Ո՞ՒՐ Է ԱՅՆ ՏՂԱՄԱՐԴԸ, ՈՐԸ ԿՓՐԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

2018թ. մայիսի 8-ին վարչապետի պաշտոնը զբաղեցնելու Փաշինյանի երկրորդ փորձն ավարտվեց հաջողությամբ, իսկ հոկտեմբերի 2-ին նա արդեն կազմակերպեց և իրականացրեց անկախ օրենսդիր իշխանության զավթումը: Այդ օրը խորհրդարանի աստիճաններին «հեղափոխության» առաջնորդը հրամանագրեր ստորագրեց իր կառավարության կազմ ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի պատվիրակած նախարարների պաշտոնանկության մասին։ Վեցուկես տարի անց (2024թ.նոյեմբերի 18-ին) պաշտոնանկությունների մասին կառավարության անդամներին նա տեղեկացրեց SMS-ի միջոցով։ Դժվար չէ նշել տարբերությունը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականի օրակարգով հանրաքվե անցկացնելու փորձի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանին պաշտոնանկության մասին իրազեկելու միջև։ Թովմասյանը դիմադրություն ցուցաբերեց անօրինականությանը, իսկ Անդրեասյանը ստրկական հնազանդություն դրսևորեց։

Խորհրդարանը գրավելու կոչին հաջորդեց անկախ դատարանները շրջափակելու գործադիր իշխանության ղեկավարի կոչը: 2019 թվականի մայիսի 20-ին Փաշինյանն անձամբ մասնակցեց հակաօրինական ակցիային։ Ահա այսպիսին էին պետության կործանման առանցքային փուլերը, որոնք ընթանում էին բանակի փլուզմանը և պետական անվտանգության համակարգի կազմաքանդմանը զուգահեռ, որտեղ բանակը, ըստ Փաշինյանի, ամենևին էլ առաջին տեղում չէ:

Արցախի հանձնման և Հայաստանի փլուզման առաքելության իրականացմանը Փաշինյանը ձեռնամուխ եղավ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո՝ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի ակտիվ աջակցությամբ։ Վեցուկես տարվա համառ ջանքերն արդյունք տվեցին. աշխարհում չկա այնպիսի պետություն, որտեղ կառավարության անդամներին պաշտոնազրկման մասին տեղեկացնում են SMS-ի միջոցով։ Կառավարման արշալույսին Փաշինյանը, հիշեցնեմ, ղեկավարում էր պետությունը ֆեյսբուքյան գրառումներով։ Դժվար թե գտնվի մեկ այլ պետություն, որտեղ գիշերը նման ուղերձներ ստանալով՝ բարձրաստիճան պաշտոնյաները (սկզբում) որոշեն, թե իրենց շեֆը խմել է ու հարբած գլխով խևություն է անում։ Է՛լ ավելի քիչ կգտնվեն աշխարհում երկրներ, որտեղ իշխող կուսակցության առաջնորդն անձամբ է արյան անալիզի ուղարկում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել ցանկացող պատգամավորին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը արյուն է հանձնել, իսկ հիմա հերքում է դրական թեստի մասին ԶԼՄ-ների տեղեկությունները: Դրական թեստը նշանակում է արյան մեջ թմրամիջոցների առկայություն: Սարուխանյանը հերքում է ամեն ինչ, բացի նրանից, որ ՔՊ վարչությունը քննարկել է իր թեկնածությունը Գյումրիի քաղաքապետի պաշտոնում:

Դատական իշխանության անկախության սկզբունքը չեղարկվեց Փաշինյանի այն հայտարարությամբ, թե չկա այնպիսի դատավոր, որ չկատարի իր ասածը: Ավելի ուշ հրապարակվեց հեռախոսազրույցի բովանդակությունը, որի ընթացքում հնչեց այն պատմական արտահայտությունը, որ դատավորը, «ուզի, թե չուզի՝ պետք է տա» երկրորդ նախագահին կալանավորելու սանկցիան: Զրուցում էին ՀՔԾ պետն ու ԱԱԾ ղեկավարը, երկուսն էլ կատարում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու Փաշինյանի պատվերը: Անցյալի իրադարձությունների խորապատկերին հրաժարականների ներկայիս գնահատականները՝ իշխանության ճյուղերի անկախության վկայակոչումով, ծիծաղելիության աստիճան անհեթեթ են թվում։ Ինչպես նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը. «Անդրեասյանը, Փաշինյանի հրահանգով, աշխատանքից ազատել է մեկ տասնյակից ավելի բանիմաց ու խելացի դատավորների»: Խոսքը այն դատավորների մասին է, որոնք հրաժարվել են «դռների տակ վնգստալ»։

2018-ի մայիսից պետության փլուզումն անցել է իշխանության ճյուղերի անկախության խաթարման առաջին փուլը և բանակի ու անվտանգության ողջ համակարգի թուլացման երկրորդ փուլը։ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս առիթով հայտարարեց, որ հեռու չէ այն պահը, երբ Փաշինյանը SMS-ներ կգրի հայ ժողովրդին՝ Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու իր որոշման մասին:

2016-ին Փաշինյանը ելույթ էր ունենում ի պաշտպանություն «Սասնա ծռեր» խմբի ահաբեկիչների, որոնք կրակել էին պետության վրա՝ սպանելով երեք ոստիկանի։ Ահաբեկիչները պատանդներ էին վերցրել հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի գրավումից հետո։ Իշխանությունը զավթելուն պես Փաշինյանը կառավարության շենքում անմիջապես ընդունեց «Սասնա ծռերի» պարագլուխներին

Վեցուկես տարի Փաշինյանն առանձնակի դաժանությամբ հաշվեհարդար է տեսել նրանց հետ, ովքեր դիմադրել են պետության կործանմանը։ Նրա գլխավոր թիրախները եղել և մնում են անկախ Հայաստանն ու ազատագրված Արցախը խորհրդանշող ՀՀ նախկին ղեկավարները, ինչպես նաև գեներալները, որոնք մասնակցել են բանակի՝ որպես կարևորագույն պետական ինստիտուտի կայացմանը:

Մեկ այլ թիրախ էլ դարձան պետական խորհրդանշանները, մասնավորապես՝ Արարատ լեռան պատկերը ՀՀ պետական զինանշանի վրա։ Փաշինյանը պարապ ժամանակ հորինեց պետական օրհներգի իր վերջաբանը, իսկ վերջերս հայտարարեց. «Անկախության հռչակագրի բովանդակությունն այն մասին է, որ Հայաստանի Հանրապետություն պետություն չի կարող գոյություն ունենալ»: Միայն կույրը կարող է չնկատել կատաղի գրոհը պետության վրա:

Երրորդ փուլում իշխող վերնաշերտի պարագլուխը հայրենակիցներին շարունակ ներշնչում է այն միտքը, թե նրանք զուրկ են պետական մտածողությունից։ Ահա այս կերպ է ընթանում ՀՀ քաղաքացիների նախապատրաստումը Փաշինյանի SMS-ին կամ ֆեյսբուքյան գրառմանը, որ պետությունը դադարել է գոյություն ունենալ ժողովրդի մեղքով, որը չի կարողացել պետական մտածողություն մշակել։ ՀՀ ղեկավարի պաշտոնում Նիկոլի նախորդներից և ոչ մեկը նման մեղադրանքներ չի ուղղել հայրենակիցներին։

Կադրային ոչ մի փոփոխություն չի շտկի իրավիճակը, իշխանության որակը չի փոխվի, քանի դեռ ղեկին Նիկոլն է՝ իր հրոսակախմբով։ Ռեժիմի պարագլուխը միտումնավոր ու նպատակաուղղված քանդում, երկրի երեսից ջնջում, արտաքնոց է նետում այն երկիրը, որը մենք անվանում ենք մեր Հայրենիք: Նրանք, ովքեր կարող էին խանգարել նրան, կա՛մ գերեզմանում են, կա՛մ բանտախցում, կա՛մ տնային կալանքի և հատուկ ծառայությունների ու պատժիչ մարմինների սևեռուն հսկողության տակ: Փաշինյանը դեմքով ճանաչում է իր բոլոր հակառակորդներին։ Նրանք 2018-ից ի վեր ասում են ժողովրդին, որ Փաշինյանին իշխանության են բերել Արցախը հանձնելու և Հայաստանը որպես պետություն ոչնչացնելու նպատակով։

Ներկայումս ռեժիմի պարագլուխն ավարտում է երրորդ՝ եզրափակիչ փուլի իրականացումը։ Այս փուլում պետությունը քանդում են ոչ միայն պատժիչ մարմինների ձեռքով. երբ ՀՀ Սահմանադրություն է գրում Դանիել Իոաննիսյանը, դրանով նա խաչ է քաշում Հայաստանի Հանրապետություն կոչվող երկրի վրա:

«Սև հովազ» ջոկատի հրամանատար, 44-օրյա պատերազմում զոհված Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը, սեպտեմբերի 18-ից կալանքի տակ է, թեև ակնհայտ է, որ նրան առաջադրված մեղադրանքը (իշխանության զինված զավթման նախապատրաստում) կարված է սպիտակ թելով: Նույն թելով էլ, ինչպես պարզվեց, կարված էր Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի դեմ մեղադրանքը, որին ձերբակալեցին 2023 թվականի սեպտեմբերի 25-ին, իսկ մեկ տարի անց ազատ արձակեցին։

Հակակոռուպցիոն կոմիտեն ևս 3 ամսով երկարաձգեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքը, թեև մեղադրանքն առաջադրվել է 2022 թվականի նոյեմբերին: Գործով բոլոր վկաներն արդեն հարցաքննվել են, ուստի, գտնվելով ազատության մեջ, պաշտոնական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտյանը որևէ կերպ չի կարող ազդել քննության ընթացքի վրա: Փոխարենը նա կարող է արգելակել պետության կործանման գործընթացը, ուստի փաշինյանական «արդարադատությունը» որոշեց երկարաձգել տնային կալանքի ժամկետը։ Մինչ այդ Աշոտյանը երկար ժամանակ անցկացրել է մենախցում ։ Փաշինյանը ուզում է կոտրել Աշոտյանին՝ փորձելով լռեցնել նրան...

Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչներ գտնվում են ադրբեջանական գերության մեջ, ակնհայտ է, որ ռեժիմի վերնաշերտն անհրաժեշտ ջանքեր չի գործադրում 23 գերիներին հայրենիք վերադարձնելու համար: Այդ մարդիկ կարող են Փաշինյանի վերարտադրմանը խանգարել խորհրդարանական ընտրությունների միջոցով։

Քոչարյանի խոսքերը՝ նախագահի պաշտոնում 100 օրը բոլորելուց հետո («Ո՞վ է այդ տղամարդը, որ պետք է հեղաշրջում անի»), 1998-ին վրդովմունքի փոթորիկ առաջացրեցին: Հանրությանը ցնցել էր նաև արտահայտությունն այն մասին, թե ինչն է խանգարում վատ պարողին։ 2018 թվականից ի վեր հասարակությունը հեշտությամբ համակերպվում է Փաշինյանի բացահայտ խուլիգանական արարքների հետ, ներառյալ խորհրդարանի ամբիոնից մարմնի որոշակի մասը թափ տալու սպառնալիքը։ Չկասկածեք, թանկագին ընթերցող, նա նկատի ուներ մարմնի հենց այն մասը, որի մասին մտածեցիք

Ներկայումս երկրորդ նախագահի և մի խումբ անձանց դեմ կրկին վերակենդանացվել է մարտի 1-ի գործը։ Սկզբում Փաշինյանն ասաց, թե այդ գործը 100 տոկոսով բացահայտված է։ Հետո ժողովրդին հայտնեցին, թե 10 հոգու սպանողների անունները չեն կարող նշվել կեղծ պարկուճների պատճառով։ Այժմ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովը դատական շոուի ակամա մասնակիցներ են, որը հետապնդում է մեն- միակ նպատակ. կոտրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու երկրորդ նախագահի ցանկությունը:

2021թ.փետրվարի 25-ից հետո իրականացվեց Փաշինյանի հրաժարականի պահանջը ստորագրած 40 գեներալների չեզոքացման երկարատև գործողություն։ Ընդհուպ մինչև 2024 թվական ձգվեց հաշվեհարդարը ԳՇ նախկին պետ, գեներալ Օնիկ Գասպարյանի նկատմամբ, մինչև որ վերջինս կոտրվեց՝ ԱԺ քննիչ հանձնաժողովին տալով ցուցմունքներ, որոնք ժխտում են 44-օրյա պատերազմում կրած պարտության Փաշինյանի մեղքը։ Ռեժիմի բռնաճնշիչ մեքենան այս տարիների ընթացքում աղացել է բազմաթիվ զինվորականների ու քաղաքացիական անձանց, բավական է հիշել պատգամավորների ելքը «Հայաստան» խմբակցությունից, մնացին ամենից տոկունները: Ակնհայտ է, որ այն տղամարդը, որը կփրկի Հայաստանը Փաշինյանից, նրանց մեջ է, ովքեր չեն հանձնվել, թևաթափ չեն եղել