ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Եթե ոչ աշխարհը, ապա Հայաստանը փրկելու կոչված մեսիայի կոստյումը վրան քաշած վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական քարոզը բարբառեց: Ակնհայտորեն շփոթում է խորհրդարանի ամբիոնը Գալիլիայի լեռան հետ։
ԵՎ ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՆՐԱ ՆՈՐ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ։ Առաջին ուղերձը. կառավարությունը բաղկացած է 14 նախարարներից, և նրանք տարբերվում են ցանկացած այլ 14 մարդուց նրանով, որ կառավարում են Հայաստանի ամենամեծ ֆինանսական ռեսուրսը՝ պետական բյուջեն։ Հանճարեղ միտք է:
Երկրորդ ուղերձը. պետական բյուջեն Հայաստանի տարածքում բնակվող բոլորի ընտանեկան բյուջեի մասն է, քանի որ այդ տարածքում չկա մի մարդ, որի անձնական կարիքների համար պետբյուջեից միջոցներ չծախսվեն: Երկրորդ հանճարեղ միտքը։
Բայց հիմնական ուղերձն այն էր, թե ինչպես կառավարել ռիսկերը: Պարզվում է, 2022 թվականի համեմատ ռիսկերը նվազել են, դրանք ավելի կառավարելի են դարձել։ Փաշինյանը հիշեցրեց, որ 2022-ին ասում էր, որ եթե իրենք «1-2 տարի դիմանան, ապա կապահովեն հայոց պետականության հարյուրամյա գոյությունը»։ Եվ միջնաժամկետ հեռանկարում, իր համոզմամբ, իշխող թիմին հաջողվել է լուծել այդ խնդիրը։
Բայց զգոնությունը կորցնել չի կարելի, ասաց Փաշինյանը, քանի որ որոշ մարտահրավերների փոխարեն հայտնվեցին ուրիշները, «մենք շարունակում ենք քայլել ականապատ դաշտով», բայց սա այն կառավարությունն է և այն խորհրդարանը, որոնք լուծելու են հայոց պետականության գոյության ապահովման խնդիրը դարերի համար։
Կապահովեն, որովհետև հասկանում են, որ զինված ուժերը միայն մեկ օղակ են անվտանգության համակարգում, որովհետև մեր բանակը չի կարող ավելի ուժեղ լինել, քան մեր թշնամիների և մեր բարեկամների բանակները միասին վերցրած, որովհետև կարող է պարզվել, որ մեր խնդիրները կապված են ոչ միայն թշնամիների, այլև բարեկամների հետ։
Եվ ուրեմն, ասում էր Փաշինյանը, հարկավոր են անվտանգության ավելի կարևոր բաղադրիչներ։ Այդպիսի առաջին «բուֆերը», ըստ Փաշինյանի, «տնտեսական փոխկախվածություններն են», բայց դրա առջև կա էլի մի «բուֆեր»՝ միջազգային իրավունքը։
Փոքր-ինչ թարգմանենք այն, ինչի մասին ուղիղ արտահայտվել Փաշինյանը դեռ մի քիչ ամաչում է։ Փաշինյանը համարում է, թե միջնաժամկետ հեռանկարում ինքը (!!!) ապահովել է հայոց պետականության գոյությունը և հաղթահարել որոշակի մարտահրավերներ, քանի որ այլևս չկա Արցախի խնդիրը: Այսինքն մեկ մարտահրավերը կամ վարչապետի լեզվով ասած՝ «մեռելածին երեխան» Հայաստանի համար պակասել է։
Ադրբեջանին տարածքներ են հանձնվել Հայաստանի հյուսիսում. ևս մեկ մարտահրավեր պակասեց…
Բայց ի հայտ են եկել այլ մարտահրավերներ։ Փաշինյանը չի կոնկրետացնում, բայց ակնհայտ է. Բաքուն և Անկարան Թուրքիան և Ադրբեջանը կապող ճանապարհ են ուզում Հայաստանի տարածքով։ Բաքուն «անկլավներ» է ուզում։ Բաքուն «փախստականների վերադարձ» է ուզում։ Բաքուն ուզում է հայկական բանակի զարգացման դադարեցում։
ԱՄԵՆ ԻՆՉՆ ԷԼ ԿՍՏԱՆԱ: Ճանապարհի տրամադրումը մտնում է Փաշինյանի հայտարարած տնտեսական «փոխկախվածությունների» մեջ։ «Անկլավները» պետք է հանձնել, քանի որ պետության խնդիրը անվտանգության ապահովումն է, ինչպես Փաշինյանն է ասում՝ «միայն ու միայն» սեփական տարածքում։ «Փախստականները» պետք է վերադառնան, քանի որ դա համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Դե, բանակն էլ պիտի կրճատվի, որովհետև մեր զինված ուժերն ի բնե չեն կարող ավելի ուժեղ լինել, քան մեր թշնամիների ու բարեկամների բանակները՝ միասին վերցրած…
Որպեսզի շատ չընդարձակվենք, ամփոփում ենք. Նիկոլ Փաշինյանի համար ռիսկերի կառավարումը նշանակում է ազատում ռիսկերից՝ ռիսկի առարկաները հանձնելու միջոցով... Պարզ է, ինչպես ամեն հանճարեղ բան, ուստի նա շարունակելու է հանձնել՝ բացատրելով դա հայոց պետականության գոյությունը հարյուր տարով ապահովելու անհրաժեշտությամբ։ Ըստ Փաշինյանի՝ դա նշանակում է Հայաստանի այնպիսի կապակցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այնպիսի «տնտեսական փոխկախվածություն», որ Բաքուն ու Անկարան կորցնեն Հայաստանի դեմ ագրեսիվ գործողությունների հարցում որևէ շահագրգռվածությունը, եթե վերջինս, իհարկե, դեռ այդպես կոչվի։ Քանզի այդ ո՞ր հիմարը կպատերազմի ինքն իր դեմ։
Սա է Փաշինյանի գերխնդիրը, իր և իր թիմի առաքելությունը, ինչպես ինքն է ասում։ Այսպիսին է «հայոց պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակում» ապահովելու նրա ծրագիրը։ Իհարկե, իրականում այդ ծրագրերի իրականացման դեպքում ոչ մի ինքնիշխանության, ոչ մի պետականության հոտ անգամ չի գալիս։ Իրականում Փաշինյանի և նրա այն թիմակիցների գերխնդիրը, որոնք դա հասկանում են, այնպիսի իրավիճակ ստեղծելն է, որն իսպառ կբացառի Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը, եթե նա հանկարծ կորցնի իշխանությունը... Քանզի եթե Հայաստանը լինի Թուրքիայի և Ադրբեջանի «փոխկախված» տնտեսական մասը, ո՞վ է նրանից պատասխան պահանջելու։