ԲԱՔՈՒՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՑՄԱՀ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ

Արցախի նախկին պետնախարար, բարերար, գործարար Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի դատախազները շուրջ 45 հնարավոր մեղադրանքների նոր ու հսկայածավալ փաթեթ են առաջադրել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Վարդանյանի պաշտպանական թիմը՝ ահազանգելով, որ այսպիսի մեղադրանքներով ցմահ ազատազրկում է սպառնում Վարդանյանին։

«Ռուբեն Վարդանյանի դեմ ներկայացված նոր մեղադրանքներն առնչվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 20 տարբեր հոդվածների հատկանիշներին։ Շինծու ապացույցները ներկայացված են 100 հատորով, ընդհանուր ծավալը կազմում է մոտ 25 հազար էջ, ամբողջը՝ ադրբեջաներեն»,- ասված է հայտարարությունում։

Պաշտպանական թիմը նշել է, որ Բաքուն ենթադրյալ ապացույցները թաքցնում է հանրությունից՝ պատճառաբանելով, թե առնչվում է Ադրբեջանի ազգային անվտանգությանը: Միաժամանակ նրանք հրաժարվում են շինծու ապացույցների պատճենները տրամադրել Վարդանյանի փաստաբանին։

«Նրանց թույլատրվում է նյութերին ծանոթանալ առանց պատշաճ թարգմանության, սահմանափակ ժամկետներում, սակայն «ազգային անվտանգության նկատառումներով»՝ նրանք սահմանափակված են որևէ նշում կատարելու հնարավորությունից»,- տեղեկացնում է պաշտպանական թիմը։

Նման սահմանափակումների պայմաններում հնարավոր չէ պատշաճ կերպով պատրաստվել պաշտպանությանը։

Վարդանյան ընտանիքի միջազգային իրավախորհրդատու Ջարեդ Գենսերի խոսքով՝ Բաքուն հրաժարվում է պատշաճ տեղեկություններ տրամադրել, որովհետև հասկանում է՝ ցանկացած անկախ դիտորդ կնկատի, որ ներկայացված մեղադրանքներում որևէ արժանահավատ ապացույց չկա ու չի սատարի նրանց մերկապարանոց մեղադրանքներին:

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը դիմում է աշխարհին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել, որ միջազգային կազմակերպություններն ու լրատվամիջոցները ներկա լինեն դատավարությանը։

Sputnik Արմենիա