ԲԱՔՎԻ 9 ՊԱՀԱՆՋԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչո՞ւ է Փաշինյանի թիմը թաքցնում այս ճշմարտությունը ՀՀ քաղաքացիներից

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

 

«Բաքուն և Անկարան «բռնել են Նիկոլ Փաշինյանի կառավարության վախը» և չեն պատրաստվում թուլացնել իրենց ճնշումը: Անցած մի քանի օրվա ընթացքում և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը մի շարք հայտարարություններ է արել, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի և դրա շուրջ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Այսպես, այսօր հայ-ադրբեջանական հարցի վերաբերյալ հերթական հայտարարությունն է արել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջնական փուլը սկսվել է, ասել է Ֆիդանը` ելույթ ունենալով Թուրքիայի Ազգային ժողովում: «Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա: Մենք գտնվում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովման վերջին փուլում: Մեր երկիրն աջակցում է երկկողմ բանակցություններին»,- նշել է նա։

Նախ, մենք կրկին գործ ունենք հասկացությունների փոխարինման հետ՝ Երևանի և Բաքվի միջև բանակցությունները երկկողմանի չեն, այլ եռակողմ՝ Անկարան եղել է և շարունակում է մնալ Բաքվի թիկունքում։ Երկրորդ, պրակտիկան ցույց է տալիս, որ 2018 թվականից Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարությունն ընտրել է հետևյալ ռազմավարությունը՝ պահանջներ հնչեցնել Հայաստանի վերաբերյալ, հասնել այդ պահանջների իրականացմանը տարբեր ձևերով (պատերազմ, շանտաժ, անեքսիա և այլն) և սա անվանել «առաջընթաց» բանակցություններում»:

Կարելի է ենթադրել, որ հիմա էլ, խոսելով «հույսի շողի» մասին, Անկարան պարզապես ազդարարում է, որ Երևանից ակնկալվում է մի շարք պահանջների իրականացում։ Թեև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասում է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են՝ պատրանք ստեղծելով, որ կողմերն իբր մոտ են արդար խաղաղությանը։ Բայց արդյոք սա ճի՞շտ է։ Արդյոք մենք մոտ ենք խաղաղությանը, ու միայն 2 հարցում կողմերը փոխըմբռնում չունեն։ Իսկ եթե վերլուծենք ադրբեջանցի պաշտոնյաների և Ալիևի ռեժիմի հետ փոխկապակցված անձանց հայտարարությունները, ապա կարելի է արձանագրել, որ Բաքվի պահանջներն առնվազն 9-ն են

1. Հայաստանի կողմից Ադրբեջանի վերահսկողությանը տալ «Զանգեզուրի միջանցքը»՝ հաղորդակցությունների կառուցմամբ, որոնք կօգտագործվեն ադրբեջանական և թուրքական կողմերի կողմից ՀՀ բյուջեի հաշվին,

2. Տասնյակ հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում,

3. Փոփոխություններ ՀՀ Սահմանադրության մեջ,

4. Հայկական բանակի ապառազմականացում,

5. Ռուսական զորքերի դուրսբերում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանից, ինչպես նաև 102 ռազմաբազայի դուրսբերում,

6. ԵՄ դիտորդների դուրսբերում հայ-ադրբեջանական սահմանից,

7. Հռոմի ստատուտը վավերացնելու որոշման չեղարկում,

8. ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում,

9. Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հայցերի վերացում:

Բայց ի վերջո ի՞նչ է ստանում Հայաստանը։ Եթե վերլուծենք Ադրբեջանի հայտարարությունները, ապա ակնհայտ է, որ Բաքուն ընդհանուր առմամբ բանակցային գործընթացի հիմք համարում է 2021 թվականին ադրբեջանցիների կողմից արված պայմանագրի 5 կետերի առաջարկները։ Առաջարկներ, որոնք ներառում էին «երկրների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող» տնտեսական նախագծերի իրականացման մասին կետ:

Այստեղ հարց է առաջանում՝ Հայաստանի Հանրապետության ո՞ր տնտեսական շահը կարող է պաշտպանվել, եթե կատարվեն Բաքվի կողմից սահմանված 9 նախապայմանները։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը ծրագրեր իրականացնել, որոնց շրջանակներում երկիրը հարկեր է հավաքելու մի տարածքում իրականացվող տնտեսական գործունեությունից, որի իշխանությունները չեն կարողանում ապահովել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Մտածե՛ք այդ մասին…»։

Alpha News