Պողիկյան․ Հալեպում, հանգիստ է, զինյալներ չկան

Այս պահում ես Հալեպում եմ գտնվում, Հալեպում հանդարտ է, խաղաղ է, զինյալներ չկան, ոչ էլ հրաձգության ձայներ են լսվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը:

«Ընդհանուր առմամբ սպասողական վիճակ է, սպասում ենք, թե ինչպես փոխանցման կառավարությունը պիտի կազմվի, որպեսզի քաղաքում կարգուկանոն հաստատվի և մարդկանց մտահոգությունները փարատվեն: Գիտեք, հիմա կառավարություն դեռ չի կազմված, մարդիկ զգույշ են, որ անապահովություն չստեղծվի երկրի մեջ: Բնականոն կյանքը դեռ չէ վերադարձել, մարդիկ աշխատանքի չեն գնում, սակայն սննդի, մթերքի հետ կապված տագնապ չկա: Հաց, ջուր և այլն, ամեն բան կարգի մեջ է, սպասողական վիճակ է»,-ասաց նա:

Պողիկյանը նշեց, որ նոր կառավարիչները անընդհատ հանդիպում են ժողովրդին հետ, եկեղեցու, համայնքապետների հետ և ասում՝ մի վախեցեք, մենք ժողովրդին հետ ոչ մեկ կապ չունենք, փոքրամասնությունները կարող են իրենց ազգային ներկրոնական գործունեությունը ազատորեն ծավալել, մենք պիտի ազգային փոքրամասնությունների իրավունքները, Սիրիայի սոցիալական խճանկարը պահպանել: Այնպես որ առայժմ վախի այդ մթնոլորտը չկա»,- ընդգծեց նա:

Թերթի խմբագիրը նկատեց, որ օդանավակայանը նոր ուժերի վերահսկողության տակ է և չգիտեն՝ կաշխատի, թե ոչ: «Դեսպանատները փակված են Դամասկոսում, ՀՀ դեսպանատունը Բեյրութից է գործում»:

Ինչ վերաբերում է Դամասկոսին, նա ընդգծեց, որ երեկ Դամասկոսում իրավիճակը շատ լարված էր. «Մի շարք պետական հաստատություններ այրեցին, մարդիկ այս առիթից օգտվելով գողություններ են արել: Բայց այսօր վիճակը հանդարտ է մայրաքաղաքում: Մարդիկ սպասում են, տեսնեն, թե քաղաքական իրադարձությունները ինչպես պիտի զարգանան, կառավարությունը ինչպես պիտի կազմվի, որ կարգ ու կանոն հաստատվի, գիտեք, մարդիկ իրենց գործին վերադառնան: Ներկայիս հիմնական դժվարությունը տնտեսական տագնապն է, որովհետև տակավին բնականոն գործեր չեն աշխատում:

Բերիո թեմի առաջնորդը զգուշության կոչ ուղղել, որպեսզի մարդիկ հանդարտ մնան, ապահով մնան, շատ ուշ ժամերին դուրս չգան»:

Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ հայերը կշարունակեն ապրել այդ նոր իշխանության ներքո և չեն հեռանա Սիրիայից, նա արձագանքեց. «Այո, ես կարծում եմ, որ կշարունակեն ապրել, որովհետև հայ համայնքը այդ տարիների ընթացքում տարբեր իշխանությունների հետ փորձել է գործակցել: Հիմնականը հայության համար Սիրիայի պետության կայունությունն է, պետության պահպանումն է»: