ՄԻԱՅՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԻՊԵԼ ԱԼԻԵՎԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ
Երեկ ուղիղ 2 տարի լրացավ Արցախի շրջափակման մեկնարկից, որը դարձավ հայ ժողովրդի դեմ ցեղասպան գործողությունների հերթական փուլը և ավարտվեց ռազմական ագրեսիայով ու հանրապետության 120-հազարանոց բնակչության բռնի տեղահանմամբ: 10 ամիս շարունակ ծավալված ահավոր հանցագործության խորապատկերին միջազգային հանրությունը ոչինչ չձեռնարկեց հանցագործին կասեցնելու համար։ Նույնիսկ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճիռների անտեսումը չհանգեցրեց որևէ գործնական քայլի, չնայած Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու ամեն կողմից հնչող բազմաթիվ կոչերին։
Դեկտեմբերի 9-ին Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին: Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ խոսվել է հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ քայլերի մասին։ Վեհափառը հայտարարել է, որ Հայ Եկեղեցին միջազգային, միջեկեղեցական, միջկրոնական հարթակներում ջանքեր է գործադրում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթման, հայրենազրկված արցախահայության, գերեվարված և անհայտ կորած հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Արցախի հոգևոր և մշակութային ժառանգության պահպանման հարցերի լուծման ուղղությամբ:
Երևանում պարոն Օկամպոյի որևէ այլ հանդիպումների մասին դեռևս չի հաղորդվում, սակայն կարելի է վստահորեն ենթադրել, որ նրա այցը կապված է գերիների ազատ արձակման ուղղությամբ СОР29 համաժողովից առաջ սկսված գործունեության շարունակման հետ: Հասկանալի է, որ իրավիճակն այսօր պահանջում է այլ ռազմավարություն ու մարտավարություն, քանի որ արդեն պարզ է, որ Բաքվի վրա գործադրվող լոկ բանավոր ճնշումը, թեկուզև ամենաինտենսիվ, արդյունքի չի հանգեցնի։ Կատարած հանցագործությունների անպատժելիությունը միայն խրախուսում է Ալիևին՝ նրա մոտ ստեղծելով սեփական ամենազորության և ամենաթողության պատրանք։
Ավելին, Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը և նրանց բացարձակ պատրաստակամությունը բավարարելու Բաքվի և Անկարայի ցանկացած պահանջ՝ հանուն «խաղաղության պայմանագրի» ստորագրման, ամրապնդում է Բաքվի բռնապետի վճռականությունը հայ գերիներին ազատ արձակելուց հրաժարման հարցում։ Մանավանդ որ արդեն կասկածից վեր է միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ բոլոր դատական հայցերը հետ կանչելուն Փաշինյանի համաձայնությունը։ Փորձագետների կարծիքով՝ փաշինյանական թայֆայի այդ հանցավոր քայլը կարող է ամենակործանարար հետևանքներ ունենալ, այդ թվում՝ Բաքվի բանտերում ապօրինի պահվող հայերի համար։
Այսպես, դեկտեմբերի 11-ին միջազգային կազմակերպություններում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը հայտարարեց, որ հայցերը հետ կանչելու դեպքում գերիների ազատ արձակման իրավական գործիքակազմ ապահովելն անհնար կլինի։ Այն հարցին, թե նման պայմաններում ինչ կարող են անել իրավապաշտպանները, նա պատասխանեց. «Եթե խոսենք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին, այդ հայցերը ներկայացված են միջպետական բողոքի շրջանակներում, և Ադրբեջանի դեմ գործերից հրաժարվելն անպայման կազդի նաև այդ անձանց իրավունքների վրա։ Այդ գործերը կունենան շարունակություն, բայց պետության հրաժարման դեպքում ռազմաքաղաքական ղեկավարների գործը կհամարվի փակված, և ՄԻԵԴ-ը չի նպաստի նրանց ազատ արձակմանը:
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանին մասնավոր գանգատներ ներկայացնելու հնարավորություն չկա, և միջպետական գործերի կարճումը կնշանակի դրանց ավարտ նաև այստեղ: Անհատական գործերի միջոցով մենք չենք կարող հաջողության հասնել»։
Սահակյանն ընդգծեց նաեվ, որ հետ կանչելու դեպքում գերիների ճակատագիրը «թողնվելու է Ադրբեջանի կամքին»: «Եթե հրաժարման խորապատկերին ազատումներ լինեն, դա կարելի կլինի համարել հաջողված գործարք, իսկ եթե նման բան տեղի չունենա, մենք չենք կարողանա իրավական գործիքակազմ ապահովել այդ անձանց ազատ արձակելու համար»,- նշեց նա:
Թե ինչ է նշանակում «Ադրբեջանի կամք»՝ առայժմ զերծ մնանք մեկնաբանությունից։ Դատելով Բաքվից ստացվող տեղեկություններից, Ալիևը СОР29-ից հետո վերջնականապես գազազել է և զանգվածային բռնաճնշումներ է իրականացնում սեփական երկրի ներսում՝ կատաղի պատասխանելով ամենաչնչին քննադատությանը։ Լրատվամիջոցներն ու իրավապաշտպանները նշում են, որ քաղբանտարկյալների այդպիսի քանակ այդ երկրում երբեք չի եղել. ավելի քան 300: Ակնհայտ է, որ ռեժիմը մարդկանց գլխին է կոտրում իր զայրույթը և վրեժխնդիր լինում COP29-ի նախօրեին հնչած բազմաթիվ քննադատական հայտարարությունների համար:
Այսպես, ի պատասխան Բլինքենի վերջերս հնչեցրած մեղմ կոչին՝ «հարգել մարդու իրավունքների ոլորտում սեփական միջազգային պարտավորությունները և ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին», Բաքուն մեղադրեց ԱՄՆ-ին «երկրի դատաիրավական գործընթացներին» միջամտելու և երկակի չափանիշների մեջ։ Եթե նման արձագանք է հաջորդում ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը, ապա ի՞նչ ազատ արձակման մասին կարող է խոսք լինել, երբ Հայաստանի իշխանություններն այդ մասին մի բառ անգամ չեն ասում Բաքվի հետ բանակցություններում և գրեթե չեն բարձրացնում հարցը միջազգային հարթակներում:
Մինչդեռ կա մի միջոց՝ ստիպելու Ալիևին ազատ արձակել ապօրինի պահվող հայերին. միջազգային պատժամիջոցներ։ Այս մասին խոսվել է դեռևս 2023 թվականի սեպտեմբերին, երբ Արցախում ցեղասպանություն էր իրականացվում, ընդ որում՝ խոսվել է ամենատարբեր մակարդակներով. Եվրախորհրդարանի, ԱՄՆ Կոնգրեսի և Ֆրանսիայի Սենատի, այլ երկրների խորհրդարանների, իրավապաշտպանների։ Ադրբեջանի և նրա պաշտոնյաների, այդ թվում՝ Ալիևի ու իր կլանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներ հիմա էլ են հնչում. այսպես, հոկտեմբերի 27-ին ընդունվեց Եվրախորհրդարանի հերթական բանաձևը։
Այս համատեքստում հարկ է հիշել Human Rights First իրավապաշտպան կազմակերպության հաշվետվողականության գծով ավագ տնօրեն Ադամ Քիտի վերջերս արած հայտարարությունը, որը հնչել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ: Պատասխանելով հայերի դեմ հանցագործությունների համար Բաքվի դեմ «Մագնիտսկու գլոբալ ակտի» կիրառման մասին սենատոր Քրիս Վան Հոլենի հարցին՝ Քիտը նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ՝ հայ ռազմագերիների խոշտանգումների և արտադատական մահապատիժների պատճառով:
«Լեռնային Ղարաբաղի համատեքստում զինված հակամարտության հետ կապված որոշ գործողություններ աշխատակազմը կարող է ի վիճակի չլինել դիտարկել մարդու իրավունքների վերաբերյալ «Մագնիտսկու ակտի» շրջանակներում։ Սակայն այն դեպքերը, որոնք դուրս են այդ համատեքստից, այդ թվում գերիների արտադատական մահապատիժները, խոշտանգումները կամ սեռական բռնությունը, կարող են համապատասխանել չափանիշներին և պատշաճ հիմք հանդիսանալ տվյալ գործիքի կիրառման համար«»,- հայտարարել է Քիտը։
Անշուշտ, իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցչի կարծիքը, թեկուզև Սենատում լսումների ժամանակ հնչած, ամենևին չի նշանակում, թե Վաշինգտոնը պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, մանավանդ եթե հաշվի առնենք աշխատակազմի առաջիկա փոփոխումը։ Ճիշտ այնպես, ինչպես որ Եվրախորհրդարանի մի շարք բանաձևեր այդպես էլ չհանգեցրին ԵՄ-ի կողմից իրական քայլերի, իսկ Ֆրանսիայի Սենատի որոշումները՝ երկրի գործադիր իշխանության գործողությունների։
Բայց այլ ուղի, քան հասնել պատժամիջոցների, իսկապես չկա։ Նույնիսկ եթե Ալիևը Փաշինյանի հետ ինչ-որ ցինիկ գործարքների արդյունքում վերադարձնի մի քանի գերիների, դա հաստատ չի վերաբերի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Բացի ամենից՝ նաև այն պատճառով, ի դեպ, որ դա տարբեր նկատառումներով չի ուզում Նիկոլը։ Եվ առավելևս, իհարկե, կասկածից վեր է, որ Հայաստանի օկուպացիոն ռեժիմը երբեք ծպտուն անգամ չի հանի Բաքվի իր հանցակիցների դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին։
Մնացած միակ ճանապարհը հայ և միջազգային իրավապաշտպանների համատեղ գործողություններն են, տարբեր երկրների և կազմակերպությունների խորհրդարանական ու կառավարական կառույցներում Սփյուռքի լոբբիստական աշխատանքը՝ Բաքվի վրա ճնշման ուժգնացման հետ մեկտեղ։ Լուիս Մորենո Օկամպոն, ամենայն հավանականությամբ, Երևան էր եկել հետագա քայլերի նախորոշման նպատակով։ Բայց գտա՞վ արդյոք նա այստեղ պատասխանները. ահա թե որն է հիմնական խնդիրը: