ԱՍԱԴԻ ՌԵԺԻՄԻ ՏԱՊԱԼՈՒՄԸ ԱՇԽԱՐՀԻ ՆՈՐ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԿԻԶԲՆ Է. ՓԱՇԻՆՅԱՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ…
Ահա արդեն մեկ շաբաթ է բոլորը մեջբերում են դեկտեմբերի 4-ին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի ելույթի միայն առաջին մասը. «Մենք մեզ արդեն իսկ համարում են ՀԱՊԿ-ից դուրս, Հայաստանի ու ՀԱՊԿ-ի հարաբերություններում անդառնալիության կետն անցել ենք», մոռանալով մեկ այլ արտահայտության մասին. «Մենք Պուտինի հետ գործընկերներ ենք, աշխատում ենք միասին»։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Փաշինյանի խոսքերին արձագանքեց հերթական հիշեցմամբ, որ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու դիմում կազմակերպությունը նրանից չի ստացել, իսկ անդամակցության սառեցման ռեժիմ, ինչպես արդեն բազմիցս հաղորդվել Է, կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված չէ:
«ԱՄՆ-ը ՉԻ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ։ ԱՄՆ-ը երաշխավորում է միայն Փաշինյանի ընտանիքի անվտանգությունը, ինչպես որ երաշխավորել են Զելենսկու և նրա ընտանիքի անվտանգությունը։ Վաշինգտոնն իր բոլոր կուսակալների հետ աշխատում է նույն մեթոդաբանությամբ»,- փաստեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ ի հիշեցում նրանց, ովքեր ՀԱՊԿ-ին ՀՀ պաշտոնական անդամակցումը համարում են ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության գլխավոր խոչընդոտ։ Հասկանալու համար, թե ինչ այլընտրանք է սպասվում Հայաստանին ՀԱՊԿ-ից պաշտոնապես դուրս գալու դեպքում, բավական է նայել այս օրերին ակտիվորեն տիրաժավորվող Օսմանյան Թուրքիայի 1899 թ.քարտեզին, որտեղ սիրիական Հալեպը թուրքական վիլայեթ է՝ Քեմալ Աթաթուրքի կամքով, իսկ ամբողջ Հայաստանը՝ Թուրքիայի մաս, Արցախը՝ Ադրբեջանի։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ Փաշինյանը ստիպված է շարժվել Վաշինգտոնի քաղաքականության նավարկուղիով, ուստի ՀԱՊԿ-ից դուրս կբերի ՀՀ-ն, որից հետո երկրի տարածքը կբաժանվի Ադրբեջանի և Թուրքիայի միջև, առանց անվտանգության որևէ երաշխիքի: «Փաշինյանը հայ ժողովրդին տանում է դեպի ցեղասպանություն»,- ընդգծեց Բոզոյանը։ Նրա հաշվարկով՝ Ռուսաստանի հետ վերջնական խզումը տեղի կունենա Ադրբեջանի հետ խաղաղության միջպետական համաձայնագրի ստորագրումից հետո։
Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը համոզմունք հայտնեց, որ այդ համաձայնագրում կլինի ադրբեջանցի «փախստականների» Հայաստան վերադարձի կետը, քանի որ Փաշինյանն, նրա խոսքերով, արդեն տվել է իր համաձայնությունը: Դիվանագետն ընդգծեց, որ Հայաստանի տարածքից հեռացած ադրբեջանցիները չեն կարող «փախստական» համարվել ո՛չ խորհրդային օրենսդրությամբ, ո՛չ էլ միջազգային օրենքներով:
Նա նշեց, որ «Արևմտյան Ադրբեջան» բառակապակցության տակ պետք է հասկանալ նկրտումներն ինքնիշխան Հայաստանի տարածքի նկատմամբ, որոնք փորձում են հիմնավորել Ազգերի լիգայի կողմից չճանաչված ինչ-որ քարտեզներով: Ադրբեջանի իշխանությունների կոչով իրենց ունեցվածքը վաճառած և Հայաստանի տարածքն ինքնակամ լքած ադրբեջանցիների և Սումգայիթում, Բաքվում ու Գանձակում ցեղասպանությունից փրկվելով իրենց տները լքած հայերի միջև զուգահեռները բացահայտ սրբապղծություն են: «Ադրբեջանցիները չեն կարող հավակնել փախստականի կարգավիճակի և որևէ գույքի ՀՀ տարածքում։ Այլ հարց է, որ Ադրբեջանում այդ մարդկանց տարիներ շարունակ ստիպել են ապրել հատուկ ճամբարներում, ներկայացնելով իբրև փախստականներ։ Հայաստանում բնակված ադրբեջանցիների և Ադրբեջանում բնակված հայերի միջև հավասարության նշան դնելն աբսուրդ է, իսկ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան չի համապատասխանում միջազգային իրավունքի նորմերին»,- ընդգծեց Աղաջանյանը՝ նշելով, որ ադրբեջանական վերոթվարկյալ քաղաքներում տեղի է ունեցել ցեղասպանություն։ Նրա խոսքերով, փախստականի կարգավիճակի կարող են հավակնել այն հայերը, որոնք 2023 թվականի սեպտեմբերին լքել են Արցախը ցեղասպանության պայմաններում։
Նրա գնահատմամբ, տարածաշրջանում ռուսական ազդեցության չեզոքացման հաշվին ադրբեջանցիների վերադարձը Մեծ Թուրանի ստեղծման ծրագրի մասն է։ Աղաջանյանը նշեց, որ եվրոպացի դիտորդները ՀՀ սահմանամերձ շրջաններում (և ոչ միայն) հարցումներ են անցկացնում տեղի բնակչության շրջանում՝ ադրբեջանցիների հետ խաղաղ գոյակցության վերաբերյալ։ Դիվանագետի խոսքերով, ադրբեջանցիների վերադարձը ռեկորդային ժամկետներում կփոխի ժողովրդագրական պատկերը ՀՀ շրջաններում:
Աղաջանյանը առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ՀՀ-ն չկարողացավ հնչեցնել ՄԱԿ-ի ռասիզմի դեմ պայքարի կոմիտեի 114-րդ նստաշրջանի դեկտեմբերի 2-3-ի նիստում ադրբեջանական կողմի ներկայացրածի այլընտրանքային դիրքորոշում: Զեկույցում մեր երկրին մեղադրեցին ռասիզմի մեջ, իսկ այնտեղ ներկա փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը չկարողացավ պաշտպանել պետության շահերը, ինչը, Աղաջանյանի կարծիքով, անուղղակի հաստատումն է այն բանի, որ Փաշինյանի ռեժիմն արդեն համաձայնություն է տվել ադրբեջանցիների վերադարձին, այսպես կոչված՝ Արևմտյան Ադրբեջան։
Ռեժիմը չի կարողանում հասնել ադրբեջանական գերությունից 23 հայերի, այդ թվում՝ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության ութ ներկայացուցիչների ազատ արձակմանը։ Ռեժիմը չի կարողանում ոչնչացումից պաշտպանել Արցախի Հանրապետության տարածքում հայերի մշակութային ժառանգությունը. նման անգործունակության դեպքում, դիվանագետի կարծիքով, ռեժիմի պարագլուխը պարտավոր է հրաժարական տալ:
Աղաջանյանին չի զարմացրել այն փաստը, որ Հայաստանը չօգտվեց վետոյի իրավունքից, թույլ տալով 40-ամյա ստաժ ունեցող թուրք դիվանագետ Ֆերիդուն Սինիրլիօղլուի նշանակումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Դիվանագետի խոսքերով՝ շատ շուտով վերջինս կայցելի Երևան, քանի որ դա նրա լիազորությունների շրջանակում է։
Իր հերթին, Բոզոյանը նշեց, որ Ռուսաստանը հստակ հայտնել է Արևմուտքին իր «կարմիր գծերը» նախկին ԽՍՀՄ հանրապետությունների պարագայում։ Նրա խոսքերով, եթե Վրաստանի կառավարությունը պարտվի ցուցարարների դեմ պայքարում, որոնք չեն արտահայտում վրաց ժողովրդի կամքը, այլ փորձում են ռուսական ստրկությունից փրկվելու կարգախոսի ներքո պարտադրել Արևմուտքի կողմից վարձատրվող 50 հազար ընդդիմադիրների կամքը, ապա ամենամոտ ապագայում Վրաստանը կվերածվի Սիրիայի: Դա Հայաստանի համար վտանգավոր է ոչ միայն լոգիստիկայի տեսանկյունից։ «Եթե Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա 1-2 տարի հետո Հայաստան չի լինի»,- ընդգծեց քաղաքագետը:
Այն, որ Փաշինյանը գործում է Վաշինգտոնի հրահանգով, ակնհայտ դարձավ դեռևս 2020 թվականի հոկտեմբերի 19-ին, երբ նա մերժեց Շուշին ու Հադրութը հայկական ԶՈՒ վերահսկողության տակ պահելով ռազմական գործողությունները դադարեցնելու Պուտինի առաջարկը։ Ասադի ռեժիմի տապալումը վկայում է աշխարհի նոր վերաբաշխման մասին. Ուկրաինան ենթակա է մասնատման, Ռուսաստանին կանցնեն այն տարածքները, որոնք գրավված կլինեն բանակցությունների մեկնարկի պահի դրությամբ: Սրանով են բացատրում ՀՌԳ ուժերի առաջխաղացման մարտական ինտենսիվ գործողությունները: Սիրիային լքել են Իրանն ու Ռուսաստանը, նոր իշխանությունը վերահսկվում է Անկարայի և Վաշինգտոնի կողմից։ Իսրայելը փորձում է պատառներ պոկել Պաղեստինի և Սիրիայի տարածքից։ Ո՞ւմ են բաժին ընկելու Վրաստանն ու Հայաստանը։