Բաքուն նոր պայման է առաջադրել. խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ՀՀ Սահմանադրությունը

Ստանալով Արցախը և կտորներ Հայաստանի ինքնիշխան տարածքից՝ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության նոր պայմաններ է առաջադրում։

«Խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի Սահմանադրությունը»,- ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը «Հիմնական խոչընդոտները Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ճանապարհին» միջոցառմանը, տեղեկացրել է АPА-ն:

Նրա խոսքով՝ կա երկու խոչընդոտ, որոնցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Նա ավելացրել է, որ Հայաստանի Սահմանադրությունում հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մասն է» կետը։

«Այն բանից հետո, երբ 2020թ. Ադրբեջանն ազատագրեց իր տարածքներն օկուպացիայից, 2021թ. առաջին անգամ Հայաստանին խաղաղության առաջարկ արեց։ Երկիրը, որը հաղթել է պատերազմում, երբեք հակադիր կողմին խաղաղության առաջարկ չի անի, բայց մենք դա արեցինք։ Մենք պատրաստեցինք բազային սկզբունքներ խաղաղության մասին։ 2020-2022թթ. մենք չգիտեինք ինչ է ուզում Հայաստանը։ Դրանից հետո մենք համակողմանի քննարկումներ իրականացրինք։ Դրանք անցան ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ղազախստանում։ Այդ քննարկումների ընթացքում մենք փորձեցինք մշակել խաղաղության համաձայնագիր։ Կան երկու հիմնական խոչընդոտներ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու ճանապարհին։ Դրանցից մեկը Հայաստանի Սահմանադրությունն է։ Այդ խոչընդոտը նաև արտացոլված է Հայաստանի Անկախության ակտում։ Այնտեղ հիմք է ընդունված «Ղարաբաղը Հայաստանի մասն է» կետը»,- մեջբերել է պարբերականը փոխնախարարին։

News.am