Մանասերյան․ Հայաստանն ու Ռուսաստանը պետք է բարձրաձայն խոսեն բարեկամության մասին, բայց էլ ավելի բարձրաձայն գործեն
Հայաստանն ու Ռուսաստանը պետք է բարձրաձայն խոսեն բարեկամության մասին, բայց էլ ավելի բարձրաձայն գործեն, Ռուսաստան-Հայաստան երկրորդ հանրային ֆորումի իր ելույթում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։
Վկայակոչելով մետրոպոլիտ Տիխոնի խոսքերը, նա հիշեցրեց, որ երկու ժողովուրդներն էլ առաջացել են նույն պատմական «օրրանից»։ «Սա է մեր օրինակը, սա է մեր պատմական հիշողությունը»,- ասաց նա։ Սակայն, նրա խոսքով, պարադոքսն այն է, որ այսօր շատերն անտեսում են դա: «Պարադոքսն այն է, որ Հայաստանում ընդամենը մի քանի տասնյակ արևմտամետ կա։ Այո, կան հարյուրավոր հասարակական կազմակերպություններ, որոնք ունեն արևմտյան ֆինանսավորում, բայց ակտիվիստները փոքրամասնություն են կազմում»,- նշել է Մանասերյանը։
Նա կոչ է արել չվախենալ երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր շահերի մասին խոսելուց՝ միաժամանակ ընդգծելով ընդհանուր սպառնալիքների դեպքում միասնականության կարևորությունը։ «Մենք պետք է խոսենք մեր բարեկամության և ընդհանուր մարտահրավերների դիրքերից»,-ընդգծել է նա։
Մեկ այլ պարադոքս, ըստ Մանասերյանի, առնչվում է «Հարավային Կովկասի տարածաշրջան» եզրույթի գործածմանը։ «Առաջին հայացքից դա անվնաս արտահայտություն է, բայց իրականում մեր երկրների շահերին հակասող քաղաքական գործիք է»,-նկատել է նա։
«Ասում են՝ գաղափարները ծնվում են Արևելքում և իրականացվում Արևմուտքում։ Արևելքում ձեռք բերված հաղթանակները հաճախ իրականանում են նաև Արևմուտքում։ Մարշալի պլանը դրա վառ օրինակն է»,-նշել է նա՝ հավելելով, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, որի 80-ամյակը նշվելու է 2025 թվականին, նույնպես վերաբաշխման առարկա է դարձել հօգուտ Արևմուտքի երկրների։ Պրոֆեսորը համոզմունք է հայտնել, որ ապագայում հաղթանակը կպատկանի ոչ միայն Ռուսաստանին, այլ բոլոր առաջադեմ ուժերին։ «Մենք կանգնած ենք բազմաբևեռ աշխարհի շեմին: ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն այս գործընթացի շարժիչ ուժն են, և մենք պետք է համաշխարհային տնտեսական նոր կարգի համար մեխանիզմներ մշակենք»,- նշել է նա։
Եզրափակելով խոսքը՝ Մանասերյանը ակտիվ գործելու կոչ է արել. «Մենք պետք է բարձրաձայն խոսենք մեր բարեկամության մասին, բայց էլ ավելի բարձրձայն գործենք»,- եզրափակել է պրոֆեսորը։
News.am