ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ

Ռուսաստանն ակտիվ աշխատում է «3+3» ձևաչափը լիարժեք կառույցի վերածելու ուղղությամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում կայացած «Ռուսաստան-Հայաստան» երկրորդ հասարակական համաժողովի ժամանակ։

«Մենք բոլոր ուղղություններով շարունակում ենք աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս գործընթացում կարևոր տեղ է զբաղեցնում «3+3» հարթակը, որն արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը։ Մենք աշխատում ենք այն լիարժեք կազմակերպության վերածել տարածաշրջանում փոխգործակցության համար», — նշել է դիվանագետը։

Գալուզինն ընդգծել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ անվտանգության ճարտարապետություն է ձևավորել Հարավային Կովկասում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դերն այս առումով միշտ պահանջված կլինի՝ հաշվի առնելով տարածաշրջանում և ամբողջ աշխարհում առկա դինամիկ իրավիճակը։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ երկկողմ համագործակցությանը, դիվանագետը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի գծով միջոցառումների շրջանակներում Մոսկվայում արդյունավետ շփումներ կլինեն:

«3+3» հարթակն ընդգրկում է Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը: Վրաստանը բազմիցս հրավիրվել է մասնակցելու այդ ձևաչափին, սակայն դեռ իր համաձայնությունը չի հայտնել։ Այս ձևաչափով կայացել է արտգործնախարարների երեք հանդիպում Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում։

Sputnik Արմենիա