«ՄՈԽՐՈՏԻԿԸ ԵՎ ՌՈՔՆՌՈԼԸ» ԱՄԱՆՈՐԻՆ

2025 թ հունվարի 4-ին և 5-ին Երևանի պատանի հանդիսատեսին սպասում է «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ամանորյա գրավիչ ներկայացումը՝ Շառլ Պերոյի հեքիաթների մոտիվներով։

Ռեժիսոր և Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրությունը կներկայացնի հետաքրքիր երաժշտական պատմություն Մոխրոտիկի և նրա ընկերների մասին։ Բեմադրությունում ընդգրկված են հիմնական թատերախումբը և թատրոնին կից ստեղծված երիտասարդական ստուդիայի դերասանները, որոնց համար սա առաջին բեմելն է լինելու։

ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ նախապատրաստված ամանորյա ներկայացումը հունվարյան այդ օրերին ցուցադրվելու է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմում։

«Մենք շատ բան գիտենք հին ժամանակների Մոխրոտիկի մասին։ Բայց այսօր էլ շատ Մոխրոտիկներ կան և նրանք բոլորը երազանք ունեն։ Արևային Թագավորության մեր Մոխրոտիկը նույնպես երազանք ունի, իսկ թե ինչի մասին է այն, դուք երբեք չեք կռահի։ Բայց կիմանաք, եթե այցելեք «Մոխրոտիկը և ռոքնռոլը» ներկայացումը», - ասվում է ներկայացման ազդագրում։

Նշենք, որ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը հիմնադրվել է 2022 թ Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ։ Թատրոնը վերապրել է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և հարազատ հողից բռնի տեղահանումը։ Երևանում վերածնվել և գործում է ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմի և բարեկամների աջակցությամբ, որի ղեկավար Յուրի Նավոյանը նաև թատրոնի Հոգաբարձուների խարհրդի նախագահն է։