Կազմակերպված տարհանումը հիմա անհնար է․ Սիրիայում ՀՀ դեսպանությունում թեժ գիծ է ստեղծվել

Սիրիայում ՀՀ դեսպանությունն ու Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտարարում են՝ կազմակերպված տարհանումն այս պահին անհնարին է, բայց հայրենակիցներին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ (+ 963 96 000 36 22)։ Տեղեկությունը հայտնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը։

«Այս պահին կազմակերպված տարհանումն անհնարին է: Հորդորում ենք Հալեպում և շրջակայքում բնակվող մեր հայրենակիցներին հնարավորինս զերծ մնալ տեղաշարժերից (միայն անհրաժեշտության դեպքում), իսկ քաղաքից դուրս գալու փորձերը այս պահին լիովին բացառել»,- ասված է դեսպանության հաղորդագրությունում:

Հայտնում են, որ ճշտվում են ցուցակները, թե ում անձնագրերն են պատրաստ, կան անձնագրային գործեր, որոնք դեռ գտվում են պատրաստման փուլում և Հայաստանում են: Փնտրվում են հնարավորություններ առկա անձնագրերը իրենց հասցեատերերին հանձնելու ուղղությամբ: Դիվանագիտական կառույցից ընդգծում են՝ իրավիճակի փոքր-ինչ կայունանացումից հետո կկապվեն հասցեատերերի հետ և կտեղեկացնեն, թե որտեղ և ինչպես կարող են ստանալ իրենց անձնագրերը:

Սիրիայում ՀՀ դեսպանությունից նշում են՝ այն հայրենակիցները, ովքեր դիմել են ՀՀ քաղաքացիության, բայց դեռ չեն ստացել անձնագրերը և հայազգի Սիրիայի քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Հայաստան՝ կարող են դիմել Դամասկոսում կամ Բեյրութում ՀՀ դեսպանություններ և հեշտացված կարգով ստանալ ՀՀ մուտքի արտոնագրեր (վիզաներ):

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը ներկայում արտակարգ ռեժիմով շարունակում է իր աշխատանքները Դամասկոսում ՀՀ դեսպանությունում։

Հիշեցնենք` Սիրիայի պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 28-ին հայտնեց, որ կառավարական բանակը մարտի է բռնվել ահաբեկիչների դեմ, որոնք հարձակվել են Հալեպ և Իդլիբ նահանգների վրա: Խախտելով ապաէսկալացիայի մասին համաձայնագիրը՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» (նախկին անվանումը՝ «Ջեբհաթ ան-Նուսրա», ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ահաբեկչական կազմակերպության անդամ խմբավորումները Հալեպ և Իդլիբ նահանգներում լայն ճակատով հարվածներ են հասցրել գյուղերի, բնակավայրերի և ռազմական դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակի պատասխան գործողությունների արդյունքում ահաբեկիչները զգալի կորուստներ են կրել։

Նշենք, որ 2011 թվականին սկսված ճգնաժամի ընթացքում առաջին անգամ ահաբեկիչները գրավել են Հալեպը։

Sputnik Արմենիա