Դատախազությունն ընթացք է տվել` գործադուլ արած վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը։

Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակիցները՝ ավտոբուսի վարորդները, երեկ վաղ առավոտից գործադուլ են իրականացրել՝ դժգոհություն հայտնելով աշխատանքային պայմաններից, աշխատավարձերից:

Քաղաքապետարանից հայտարարել էին, որ վարորդների պահանջները անտրամաբանական են և որ նրանք խոսում են շանտաժի լեզվով: 32 վարորդ ազատվել է աշխատանքից, իսկ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն՝ պահանջելով քննել վարորդների գործողությունները։

«Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննությամբ պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- պարզաբանել էր Գրիգորյանը։

Ի դեպ, փաստաբանական համայնքի տարբեր ներկայացուցիչներ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ չէ։

ՀՀ Սահմանադրության 58-րդ հոդվածն ամրագրում է՝ «Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք: Գործադուլի իրականացման կարգը սահմանվում է օրենքով»:

News.am