ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ» ՆԱԽԱԳԻԾԸ ԿՐԿԻՆ ԹԱՆԿԱՑԵԼ Է

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում Հայաստանում երկաթուղու վերականգնման ծախսերը կրկին աճել են։

2023 թվականի դեկտեմբերին գրել էինք, որ դեպի Ադրբեջան և Թուրքիա երկաթգծերի վերականգնման արժեքի վերաբերյալ Հայաստանի իշխանության գնահատականները կտրուկ փոխվել են վերջին երկու տարիների ընթացքում:

Սակայն այս տարի նոր թվեր են ի հայտ եկել, և դրանք կրկին տարբեր են։

Sputnik Արմենիան գրավոր հարցում է ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` խնդրելով մանրամասն ներկայացնել յուրաքանչյուր հատվածի վերականգնման համար նախատեսված ծախսերը։ ՏԿԵՆ–ից մեկ ամիս անց ստացված պատասխանում նշվում է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով նախատեսված Ախուրիկ- Երասխ-Մեղրի երկաթուղու հատվածների վերականգնման և վերանորոգման համար, ըստ նախնական գնահատականների, նախատեսված է շուրջ 360 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Նախագիծը ներառում է հետևյալ ծախսերը.

- Մեղրու հատվածի վերականգնում (մոտ 43,8 կմ)` շուրջ 187 մլն ԱՄՆ դոլար։

- Ադրբեջանի հետ սահմանից (Նախիջևան) մինչև Երասխ հատվածը (մոտ 1 կմ)՝ 11,4 մլն դոլար։

- Երասխից Գյումրու հատվածի ենթակառուցվածքի բարելավում (մոտ 197 կմ)` շուրջ 95 մլն ԱՄՆ դոլար։

- Գյումրուց Թուրքիայի նահատմ հատվածը (մոտ 12,7 կմ)` շուրջ 32,4 մլն ԱՄՆ դոլար։

Գումարը ներառում է նաև տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացում (շուրջ 1,6 մլն ԱՄՆ դոլար), նախագծում և շինարարության վերահակողություն (շուրջ 32,6 մլն ԱՄՆ դոլար):

Գնահատումն իրականացվել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աջակցությամբ:

Այսպիսով, նախորդ տվյալների հետ համեմատությունը ցույց է տալիս նահատման զգալի անհամապատասխանություն: Ծրագրի ծախսերի փոփոխությունների դինամիկան հատկապես նկատելի է առանձին հատվածների օրինակով:

Երասխ – Հորադիզ

- Ընթացիկ արժեքը՝ 198,4 մլն դոլար։

- 2023 թվականին ֆինանսների նախարարն այդ հատվածի արժեքը նշել էր 61,5 մլն դոլար։

- 2021 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը այս հատվածի վերանորոգման արժեքը գնահատել էր 226 միլիոն դոլար։

Գյումրի – Թուրքիայի հետ սահմանը

- Ընթացիկ արժեքը՝ 32,4 մլն ԱՄՆ դոլար

- 2023 թվականին ֆինանսների նախարարությունն այդ հատվածի արժեքը նշել էր 8–9 մլն դոլար։

- 2022 թվականին նույն հատվածի վերանորոգման արժեքը կազմում էր 17 միլիոն դոլար։

Ավելի վաղ ՏԿԵՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում Հայաստանի և տարածաշրջանի երկրների միջև բեռնափոխադրումների կանխատեսվող ծավալը հանրապետությունում երկաթուղու գործարկումից հետո մեկ տարում կկազմի 4,7 մլն տոննա։

Հիշեցնենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023 թվականի հոկտեմբերին։

Դավիթ ԳԱԼՍՏՅԱՆ, Sputnik Արմենիա