Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ՈՐԵՎԷ ՀԱՅ ՈՐԵՎԷ ԵՐԿՐԻ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀՀ-Ի ԿՈՂՄԻՑ ՉԻ ԿԱՐՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ ՀԱՆՁՆՎԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

«Այդ հայտարարությունը նշանակում է, որ Ադրբեջանը նաև պատերազմական ու այլ հանցագործությունների հասցեատեր է դիտում մարդկանց, որոք այս պահին Հայաստանում են, ակնկալիք է ձևավորում, որ նշված անձինք հանձնվեն Ադրբեջանին»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դատախազության հայտարարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Հայաստանի պատկան մարմիններին հրավիրել է համագործակցել Արցախի Հանրապետության՝ Բաքվում կալանքի տակ գտնվող նախկին ռազմաքաղաքական ղեկավարների դեմ քրեական գործով:

Սահակյանն ընդգծեց՝ բոլոր միջազգային կառույցներն ու պայմանագրերն ունեն դրույթներ, որով արգելում են համագործակցությունը քաղաքական հետապնդում ենթադրող գործընթացներում։

«Այս պահին մենք ունենք քաղաքական հետապնդումներ, հետապնդումների զոհ հանդիսացող անձինք։ Այդ պարագայում մերժման հստակ հիմք գոյություն ունի։ Ավելին, մարդու իրավունքների ստանդարտներն արգելում են մարդուն հանձնել մի երկրի, որտեղ կա խոշտանգումների, կյանքի դեմ ուղղված ու այլ հանցագործությունների վտանգ։ Որևէ հայ որևէ երկրի, այդ թվում Հայաստանի Հանրապետության կողմից չի կարող օրինական կերպով հանձնվել Ադրբեջանին, քանի որ Ադրբեջանում բոլոր հայերը սպանվում են, խոշտանգվում են։ Ադրբեջանում հայերի նկատմամբ կա ռասիստական քաղաքականություն, և դա արգելում է որևէ հայի հայտնվելն ադրբեջանական հսկողության ներքո»,-ընդգծեց Ս. Սահակյանը։

Մասնագետի գնահատմամբ, Ադրբեջանի կողմից հնչեցրած համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի, այստեղ պետք է տեսնել միայն քաղաքական ենթատեքստ։

«Մյուս կողմից նման առաջարկը կարող էր տրամաբանական լինել այն պայմաններում, երբ Ադրբեջանը կհամագործակցեր Հայաստանի հետ հայ տուժողների իրավունքների խախտումները վերացնելու հարցում։ Ադրբեջանը պետք է որ տեղյակ լինի, մեկ տասնյակից ավելի դատական ակտեր կան կայացված, որոնք արձանագրել են, որ Ադրբեջանում առևանգվել, սպանվել, խոշտանգվել են, բռնի կերպով անհետացել են հայեր, այս հանցագործութունների մոտիվացիան եղել է զոհերի հայ լինելը։ Եվրոպական դատարանը պահանջ է դրել Ադրբեջանի առաջ հետաքննել, բացահայտել մեղավորներին ու ենթարկել պատասխանատվության՝ հայ տուժողների իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով։ Ուստի համագործակցության լավագույն հարթակն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ համատեղ աշխատանքով հայ տուժողներին քրեական գործերով ճանաչի տուժող, իրականացնի արդյունավետ քննություն ու տուժողների մասնակցությամբ, տուժողների իրավունքները հարգելով ապահովի ադրբեջանցի հանցագործների դատարանի առջև կանգնելը»,-ասաց Սահակյանը։

Panorama.am