ՄՈԼՈՐՅԱԼ ՈՐԴՈՒ ՎՏԱՐՈՒՄԸ

Հոկու

Հովիկը պատժված է,

Քշված հեռու անկյուն,

Փոխարենը՝ մեջքին չի փչում։

Ինչի՞ համար է պատժվել Հովիկ Աղազարյանը։ Պարզվում է՝ բնավ ոչ Քյարամյանի հետ լեզվակռվի համար (դա մանրուք է)։ Ոչ էլ որդու վարույթին միջամտելու փորձի մեջ մեղադրանքների (մանրուք է): Եվ ոչ էլ մանր եղջերավոր անասունների «տարանցման» գործով կաշառք կորզելու փորձում մեղադրանքի (մանրուք է): Վերջինը, ըստ երևույթին, պետք էր պատգամավորից հեռախոսն առգրավելու և ինչ-որ բան պարզելու համար։ Իսկ նա, միամիտը, տրվեց այդ հնարքին:

Իրականում, ինչպես պարզվեց «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստում, Հովիկ Աղազարյանը պատժված է պետական և կուսակցական գաղտնիքի տարրեր պարունակող տեղեկատվություն հրապարակելու համար: Փոքր-ինչ անորոշ է հնչում, բայց մոտավորապես այսպես պարզաբանեցին իշխող թիմի ներկայացուցիչները՝ Ալեն Սիմոնյանի և Հայկ Կոջորյանի գլխավորությամբ:

Ընդ որում ինքը՝ Աղազարյանն ասում է, որ երբեք չի էլ փորձել պետական գաղտնիքի ոլորտին վերաբերող տեղեկություններ ստանալ, իսկ Ալեն Սիմոնյանն ասում է, որ եթե նախկինում փորձում էր պաշտպանել Հովիկին, ապա այն ամենից հետո, ինչ իմացել է վարչության նիստում, ուզում էր անձամբ խեղդել Հովիկին... Լավ, ինչի՞ մասին է խոսքը:

Նշվում է, որ Հովիկ Աղազարյանը հրապարակել է ժողովներից մեկի ժամանակ կուսակիցներին Նիկոլ Փաշինյանի հայտնած տեղեկությունը։ Մասնավորապես, հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Փաշինյանն իր խմբակցության պատգամավորներին պատմել է Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում և դրա շրջանակներում Ալիևի հետ իր զրույցների բովանդակությունը:

Հիշեցնենք, որ այդ գագաթնաժողովի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը ուրախ շփվում էին, հետո մեկուկես ժամ բանակցություններ էին ընթանում, և գագաթնաժողովից հետո բոլորի մոտ տպավորություն էր ստեղծվել, թե կողմերը հասել են որոշակի համաձայնությունների, որոնց մասին շուտով հայտնի կդառնա։ Ենթադրություններ էին արտահայտվում, թե պայմանավորվածություններից մեկն այն է, որ Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք կլիմայական խորհրդաժողովին, իսկ Ալիևն ազատ կարձակի որոշ թվով ռազմագերիների և պահվող անձանց։ Սակայն ոչինչ տեղի չունեցավ

Հիշեցնենք. այն ժամանակ ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին, որ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը նրանց պատմել է նաև այն մասին, թե Ալիևի առջև բարձրացրել է ռազմագերիների հարցը, իսկ վերջինս հետաքրքրվել է, թե ինչու Երևանը չի դնում Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցը: Իսկ այն բանից հետո, երբ Փաշինյանն ասել է, որ հարց չի բարձրացնում, քանի որ գիտի, որ Ալիևը կմերժի, Ադրբեջանի նախագահը հավելել է, որ փոխարենը այդ հարցը բարձրացնում է մեկ այլ երկրի ղեկավար՝ ակնարկելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Այս հաղորդագրությունը տարածվեց մի շարք ԶԼՄ-ներում և սոցցանցերում՝ առանց աղբյուրը նշելու, սակայն իշխանությունների կողմից չհերքվեց:

Մեր վարկածն այն է, որ գուցե հենց այստեղ է թաքնված պատգամավոր Աղազարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացների հանելուկի պատասխանը, և կուսակիցների հետ Փաշինյանի հանդիպման հենց այդ մանրամասների հրապարակումն է մեղսագրվում պատգամավորին, որը, իր իսկ խոսքերով, լրագրողների հարցերին պատասխանում է նույնիսկ գիշերը։

Հնարավոր է, որ հենց այդ մասին ստույգ տվյալներ ստանալն է այն աստիճան զայրացրել ԱԺ նախագահին, որ նա պատրաստ էր խեղդել Աղազարյանին, մանավանդ որ ինքը՝ Հովիկը, իրեն մեղավոր չհամարեց... Չհամարեց, կարծում ենք, որովհետև պետական գաղտնիքի հրապարակման մասին խոսելը տվյալ դեպքում անհեթեթ է։

Այլ հարց է, որ եթե վարկածը ճիշտ է, ապա Փաշինյանի և Ալիևի բանակցությունների այդ մանրամասնության մասին տեղեկատվության հրապարակումը կարող էր սաստիկ դուր չգալ Ադրբեջանի նախագահին՝ այն պարզ պատճառով, որ այդ հաղորդագրությունը կարող էր սաստիկ դուր չգալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Քանզի ստացվում է, որ Ալիևը Փաշինյանին հայտնում է Պուտինի հետ գաղտնի խոսակցությունների մանրամասները

Աղազարյանն իր մեղքը չի տեսնում, քանի որ, ասում է, որ Փաշինյանը պատմել է դա գրեթե 60 հոգու ներկայությամբ։ Ասել է թե՝ էլ ի՞նչ գաղտնիություն։ Բայց հասկանալի է, որ Փաշինյանն իր մեղքն առավելևս չի ընդունի. նա այդ սովորությունը չունի։

Եվ ահա, ըստ երևույթին, հիմա ողջ մեղքը բարդված է Աղազարյանի վրա. իբր՝ նրա պատճառով Ալիևը զայրացել է, քանի որ իրեն անհարմար վիճակի մեջ են դրել Պուտինի առջև, և դրա համար էլ խափանվել են Բաքվում կլիմայական խորհրդաժողովին Երևանի հնարավոր մասնակցության և Ադրբեջանի կողմից ռազմագերիների մի մասի հնարավոր վերադարձի մասին նախնական պայմանավորվածությունները։ Այդ պատճառով էլ խորհրդարանի մեր հպարտ խոսնակն ուզում էր անձամբ խեղդել գործարքը խափանած Աղազարյանին։

Ստացվում է, որ Աղազարյանին այսօր խեղդում են և, ինչպես խոստացավ Փաշինյանը, այսուհետ էլ խեղդելու են այն պատճառով, որ Ալիևի հեղինակությունը տուժել է Պուտինի աչքում։ Այսինքն այժմ Աղազարյանին պատժելով իշխող թիմը ցուցադրում է Ալիևի հեղինակությունը պաշտպանելու և այդ հեղինակությանը վնասողներին պատժելու իր պատրաստակամությունը։ Զարմանալի չէ. ձեռքը ձեռք է լվանում:

Ավելին, կարծում ենք, որ պատմությունը շարունակություն կունենա, և շուտով կիմանանք, որ Աղազարյանի խոսասիրության պատճառով Ալիևը ոչ միայն չվերադարձրեց ռազմագերիների մի մասին, այլև հիմա մեկ այլ փոխհատուցում է պահանջում «հեղինակության համար»: Սահմանազատման գործընթացի շարունակման տեսքով, ինչն իրականում նշանակում է Տիգրանակերտը հանձնելու պահանջ։

Իհարկե, ավելի տրամաբանական կլիներ շարունակել սահմանազատումն այնտեղ, որտեղ դա կանգ է առել, այսինքն՝ այս տարվա մայիս-հունիս ամիսներին Ալիևին Փաշինյանի հանձնած տարածքներից ավելի հարավ։ Բայց շուտով մեզ, կարծում եմ, կպատմեն, թե ստիպված են «սահմանազատել» հենց Տիգրանակերտը։

Քանզի հերթական հանձնման մեղավորը՝ դեռևս խոսասեր պատգամավոր Հովիկ Աղազարյանը, արդեն նշանակված է։ Մանավանդ որ նա նախկին դաշնակցական է։ Ավելի լավ անհնար է մտածել:

Չի բացառվում, որ այս ողջ պղտոր պատմությունը դառնա այն ձգանը, որը կհանգեցնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների։