ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՐԴԻԿ ՎԱԽԵՆՈՒՄ ՈՒՐԲԱԹ 13-ԻՑ

Դուք տառապու՞մ եք ֆրիգատրիսկայիդեկաֆոբիայով՝ ուրբաթ 13-ի վախո՞վ: Ոչ միայն դուք։ Սա արևմտյան մշակույթի ամենատարածված սնահավատություններից մեկն է՝ սև կատվի կամ աստիճանների տակով քայլելու վախին հավասար: Ըստ սոցիոլոգների, միայն ԱՄՆ-ում մոտ 20 միլիոն մարդ տառապում է այս բարդ անունով ֆոբիայով (Frigg-ը հին գերմանական աստվածուհու անունն է, որի պատվին հայտնվել է անգլերեն «Ուրբաթ» բառը, իսկ տրիսկաիդեկաֆոբիան՝ վախը. 13 թվից): Ընդ որում, եթե ոմանք այդ օրը պարզապես թքում են ուսի վրայով, ապա մյուսները հրաժարվում են թռչել ինքնաթիռով, բիզնես գործարքներ կնքել կամ նույնիսկ տանից դուրս գալ։

Ինչպես նշում է Euronews-ը, ֆրիգատրիսկայիդեկաֆոբիայի ծագումը, ինչպես սնահավատությունների մեծ մասը, դժվար է ճշգրիտ որոշել: Ենթադրվում է, որ անիծված թվի գաղափարը կարող է գալ սկանդինավյան դիցաբանությունից. մինչ 12 աստվածները խնջույք էին անում Վալհալայում, 13-րդը՝ անկոչ հյուրը, որը հայտնի էր Լոկի անունով, եկավ և խաբելով կույր Հեդ աստծուն (Օդինի և Ֆրիգայի որդուն) ստիպեց նրան կրակել իր եղբոր՝ Բալդրի վրա:

Այնուհետև այս սնահավատությունը տարածվեց Եվրոպայի հարավում՝ վերջնականապես ձևավորվելով քրիստոնեական դարաշրջանի սկզբում մեկ այլ՝ Խորհրդավոր ընթրիքի պատմությամբ, որին ներկա էին Հիսուս Քրիստոսը և նրա աշակերտները: 13-րդ հյուրը ոչ այլ ոք էր, քան Հուդան, որը դավաճանեց Քրիստոսին: Նաև աստվածաշնչյան ավանդության մեջ ուրբաթ օրը համարվում է այն օրը, երբ Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, իսկ Կայենը սպանեց իր եղբայր Աբելին...

Շատերի ընկալմամբ 13 թիվը վատ է միայն այն պատճառով, որ հաջորդում է 12-ին։ Թվագիտության մեջ դյուժինը համարում են «ամբողջական թիվ». տարվա 12 ամիս. թվատախտակի 12 բաժանմունք; Կենդանակերպի 12 նշան; Հերկուլեսի 12 սխրանք; Օլիմպոսի 12 աստված... 12-ի համեմատ 13 թիվը սխալ է թվում: Ինչ վերաբերում է ուրբաթին, ապա շատերն այն համարում են անհաջող օր այն ժամանակներից, երբ 14-րդ դարում լույս տեսավ Չոսերի «Քենթերբերիի պատմությունները» հայտնի «Այս ամենը եղել է ուրբաթ օրը՝ լեռան վրա» պատմվածքով:

Սնահավատության ձևավորման գործում մեծ դեր են խաղացել գրականությունը, կինոն, և, իհարկե, կյանքը։ Թոմաս Ուիլյամ Լոուսոնի 1907 թվականին գրած «Ուրբաթ, տասներեքը» վեպը պատմում է ֆոնդային միջնորդի մասին, որն այդ օրը քաոս է առաջացնում Ուոլ Սթրիթում. Գերմանիայի կողմից Բուքինգհեմյան պալատի ռմբակոծումը տեղի է ունեցել 1940 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ուրբաթ օրը. հիշենք նաև «Ուրբաթ 13» սերիալը, որտեղ հոկեյի դիմակով մարդասպանը կոտորած է անում...

Ի դեպ, ոչ բոլորն են հակակրանքով վերաբերվում ուրբաթ օրվան։ Այսպես, իսպանախոս և հունական մշակույթներում երեքշաբթի 13-ն է համարվում անհաջող օր։ Հունաստանում այդ օրը զուգակցվում է պատերազմի աստված Արեսի հետ, իսկ երեքշաբթիի հունարեն անվանումը՝ «tritii» կամ «երրորդ» - ամրապնդում է սնահավատությունը, քանի որ ձախորդությունը, իբր, գալիս է եռյակ խմբով: Սրան գումարենք այն փաստը, որ Կոստանդնուպոլսի անկումը երկու անգամ էլ տեղի է ունեցել երեքշաբթի օրը:

Իսկ Իտալիայում 13 թիվը համարվում է հաջողակ, իսկ վատահամբավը ուրբաթ 17-ն է։ 17 թվի և ձախորդության միջև կապը գալիս է XVII հռոմեական թվանշանից: Թվանշանների վերադասավորումից առաջանում է VIXI բառը, որը թարգմանվում է որպես «ես ապրել եմ» անցյալ ժամանակով, ինչը մահ է ենթադրում։ Ահա թե ինչու ազգային ավիափոխադրող Alitalia-ն իր ինքնաթիռներում 17-րդ շարք չունի:

Թե՛ ուրբաթ օրը, թե՛ 13 թիվը միշտ չեն անհաջողակ եղել։ Դարեր շարունակ պաշտոնական կրոններն ու կնատյացությունը սահմանափակել և ոչնչացրել են հեթանոսությունը և դրան բնորոշ կանանց տոները, որոնք հաճախ համընկնում էին ուրբաթ օրվան՝ ելնելով այն համոզմունքից, որ այդ օրը յուրահատուկ կապ ունի աստվածային կանացի սկզբի հետ: Արդեն հիշատակված Ֆրիգը Ասգարդի թագուհին էր և մայրության և պտղաբերության աստվածուհին: Հետևաբար, սկանդինավցիների և տևտոնների համար ուրբաթ օրը համարվում էր լավ օր ամուսնության համար, իսկ 13 թիվը մնում էր հաջողության ավետաբեր նախաքրիստոնեական մշակույթներում, որտեղ պաշտում էին պտղաբերության աստվածուհիներին՝ կապված լինելով օրացույցային տարվա ընթացքում լուսնային և դաշտանային ցիկլերի քանակի հետ։

Մեր օրերում փոփ աստղ Թեյլոր Սվիֆթն է դեմ արտահայտվում սնահավատությանը։ Նա իր հաջողակ թիվը համարում է 13-ը և իր կարիերայի սկզբում հաճախ էր ելույթ ունենում՝ ձեռքին արված 13 գրությամբ։ «Ես ծնվել եմ 13-ին։ Ուրբաթ 13-ին ես դարձա 13 տարեկան։ Իմ առաջին ալբոմը ոսկե դարձավ 13 շաբաթվա ընթացքում: Իմ առաջին թիվ 1 երգն ուներ 13 վայրկյանանոց ներածություն,- թվարկել է երգչուհին MTV-ի հետ հարցազրույցում 2009 թվականին: - Ամեն անգամ, երբ մրցանակ էի ստանում, նստած էի լինում կա՛մ 13-րդ տեղում, կա՛մ 13-րդ շարքում, կա՛մ 13-րդ հատվածում, կա՛մ M շարքում, որը այբուբենի 13-րդ տառն է։ Ընդհանրապես, երբ իմ կյանքում հայտնվում է 13 թիվը, դա լավ է»։

News.am