այցելել եմ հոսպիտալ ու տեսել՝ ինչ կարգի վիրավորված երիտասարդ զինվորներ ունենք, բոլորը գրեթե բեկորային ու այրվածքներով՝ մոտ 200 հոգի։ Եթե կան մարդիկ, որոնք դա չեն ուզում տեսնել, դա իրենց խնդիրն է»։
Քննարկելու ենք Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը
Մոտակա օրերին քննարկելու ենք Գեղամ Նազարյանի վարքագծի հարցը,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը։
«Ընդհանրապես մանդատը թողնելու քննարկում չի եղել, բայց երբ ֆրակցիայից մեկը կարծիքներ է ասում, որոնք ֆրակցիայի մոտեցմանը հակառակ են, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չէ, փոխել է կարծիքը, ապա ինքը ի վիճակի նաև լքել ֆրակցիան։ Մանդատից հրաժարումը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցման հարցն է։ Մենք մոտակա օրերը քննարկելու ենք այդ հարցը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին՝ երկրորդ նախագահն ասաց․ «Գյումրիում հանկարծ ավագանու անդամների կեսն ինչ-որ վիրուսից հիվանդացել են, չգիտեմ՝ ինչ կարգի sms-ներ են ստացել, հանկարծ բոլորը հրաժարվեցին ու ստեղծվեց ճգնաժամ, արհեստական ճգնաժամ է։ Հիմա ասում են՝ ինչ-որ փրայմերիզ են անում՝ պաշտոնակատարի համար, դա չգիտեմ՝ ինչ է»։
ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ
ԲԴԽ նախագահը նապաստակի պես փախավ, երբ «SMS» ստացավ,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Դատավորներին պաշտպանող ինստիտուտի ղեկավարը նապաստակի պես փախավ պաշտոնից մի sms ստանալով։ Այս խեղճ դատավորներից ի՞նչ եք ուզում»,- նշեց երկրորդ նախագահը։
Հարցին՝ իր պաշտոնավարման շրջանում արդյո՞ք «զանգովի արդարադատություն» չի եղել, Ռոբերտ Քոչարյանն ասաց․ «Երբեք։ Այս ամենն ինչ դուք տեսնում եք, սա արդեն հանրային դարձած հանցագործությունների մասին հայտարարություններ են։ Դուք կտեսնեք իշխանափոխությունից հետո ինչ է կատարվել»։
Հարցին՝ իր թիկնապահի գործով դատավորին զանգեր չե՞ն եղել, երկրորդ նախագահը կտրուկ հերքեց զուգահեռ օրինակ բերելով Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուն․ «Հղի կնոջը մեքենայով վթարի ենթարկեցին ու սպանեցին, ո՞վ պատժվեց, նույնիսկ աշխատանքից չեն հեռացրել, համոզված եմ, որ եթե ստուգեք, պարզվելու է, որ մի հատ էլ պարգևավճար է ստացել։ Իսկ դուք գիտե՞ք, որ առաջին դեմքի շարասյան մեջ սովորաբար բժիշկ է լինում, գոնե չէին կանգնել, բժշկին չէին ասել այդ մեքենայով կանգնեք, կնոջն օգնեք, տարեք հիվանդանոց, բայց շատ սիրուն ասում են՝ ժողովուրդ ջան սիրում ենք ձեզ, գիշեր-ցերեկ միայն ձեր մասին ենք մտածում»։
News.am-ի նյութերով