Մոլդովայում 60 օրով արտակարգ դրություն է հայտարարվել

Մոլդովայի խորհրդարանը աջակցել է երկրում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելուն էներգետիկայի ոլորտում, որոշումն ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 16-ից։

Այս մասին գրում է «Reuters»-ը։

Խորհրդարանը որոշել է ազգային արտակարգ դրություն սահմանել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել ռուսական գազի մատակարարման ընդհատման սպառնալիքի մասին։

Արտակարգ դրություն հայտարարելը կառավարությանը թույլ է տալիս արագ արձագանքել և սահմանափակել էներգակիրների արտահանումը։

Արտակարգ դրության հայտարարմանն աջակցել է 101 պատգամավորից 56-ը:

Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի խոսքով՝ դա Մոսկվայից գազային շանտաժին վերջ տալու քվեարկություն էր։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Մերձդնեստրի բնակիչներին թողնել առանց գազի և էլեկտրաէներգիայի և պատանդ վերցնել նրանց։ Մոսկվան դա անում է Մոլդովայում իրավիճակն ապակայունացնելու համար»,- ասել է Դորին Ռեչանը։

Մոլդովայի կառավարության ղեկավարի խոսքով, ինքնահռչակ Մերձդնեստր գազ չմատակարարելը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի, ինչպես նաև ռիսկեր կստեղծի Մոլդովայի էլեկտրաէներգիայի ոլորտի կայունության համար։

Մոլդովան Ռուսաստանից տարեկան ստանում է մոտավորապես երկու միլիարդ խորանարդ մետր գազ։