Փաշինյան․ Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար

Բոլոր օրինական միջոցները կգործադրվեն ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանին մանդատից զրկելու համար։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Պատգամավորը նշեց, որ ՔՊ արդեն նախկին անդամ Հովիկ Աղազարյանը զազրելի բացահայտում է արել։

«Պարզվում է՝ մարդու հեռախոսը նախ հայտնվել է քննիչի մոտ, հետո Փաշինյանի սեղանին, հետո բոլորով կուսակցության վարչության նիստին դրել, քննարկել են հեռախոսի պարունակությունը։ Սա ժողովրդավարության բաստիոն ՀՀ-ում է։ Աղազարյանի հեռախոսը ո՞նց է հայտնվել ձեր սեղանին»,- հետաքրքրվեց Խամոյանը։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ պատգամավորի հեռախոսն առգրավել է քննչական կոմիտեն ու օրենքով սահմանված կարգով։

«Երբ իրավապահ համակարգը բախվել է տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում՝ հակահետախուզական, բնականաբար, քննչականն իր գործառույթների շրջանակում պարտավոր էր կատարել աշխատանք, այդ թվում՝ հեռախոսի պարունակությունը պարտավոր էր զեկուցել իր վերադասին՝ ի դեմս ՀՀ վարչապետի»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա նշեց, որ հեռախոսի պարունակած տեղեկությունները կուսակցության անդամների հետ քննարկելուց առաջ խորհրդակցել է բոլոր հնարավոր իրավասու մարմինների հետ և հետո միայն որոշել Աղազարյանին հեռացնել կուսակցությունից։

«Այո՛, ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի քաղաքական, բարոյական լծակներ նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար։ Ոչ մի րոպե չկասկածեք, որ բոլոր օրինական միջոցները կձեռնարկվեն այդ նպատակին հասնելու համար»,- հայտարարեց նա։

Ագնեսա Խամոյանն ավելացրեց, որ Աղազարյանը դարձել է պետական դավաճան ու ահաբեկիչ, քանի որ մերժել է վարչապետի՝ մանդատը վայր դնելու խնդրանքը, իսկ Նարեկ Զեյնալյանը նման ճակատագրի չարժանացավ, քանի որ չմերժեց Փաշինյանի խնդրանքը։

Sputnik Արմենիա