Բաքվում պահանջում են դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում

Բաքվում պահանջում են դադարեցնել ԵՄ առաքելության գործունեությունը Հայաստանում։ «Ցանկացած երրորդ երկրի ուժերի տեղակայումը Հայաստանի տարածքում մտահոգություն է առաջացնում»,- լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական-վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը։

Նա ասել է, որ ադրբեջանական կողմը «անհրաժեշտ չի համարում երրորդ կողմի մասնակցությունը սահմանազատման գործընթացում, որն իրականացվում է փոխըմբռնման և խաղաղ պայմաններում»։

«Մենք Եվրամիության որևէ առաքելության տեղակայման անհրաժեշտություն չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանին։ Այդ առաքելության գործունեությունը պետք է ավարտվի։ Առաքելության տեղակայումը համաձայնեցվել է Պրահայում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ինչպես նաև Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Նախատեսվում էր, որ այդ առաքելությունը կլինի կարճատև։ Բայց մենք տեսնում ենք, որ այդ առաքելությունը դառնում է մշտական, և նրա կազմը, ինչպես նաև մանդատի գորողության տարածքը ընդլայնվում են։ Մենք անհրաժեշտ չենք համարում երրորդ կողմի մասնակցությունը սահմանազատման գործընթացում, որն իրականացվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնման և խաղաղ պայմաններում։ Մենք Եվրամիության առաքելությունը չենք համարում գործոն, որը նպաստում է խաղաղության ամրապնդմանը տարածաշրջանում։ Դա գործոն է, որը մտահոգություն է առաջացնում»,- ասել է Հաջիևը։

News.am