ՍԵՊ ՄԻ՛ ԽՐԵՔ, կամ՝ ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ՉՄՆԱԼ ՆԻԿՈԼԱԿԱՆ ՊԱՀՈՒՆԱԿԻՑ
Այն փաստը, որ Փաշինյանը սկսել է նախապատրաստվել հաջորդ ընտրություններին, արդեն կասկածից վեր է. կասկածները վերաբերում են միայն նրան, թե արդյոք այս ընտրությունները կլինեն հերթական՝ 2026 թվականին, թե արտահերթ՝ արդեն հաջորդ տարի։ Խոսքը ոչ միայն տխրահռչակ սափրման մասին է, այլև թիմը մաքրելու ակներև հայտի և ցանկացած, նույնիսկ առ այսօր ամենավստահելի գործընկերոջը զոհաբերելու պատրաստակամության: Եվ թիմն արձագանքեց ակնթարթորեն ու շատ բնորոշ կերպով. Հայաստանը բռնազավթած հանցավոր խմբավորման «բարոյական նկարագրին» լիովին համապատասխան։
Քչերն ուշադրություն դարձրեցին Փաշինյանին հավատարմության և նրա ցանկացած հրահանգ ու քմայք կատարելու պատրաստակամության մասին թիմակիցների հրապարակավ երդումների «շքերթին»։ Ամենից բարձրաստիճան պաշտոնյաներն արդեն այսօր՝ ընտրություններից դեռ շատ առաջ, փորձում են լուծել իրենց գլխավոր խնդիրը. դուրս չմնալ նիկոլական պահունակից։ Ի՞նչ է պետք դրա համար: Ճիշտ է, ապացուցել սեփական հավատարմությունն ու նվիրվածությունը անձամբ Նիկոլին. ոչ երկրին, ոչ ծառայողական պարտականություններին, ոչ պետության շահերին... Ո՛չ, միայն ու միայն Փաշինյանին։
Քանզի գերազանց գիտեն. միայն դա է ապագա նախընտրական ցուցակում անցողիկ տեղ ստանալու երաշխիքը։ Քանզի գերազանց հասկանում են, որ այդ ցուցակից դուրս իրենց ոչինչ չի ժպտում կարիերայի և հետագա ապահով ու անհոգ կյանքի առումով՝ «առաջնորդի» հովանու տակ։ Ավելին, նրանցից յուրաքանչյուրի համար «ընտրյալների», հետևաբար՝ անձեռնմխելիների կոհորտայից դուրս մնալու հետևանքները կարող են շատ ավելի տխուր լինել։
Հրապարակավ երդումների «շքերթը» սկսվեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից: Խոսելով Նիկոլի հետ իր հարաբերությունների մասին՝ նա նշեց, որ եթե անգամ գտնվեն մարդիկ, որոնք կփորձեն սեպ խրել իրենց հարաբերությունների մեջ, դա չի ստացվի: «Ես անձնական խնդիրներ չունեմ իմ թիմակցի հետ»,- հանդիսավոր հայտարարեց նա, ում գլխավերևում դամոկլեսյան սրի պես բառացիորեն կախված է ԱՆԻՖ հիմնադրամում ենթադրվող կոռուպցիոն հանցագործությունների և յուրացումների գործը: Նա, ով շատ լավ հասկանում է, որ բավական է մի թեթև առիթ տալ Փաշինյանին, և քրեական վարույթի ընթացքում գլխավոր մեղադրյալի աթոռին կհայտնվի հենց ինքը։
Ներկայիս քաղաքապետի հնարավոր այլ մութ գործերի մասին, օրինակ՝ կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ նա արտակարգ դրության ռեժիմի պարետն էր, խոսելն անգամ ավելորդ է։
Նիկոլի մյուս թիմակիցն արդեն 30 տարի շարունակ հիմնովին պատվում է քրեական ճարպով և հետևողականորեն շարունակում դա անել իր արդեն ներկայիս թիմում։ Խոսքն, իհարկե, Անդրանիկ Քոչարյանի մասին է, որի անունը եռանդագին արծարծվում էր կառավարության վերջին պաշտունանկությունների և ԱԺ մանդատները վայր դնելու հետ կապված։
Այդ կերպարի դեմ կոմպրոմատ գտնելն առավելեվս հեշտից էլ հեշտ է, ուստի արժե՞ արդյոք զարմանալ, որ, մի շարք փորձագետների կարծիքով, նա ինքն էլ կանխավ կոմպրոմատ է կուտակել ոչ միայն պարզապես հանցախմբի իր ընկերների, այլև հենց Նիկոլի դեմ։ Պետք է ասել՝ արդարացիորեն համարելով, որ միայն շեֆին վարկաբեկող փաստերի տիրապետումը, օրինակ՝ 44-օրյա պատերազմի համատեքստում, կարող է ապահովել իր տաքուկ տեղը ապագա «նոր» թիմում։
Ինչպե՞ս այլ կերպ ընկալել խորհրդարանում Քոչարյանի այն հայտարարությունը, թե իբր՝ «պետք չի ինձանից վտանգ զգալ»։ Եվ դրան հաջորդած հավատարմության երդումը. «Ես ասել եմ՝ իմ ու Փաշինյանի միջև սեպ չխփեք, անիմաստ է»: Հիրավի, սեպ է պետք, որ հերիքի սրանց, Աստված վկա…
Դատելով ամենից, փաշինյանական թիմում տեղ ունենալու իր իրավունքը կրկին պետք է ապացուցի նաև Ալեն Սիմոնյանը, որի հետևից նույնպես ձգվում է իրավախախտումների, ցինիկ և պետականության դեմ հանցագործությունների տարրեր պարունակող հայտարարությունների ու արտահայտությունների երկար փեշատուտը։ Ուրիշ ո՞վ կարող է ապահովել նրա ճոխ կյանքն ու առանց որևէ հետևանքի մարդկանց վիրավորելու, նվաստացնելու ու թքելու իրավունքը, եթե ոչ Նիկոլը։
Այդ իսկ պատճառով, պատասխանելով սոցհարցումների արդյունքներով իր ցածր վարկանիշի մասին լրագրողների հարցին, սույն ինքնասիրահարված անձնապարծը ստորաքարշության պոռթկումով հայտարարում է, թե իբր՝ ինքը չունի անձնական վարկանիշ, իր վարկանիշը ՔՊ-ի և Նիկոլ Փաշինյանի՝ «մեր վարչապետի» վարկանիշն է։ Եվ նա միանգամայն իրավացի է. որտեղի՞ց պիտի քաղաքական վարկանիշ ունենա ցածրակարգ սերիալների նախկին էժանագին դերասանիկը, որը ԱԺ նախագահի բարձր պաշտոնում փառաբանվեց բացառապես որպես «գլխավոր թքող», ինչպես նաև՝ ազգային կարևորագույն հարցերի շուրջ սկանդալային հայտարարություններ անող։
Չեք հավատա, բայց նիկոլական ցուցակում տեղ է ձգտում ապահովել նույնիսկ ՔՊ-ի կազմակերպած ներքաղաքական կրկեսի վերջին զարգացումների գլխավոր «հերոսը»՝ Հովիկ Աղազարյանը։ Սա ակնհայտորեն ըմբոշխնում է աննախադեպ ուշադրությունը յուր անձի նկատմամբ, բայց ընդ որում չի մոռանում գլխավորը՝ հասկացնել տալ շեֆին, որ ինքը լիովին և ամբողջովին, հոգով ու մարմնով նվիրված է նրան։ Եվ նիկոլական բարեհաճության հետևից ընկած՝ մտաբերում է նույնիսկ իշխող հանցախմբի կողմից վաղուց մոռացված այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են արժեհամակարգը, օրենքն ու Սահմանադրությունը։
«Վարչապետի համար չկա որեվէ պայմանականություն, որևէ հեղինակություն, ինքն իր ուսերին վերցրել է ծանր բեռ, ինքը պետք է ճիշտ որոշումներ կայացնի, ու իր համար չկա ո՛չ Աղազարյան Հովիկ, ո՛չ Ալեն Սիմոնյան: Օրենք, Սահմանադրություն, կուսակցական կարգապահություն. այս սկզբունքով է շարժվում կառավարության ղեկավարը, այլապես ոչ մի բանի չի հասնի»,- ահա թե որքան հեռուն գնաց իր խոսքի մեջ այդ խեղկատակը՝ քծնանքի ծառայամիտ պոռթկումով։
Դե, և իհարկե՝ սեփական մեղքերի համար պատժից խույս տալու հույսով, քանզի անձամբ պատգամավորին ու նրա որդուն սպառնացող քրեական հետապնդման մասին այս օրերին չեն խոսել թերևս միայն ալարկոտները…
Կարելի է չկասկածել, որ ստորաքարշության ու ստրկամտության այս նողկալի շքերթը շարունակվելու է և աճելու հաճկատարության ու քծնանքի ամենանվաստացուցիչ դրսևորումներով՝ այն միակ անձի առջև, որը կարող է խցկել իրենց իշխանության ոլորտ, եթե, իհարկե, նրան հաջողվի ներկա կարգավիճակով հասնել հաջորդ ընտրություններին և ինչ-որ հրաշքով ինքնավերարտադրվել։
Երկրի և մեր՝ նրա քաղաքացիների համար խնդիրն այն է, որ այսուհետ պետության կարևորագույն պաշտոններում նրանց բոլոր ջանքերը, ողջ գործունեությունը ենթարկված է լինելու հենց ու միայն դրան, քանզի ուրիշ ոչինչ այդ սուբյեկտների համար բացարձակապես ոչ մի նշանակություն չունի։