«Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնում ավելի քան 15 միլիոն դոլար է հանգանակվել

Նոյեմբերի 28-ին «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի 27-րդ հեռուստամարաթոնը, որի ընթացքում այս պահի դրությամբ հավաքագրվել է շուրջ 15,302,500 միլիոն ԱՄՆ դոլար, հայտնում են հիմնադրամից:

«Քեզ համար, Հայաստան» խորագրով Հեռուստամարաթոն 2024–ի դրամական միջոցները կուղղվեն մի շարք ռազմավարական ծրագրերի իրականացմանը՝

- սահմանային համայնքների խմելու և ոռոգման ջրի համակարգերի վերակառուցմանն ու կառուցմանը,

- համայնքային բժշկական նոր կենտրոնի կառուցմանը,

- սահմանային համայնքներում գտնվող դպրոցներում, մանկապարտեզներում, համայնքային կենտրոններում արևային կայանների տեղադրմանը,

- սահմանային համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների տներում արևային ջրատաքացուցիչների տեղադրմանը,

- բռնի տեղահանված արցախցի կանանց բիզնես կարողությունների հզորացմանը,

- մշակութային և ստեղծարար նախաձեռնությունների աջակցությանը։

Բացի վերոնշյալից, 2025-2026թթ ընթացքում կիրականացվեն «Հեռուստամարաթոն-2024»-ին առաջադրված երկու լայնամասշտաբ նախագծերը, դրանք են՝

1. Բնակելի ավանի կառուցում հենաշարժողական խնդիրներ ունեցող պատերազմի վետերանների և նրանց ընտանիքների համար Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում՝ «Զինվորի տուն» բարեգործական ՀԿ-ի հետ համատեղ:

2. Արցախի մշակութային ժառանգության կենտրոնի և արցախցի գորգագործների ընտանիքների համար բնակելի ավանի կառուցում Գյումրիում:

Sputnik Արմենիա