ՈՉ ԹԵ ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏ, ԱՅԼ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԾԱՆՐ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Պարոնայք Փաշինյաններ,

Սոսկալի լավ առիթ ու հնարավորություն ընձեռեցիք Ձեր վեցամյա գործունեությանը մանրամասնորեն ու հանգամանալի անդրադառնալու համար: Ես, հոգու խորքում մարդասեր ու բարի ՀՀ քաղաքացիս, իմ համեստ ներդրումն եմ ցանկանում բերել մեր երկրում հենց ձեր ու ձեզ սատարողների գործունեության հետևանքով ստեղծված իրավիճակը պատմության համար արձանագրելու և ապագա պատմաբաններին փոխանցելու համար: Դա կարևոր առաքելություն է, որի իմաստն ու նշանակությունը չեք հասկանա, ինչպես և չեն հասկանա ձեր շրջապատում գտնվող պատմաբան-կեղծարարներն ու սպասարկու մտավորականները:

Այժմ ըստ էության ու բովանդակության ներկայացնեմ այն ծանրագույն մեղադրանքները, որոնց համար պատիժն ու դրա չափը ոչ ես եմ որոշում, ոչ էլ դուք, այլ ՀՀ գործող օրենքները:

Դուք մեղադրվում եք՝

1. Վաղորոք ծրագրված և նախապատրաստված հակապետական ու հակասահմանադրական գործողության մեջ ներքաշվելու, տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիների ցանկություններն ու նպատակները շահագործելու և այդ եղանակով շինծու իշխանափոխության ծրագրի մեջ գործուն մասնակցություն ունենալու համար:

2. Կանխորոշված ելքով պատերազմ հրահրելու, այդ պատերազմի սանձազերծման ու դրա հնարավոր հետևանքների մասին հասարակությանը չիրազեկելու, պատերազմի ընթացքում ռազմական և պետական գաղտնիքներ հրապարակելու, գիտակցաբար հարյուրավոր հայրենասեր հայ երիտասարդների դեպի ստույգ մահն ուղղորդելու համար:

3. Դուք մեղադրվում եք բազմաթիվ գործողություններով ու հայտարարություններով արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության ծրագրին մասնակցություն ունենալու մեջ: Դրա ամենացցուն ապացույցը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության տակ մինչ օրս «փայլող» ձեր ստորագրությունն է:

4. Դուք և ձեր թիմակիցները, ի հակադրումն ՀՀ տարածքային անձեռնմխելիությունն ապահովելու ՀՀ Սահմանադրության պահանջի և երկրի ռազմակալված տարածքները շուտափույթ ազատագրելու անհրաժեշտության, վտանգավոր ու անհիմն հայտարարություններով թշնամի երկրին նոր տարածքներ գրավելու համար պարարտ հող եք նախապատրաստում:

5. Դուք և ձեր հովանավորյալները ոչ միայն մսխել եք վերջին երեք տասնամյակներում բազմաթիվ զոհողությունների ու զրկանքների գնով ձեռք բերվածը, այլև բոլոր ասպարեզներում ու բոլոր ոլորտներում էլ ավելի խոցելի եք դարձրել ՀՀ անվտանգությունն ու ապագան՝ հենց ձեր կերպարով ստորացնելով հազարամյակների պատմական ժառանգություն ու մշակույթ ունեցող հայ ժողովրդին:

6. Դուք վերածվել եք Ադրբեջանի ու Թուրքիայի ազդեցության գործակալ-խոսնակի, ձեր հայտարարություններով և ահաբեկումներով հող նախապատրաստելով ապագայում նոր կորուստների ու զիջումների համար:

7. Միայն ձեր նման տիպարը կարող է նստել հազարավոր հայ երիտասարդների կոտորածի ու խեղման համար պատասխանատու երկրի առաջնորդի կողքին ու հումոր անելով ժպտա ու ծիծաղի: Դա նույնպես պատասխանատվություն է ենթադրում:

8. Դուք ձեր թիմակիցներով հանդերձ էլ ավելի ամրացրեցիք ու նոր գույներով հարստացրեցիք մեր երկրում վաղուց ձևավորված համակարգային կոռուպցիան, հովանավորչությունը, ընտրովի և, ըստ էության, հանցավոր արդարադատության համակարգը: Դուք դարձաք հանցագործություններ կոծկելու, սպանություններ չբացահայտելու արատավոր համակարգի գլխավոր երաշխավորն ու խորհրդանշանը:

9. Դուք, ձեր նախարարներով հանդերձ, փորձում եք կրթության ու գիտության ոլորտում ներդնել ձեր մտավոր կարողություններից ու ունակություններից վեր նախագծեր հիմքում ունենալով քրեաօլիգարխական համակարգին եկամտի նոր աղբյուրների ապահովումն ու սպասարկումը: Դա նույնպես համարվում է հանցագործություն

10. Դպրոցական պատմության և մյուս առարկաների դասագրքերի ապաշնորհ պատրաստումը, բազմաթիվ կոռուպցիոն ռիսկերն ու մասնագետ-գիտնականներին ստորագույն ձևերով ահաբեկելը դարձավ ձեր քաղաքական թիմի հիմնական այցեքարտը:

11. Դուք մեղադրվում եք հասարակության բևեռացման, այլանդակ նոր բարքեր ներդնելու, էժանագին մանիպուլյացիաներով երկիր կառավարելու, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք կապերը գիտակցաբար թուլացնելու ու խարխլելու համար:

12. Դուք ղեկավարում եք քաղաքական շինծու մի միավոր, որի անդամներից շատերը ժամանակին հավաքագրվել են հանցավոր գործունեության հիմքով ու համասեռամոլ կյանք վարելու մեղադրանքով:

13. Դուք մեղադրվում եք ազգային ու պետական խորհրդանշանները ծանակելու, հայոց պատմության հարցերի և ազգային հիշողության շուրջ ոչ մասնագիտական ու իր բնույթով այլանդակ որոշումներ ընդունելու և դրանց սպասարկման համար բարոյական նկարագրից զուրկ կեղծ մտավորականների ներքաշելու մեջ:

14. Ձեր հայտարարություններով դուք բազմաթիվ անգամ ժխտեցիք ու հարցականի տակ դրեցիք Հայոց ցեղասպանության պատմական փաստը, հարյուր հազարավոր հայորդիների տառապանքն ու դաժան ճակատագիրը վերածելով պարզունակ ու փողոցային լրագրողական մեկնաբանության:

15. Դուք և ձեր համակիրները վերջին տարիներին ապականեցրիք ու հարաբերականացրեցիք Հայոց ցեղասպանության հիշողությունն ու Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրը՝ իզուր փորձելով այդ կերպ սիրաշահել ցեղասպանությունն այլ եղանակներով շարունակող Թուրքիային:

16. Հենց դուք եք մեղադրվում Հայոց ցեղասպանոթյան թանգարան-ինստիտուտում ձեր իսկ որոշումով ստեղծած Հոգաբարձուների խորհրդի կազմում գողության ու այլ հանցագործությունների մեջ կասկածվող անձանց ներդնելու, այդ հանցագործությունների վերաբերյալ գրավոր հարցումներին չպատասխանելու ու բազմաթիվ այլ հանցագործություններ կոծկելու համար:

17. Հանդիսանալով ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ, անձամբ պատասխանատվութուն եք կրում հիմնադրամի միջոցով հավաքագրված ու անհայտացած գումարների համար, մինչ հանրությանը սպառիչ տեղեկություն կտրամադրվի դրանց հետագա ճակատագրի վերաբերյալ:

18. Դուք եք կրում ողջ պատասխանատվությունը կադրային խայտառակ քաղաքականության համար, որի հետևանքով հարաբերականացվել է պետական կառավարում կոչվածն ու պետականաստեղծ գործընթացները: Բախտախնդիրների ու պատեհապաշտների առատությունը ձեր քաղաքական թիմում մեր երկրի ապագան դարձնում են էլ ավելի մշուշոտ ու որևէ երաշխիքից զուրկ:

19. Հենց ձեր համակիրներն ու ձեր կողմից խայտառակ եղանակով իրականացված իշխանազավթման գործընթացը սպասարկող անձինք են առատ նյութ տալիս թշնամի երկրի հակահայ քարոզչությանը, որի համար նույնպես պատասխանատվություն եք կրելու: Դուք և ձեզ սատարողներն ու սպասարկողները Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ի մասնավորի` տեղեկատվական անվտանգությունը խաթարող հիմնական անձինք եք, մի բան, որի նախադեպը չկա համաշխարհային պատմության մեջ:

20. Դուք եք կրում հղի հայ կնոջն ու ԱՊԱԳԱ ՀՀ քաղաքացուն սպանելու ողջ պատասխանատվությունը և դա ամենամեծ ու ողբալի խորհրդանշանն է, որը որպես խարան կրելու եք ձեր ողջ կյանքում:

Հայ ժողովրդի ու նրա կերտած պետականության հենց այս սև էջերն եք շարունակում լցնել ու լրացնել, ձեզ սպասարկող ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ վայ-մտավորականներով հանդերձ…

Ինչ վերաբերում է գնդակահարությանը և հարմար պատին, ապա ազատ զգացեք ինքնուրույն որոշելու, թե ինչ տրամաչափի գնդակ կնախընտրեիք այս պարագայում: Ես քրիստոնեաբար հրաժարվում եմ ձեզ գնդակահարելուց, քանի որ ըստ ՀՀ գործող օրենքների, խիստ ցանկալի եմ դիտում ձեզ ցմահ ազատազրկելը, որպես ազգային դավաճանության և հայկական պետականության լուծարման գործին լծված անձի դեմ կիրառվելիք պատժի կենդանի ապացույց:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ, ֆեյսբուքյան էջ