Վրաստանի վարչապետը երկրում ԵՄ դեսպանին դիվանագիտական միջոցներով է սպառնացել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ԵՄ դեսպան Պավել Գերչինսկուն սպառնացել է դիվանագիտական ​​պատասխանով, եթե վերջինս չփոխի իր հռետորաբանությունը, գրում է «Նովոստի-Գրուզիան»։

Կոբախիձեն կարծում է, որ Գերչինսկին «ուղղակիորեն մասնակցել է նախընտրական քարոզարշավին՝ հօգուտ արմատական ​​ընդդիմության և իշխող թիմի դեմ»։

Նա մեղադրել է ԵՄ դեսպանին «Վիեննայի կոնվենցիայի և ժողովրդավարական ընտրությունների սկզբունքների կոպտագույն խախտման մեջ»։

Վրաստանի վարչապետի խոսքերով, Գերչինսկին նաև «ներքաշված է ապատեղեկատվական արշավի մեջ», որը հաջորդել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունները սառեցնելու մասին նրանց հայտարարությանը:

Ըստ Իրակլի Կոբախիձեի, դա դրսևորվել է նրանով, որ դիվանագետը որոշումը մեկնաբանել է որպես եվրաինտեգրման կասեցում։ Իրականում վրացական իշխանությունները չեն հրաժարվել եվրոպական կուրսից, պնդում է նա։

«Որոշ ժամանակ մենք ձեռնպահ ենք մնացել նման իրադարձություններին դիվանագիտորեն արձագանքելուց, սակայն ամեն ինչ ունի իր սահմանները, և եթե ապագայում նման փաստերի վերաբերյալ վարքագծի փոփոխություն չտեսնենք, թե ԵՄ դեսպանի, թե այլ համապատասխան դեսպանների կողմից, մենք անպայման կարձագանքենք։ Խոսքը դիվանագիտական ​​արձագանքի մասին է»,- ասել է Կոբախիձեն։

Հինգշաբթի Կոբախիձեն հայտարարեց օրակարգից մինչև 2028 թվականը ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը հանելու և ԵՄ բոլոր բյուջետային դրամաշնորհներից հրաժարվելու մասին։

Սա հետևեց Եվրախորհրդարանի քննադատական ​​բանաձևին, որն ասում էր, որ վերջին խորհրդարանական ընտրությունները Վրաստանում «ազատ և արդար» չէին և կոչ էր անում դրանք կրկին անցկացնել միջազգային վերահսկողության ներքո:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, Բրյուսելը հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցվել է, քանի որ երկիրը «հետ է շրջվել»։

News.am