Սալոմե Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանում հայտարարել է Վրաստանում իշխանության բռնատիրման մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրոպային և Եվրամիությանը կոչ է արել «գործել հնարավորինս արագ»՝ օգնելու համար կարգավորել Վրաստանի ճգնաժամը, գրում է «Новости-Грузия»-ն:
«Սա վճռորոշ ժամանակ է Վրաստանի համար։ Մենք զգում ենք, որ 1921 թվականին ենք»,-հայտարարել է Զուրաբիշվիլին։
«Մենք կարող ենք շարժվել դեպի քաղաքացիական առճակատում, բայց ժողովուրդը չէ, որ պառակտված է... Մի կողմում Վրաստանի ժողովուրդն է, մյուսում՝ իշխանության ռեպրեսիվ ապարատը»,- ասել է նա։
Ըստ Զուրաբիշվիլիի՝ Վրաստանի իշխող կուսակցությունն «առնվազն 2019 թվականից գնում է ռուսական ճանապարհով», որի դրսևորումն «Գավրիլովի գիշերն» էր։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, «Վրացական երազանքը ստիպված էր ձևացնել, թե ցանկանում է շարժվել դեպի Եվրոպա, քանի որ նույնիսկ նրա կողմնակիցների մեծամասնությունն է ցանկանում եվրոպական ճանապարհը»։
Նա հայտարարեց իշխանության բռնատիրման մասին՝ նշելով, որ «ընտրությունները կեղծվել են առանձնապես հնարամիտ եղանակով»։
Զուրաբիշվիլին Եվրախորհրդարանին կոչ է արել ուշադրություն դարձնել այն փաստին, որ երկրում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում, «Դամոկլյան սուրը» այժմ կախված է Վրաստանում հասարակական կազմակերպությունների և անկախ լրատվամիջոցների գլխին, և մեկ շաբաթից նա ինքը չի ունենա պաշտպանվելու որևէ բան, որից օգտվում էր որպես երկրի նախագահ:
Նա Եվրամիությանը կոչ է արել «օգտագործել առկա բոլոր լծակները»՝ Վրաստանում նոր ընտրությունների հասնելու համար, որոնք կարող են ելք լինել քաղաքական ճգնաժամից։
News.am