Պապիկյանը հանդիպում է ունեցել Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 17-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերրինի ու Սենատի մի շարք անդամների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախարարը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

«Կարևորել եմ համագործակցության բարձր մակարդակն ու զարգացման հեռանկարները՝ նշելով, որ ձեռքբերումները հնարավոր են եղել Սենատի շարունակական աջակցության շնորհիվ:

Սեդրիկ Պերրինը վերահաստատել է համագործակցության զարգացման գործում Սենատի աջակցության նշանակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր»,- նշված է գրառման մեջ։