ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հայ-հնդկական բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն։ Համարվում է, որ առաջին հայերը Հնդկաստանում հայտնվել են Ալեքսանդր Մակեդոնացու օժանդակ ստորաբաժանումների կազմում, երբ նա Հնդկաստան ուղևորվելու ճանապարհին հատել է Հայաստանը։ Հայ-հնդկական կապերի մասին ամենավաղ փաստագրական հիշատակումներն արտացոլված են Քսենոփոնի (ք․ ա․ 430-350 թվ․) «Կյուրոպեդիա» աշխատությունում, որտեղ նկարագրվում է, որ հայերը քաջատեղյակ են եղել Հնդկաստան տանող ցամաքային ուղիների, երկրի քաղաքական, տնտեսական, հասարակական կյանքի մասին ու այցելել են այն։
Սակայն Հնդկաստանի հայկական համայնքը ձևավորվել է ավելի ուշ՝ 17-րդ դարում, հատկապես 1604 թվ․ Արևելյան Հայաստանի ասպատակությունների՝ մասնավորապես Ջուղայի գաղթի հետևանքով։ Այդ տարիներից էլ Հնդկաստանում կազմավորվում են հայերի կոմպակտ բնակության վայրեր, վեր են խոյանում եկեղեցիներ, որոնց կից կառուցվում են գերեզմանատներ, տեղադրվում եզակի վիմագրերով տապանաքարեր։ Այս վիմագրերի վերծանության կարևորագույն գործն իրենց վրա վերցրեցին Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈՒ հիմնադրամ) մասնագետները։ Նրանց կողմից կազմակերպած արշավի ու հետագա տքնաջան աշխատանքի արդյունքում լույս տեսավ «Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» գիրքը, որը վերջերս հասանելի դարձավ հայ ընթերցողին։
ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿՆ Է ՀՃՈՒ հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։ Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ընթերցասրահում։ Միջոցառումը նվիրված էր ՀՃՈՒ հիմնադրամի գործունեության 55-ամյակին, իսկ աշխատությունը՝ Հայաստանի և Հնդկաստանի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32 և Հնդկաստանում Հայաստանի դիվանագիտական մշտական ներկայության 30-ամյակներին։ Նաև տեղի ունեցավ հիմնադրամի 2024 թվ. պատրաստած «Հնդկաստան. հայկական հետքերով» ֆիլմի ցուցադրությունը, որի հեղինակներն են Րաֆֆի Քորթոշյանը և Պարգև Ֆրանգյանը։ Այն ստեղծվել է ՀՃՈՒ հիմնադրամի համահիմնադիր, անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից դեպի Հնդկաստանի հայաբնակ վայրեր նախաձեռնած արշավի արդյունքում։
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Դավիթ Կնյազյանը, ճարտարապետ Լյուբա Կիրակոսյանն, արվեստաբան Լևոն Չուգասզյանը և այլոք։
Միջոցառումը բացեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Մխիթար Գաբրիելյանը։ Նա նշեց, որ այն կազմակերպվել է Պատմության ֆակուլտետի և ՀՃՈՒ հիմնադրամի հետ համատեղ։ Հիմնադրամը ֆակուլտետի ընթերցասրահին նվիրեց տարբեր տարիներին լույս տեսած իր հրատարակությունների ամբողջական հավաքածուն։
«Ես սիրով ընդունեցի մեր գրադարանի հավաքածուն համալրելու առաջարկը։ Մեր ֆակուլտետում կրթվում է պատմությունը, մշակույթը, ճարտարապետությունը, ազգային ինքնությունը ուսումնասիրողների մի ամբողջ սերունդ։ Նրանց համար կարևոր է մասնագիտական հետազոտությունների կիրառումը, որոնց թիկունքում կանգնած են հայրենիքի իսկական նվիրյալներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են այս կարևոր գործին։ Խոսքս Արմեն Հախնազարյանի, Սամվել Կարապետյանի և իրենց գործը շարունակողների մասին է,- ասաց Մխիթար Գաբրիելյանը։ - Վստահ եմ, որ այս գիտական աշխատություններին ծանոթանալը կօգնի մեր ուսանողներին հասկանալ, ինչ է նշանակում նվիրում գործին և գաղափարին, տքնաջան աշխատանք»:
ԵՊՀ պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը շեշտեց, որ բուհին նվիրաբերած հրատարակությունները երկար տարիների դժվար աշխատանքի արդյունք են։ ՀՃՈՒ հիմնադրամի մասնագետներն ամբողջովին նվիրվել են Հայաստանի Հանրապետությունում, պատմական Հայաստանի տարածքում և այլ երկրներոմ հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանման ազգանվեր գործին։ Սա հայ ժողովրդի ստեղծագործ ուժի դրսևորման վառ ապացույցն է։ Հիմնադրամի կողմից հրատարակված գրքերի հետ ծանոթությունը ուսանողներին հնարավորություն կընձեռի մտածել, վերլուծել, եզրակացություններ անել և հետազոտական նոր գաղափարներ ձևակերպել, նաև նոր ծրագրեր մշակել այլ բուհերի ու գիտական կենտրոնների հետ համատեղ։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆ ՆԻԼԱԿՇԻ ՍԱՀԱ ՍԻՆՀԱՆ ՆՇԵՑ, ՈՐ ՉԷՐ ԿԱՐՈՂ ՆԵՐԿԱ ՉԳՏՆՎԵԼ ԱՅՍ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ, որը բացահայտում է հնդիկ և հայ ժողովրդների միջև եղած առնչությունները։ Այդ սերտ կապերն առկա են նաև այսօր․ երկու ամիս առաջ Երևանի «Գաֆեսճյան» կենտրոնում Հնդկաստանի դեսպանությունն արվեստի հետ կապված սեմինար էր կազմակերպել, որը մեծ հետաքրքություն առաջացրեց մասնակիցների մոտ։
«Մեր երկու երկրների կապերի մասին բազում վկայություններ կան։ Հայտնի է, որ առաջին հայկական հանդեսը՝ «Ազդարար»-ը, տպագրվել է Հնդկաստանում 1794 թվ․ Շահամիր Շահամիրյանի տպարանում, ով Մադրաս էր գաղթել Ջուղայից։ Մենք նաև գիտենք, որ Շահամիրյանն այստեղ հրատարակել է իր շարադրած «Որոգայթ փառաց»–ը‘ հայ իրականության մեջ և աշխարհում սահմանադրության առաջին նախագիծը, - շեշտեց տիկին դեսպանը։ - Հնդկաստանում լույս են տեսել հայկական առաջին նովելը, առաջին թատերական երկը և այլն։ Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության մասին ֆիլմը նկարահանվել է 2011 թվ․, և ես հպարտորեն կարող եմ փաստել, որ հայկական եկեղեցիները, գերեզմանատները, Կալկաթայի դպրոցը, որը մեծ դեր է խաղում հայ երեխաների կրթության ու դաստիարակության գործում, ոչ միայն պահպանված են, այլ նաև խնամված։ Հնդկաստանի անկախացումից հետո հայերի զգալի մասը մեկնել է Ավստրալիա, Եվրոպա, ԱՄՆ, և այսօր հայ համայնքը ներառում է մոտ 200 մարդ»։
Դավիթ Կնյազյանը ընդգծեց ՀՃՈՒ հիմնադրամի գործունեության կարևորությունը։ Նա նշեց՝ և ֆիլմը, և գիրքը հայ-հնդկական հարաբերությունների լուրջ հիմքի առկայության վառ վկայություններն են։ Այս գործում ներդրում ունեն Արմեն Հախնազարյանն ու Սամվել Կարապետյանը, որոնք չնչին գումարներով, բայց մեծ եռանդով ու նվիրաբերումով կատարել են հսկայական աշխատանք։ Շատ կարճ ժամանակահատվածում նրանք շրջեցին ամբողջ Հնդկաստանով, գրի առան այն ամենն, ինչ ուղղակի կապ ունի հայերի ու հայկական մշակույթի հետ։ Դավիթ Կնյազյանը նշեց, որ Բենգալիայի նահանգի Չինսուրահ քաղաքում հայկական եկեղեցու մոտ կա մի տապանաքար, որի վրա գրված է՝ «Ղարաբաղի վերջին անկախ իշխան Ֆրիդոն Մելիք-Բեգլարով», որի կողքին կան Մելիք-Բեգլարյան իշխանների տոհմի այլ ներկայացուցիչների գերեզմաններ։
Ֆիլմի ցուցադրությունից հետո Րաֆֆի Քորթոշյանը կարևորեց ԵՊՀ պատմության ֆակուլտետին գրքեր նվիրելու փաստը և շնորհակալություն հայտնեց բոլորին հիմնադրամի գործունեությունը բարձր գնահատելու համար։ Կազմակերպությունը, որը հետագայում վերածվեց ՀՃՈՒ հիմնադրամի, հիմնադրվել է 1969 թվ․, իսկ 1982 թվ․ որպես հանրային կազմակերպություն գրանցվել է Գերմանիայում ճարտարապետության դոկտոր Արմեն Հախնազարյանի կողմից։ 1996-ին Լոս Անջելեսում բացվեց մասնաճյուղը, որի ղեկավար նշանակվեց Վարուժ Հարությունյանը, իսկ 2 տարի անց գրասենյակ ստեղծվեց նաև Երևանում՝ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ։ Երկար տարիներ հիմնադրամը գործունեություն էր ծավալում ՀՀ ԳԱԱ-ի մի փոքրիկ սենյակում, վերջերս՝ հիմնադրումից 55 տարի անց, այն տեղափոխվեց նոր մասնաշենք, ինչը թույլ կտա ընդունել այստեղ պրակտիկանտների, ասպիրանտների, սկսնակ մասնագետների։ Շուտով այս գործունեության վերաբերյալ հուշագիր կկնքվի ԵՊՀ-ի և ՀՃՈՒ հիմնադրամի միջև։
«ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՊԱՀՈՎԵԼ ՄԵՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, որոնք կշարունակեն Արմեն Հախնազարյանի և Սամվել Կարապետյանի գործը՝ մեզանից հետո, քանի որ աշխատանքն անսահման է,- ասաց Րաֆֆի Քորթոշյանը։ - Մենք՝ արշավների, դաշտային և արխիվային հետազոտությունների միջոցով շարունակելու ենք ուսումնասիրել ու գրանցել մեր ժառանգության նմուշները ողջ Հայկական հարթավայրի տարածքում, մեր պատմական համայնքներում։ Մենք ոչ միայն ուոսումնասիրում ենք հայտնաբերած հուշարձաններն, ալլ նաև արձանագրում ենք նրանք, պահպանում լուսանկարների, տեսանյութերի, քարտեզների տեսքով և այլն։ Ցավոք սրտի, մեր ժառանգության մեծ մասը այսօր գտնվում է թշնամական երկրների տարածքում, հետն էլ միտումնավոր ոչնչացվում է։ Ինչպեես ասում էր Արմեն Հախնազարյանը, մենք փորձում ենք թղթի վրա փրկել մեր այն հուշարձանները, որոնք այսօր մեզ հասանելի չեն։ Այսօր մենք մեր հարևանների հետ, կարծես, մի մրցման մեջ ենք հայտնվել, թե մեզանից ով առաջինը կհասցնի լուսանկարել, ֆիքսել հուշարձանն, իսկ ով՝ ոչնչացնել այն»։
Գործունեության 55 տարիների ընթացքում ՀՃՈՒ հիմնադրամի մասնագետները իրականացրել են 242 գիտարշավ, նկարել են 650 հազար լուսանկար, չափագրել 4000 ճարտարապետական հուշարձան և հավաքել հսկայական նյութ այլ ձևաչափերով՝ տեսանյութերի, վերականգնված ժառանգության նմուշների եռաչափ պրոյեկցիաների և այլն։ Այս ամենը համակարգվում է, ստեղծվել են մատենագիտական բազա, որի մեջ տեղադրվել են տեղեկություններ բոլոր 650 հազար լուսանկարների վերաբերյալ, և տեսանյութերի հարթակ։ Ընդհանուր նկարահանվել է մոտ 20 տեղեկատվական ֆիլմ։ Այս ամենը ներկայացված է կազմակերպության կայքում։
«Մեզ հաջողվել է վերականգնողական աշխատանքներ իրականացնել Սիրիայում, Իրանում, Արցախում և Հայաստանում։ Մեր ֆիլմերը կարող եք դիտել Youtube-ի հիմնադրամի ալիքում։ Մենք հրատարակում ենք գրքեր տարբեր լեզուներով, ինչը նպաստում է հայկական ժառանգության մասին տեղեկատվությունը աշխարհով մեկ տարածելուն, - ասաց Րաֆֆի Քորթոշյանը։ – Ինչ վերաբերում է «Հնդկաստանի հայահոծ բնակավայրերի վիմագրերը» գրքին, այնտեղ զետեղված են Հնդկաստանի տարբեր բնակավայրերում հայտնաբերած 2291 վիմագրերի տեքստերն ու լուսանկարները։ Գիրքը հրատարակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ», այն «Գիտական ուսումնասիրություններ» գրքաշարի 21-րդ հատորն է։