Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավարի մուտքը Հայաստան

Հնարավոր է` արգելվի նաև Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան։ Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը։

Պարբերականի տեղեկություններով` ՌԴ–ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը ՀՀ ԱԳՆ-ին է փոխանցել ռուսաստանաբնակ հայերի «սև ցուցակ», որոնց մուտքը Հայաստան առաջարկվում է արգելել։ Ցուցակում ավելի քան 550 անուն կա՝ լրագրողներ, մշակույթի գործիչներ, քաղաքագետներ, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչներ և այլն։

Դեկտեմբերի 15-ին հայտնի դարձավ, որ արգելվել է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան, ինչը Ռուսաստանում գնահատեցին որպես ոչ բարեկամական քայլ: Նախնական տվյալով՝ նա Երևան էր եկել ծնողների գերեզման այցելելու նպատակով, սակայն նրան թույլ չէին տվել «Զվարթնոց» օդանավակայանից մուտք գործել Հայաստան:

««Քաղհասարակության»՝ իշխանության շահերը սպասարկող մի քանի ներկայացուցիչներ և ՔՊ-ին կից որոշ մինի-կուսակցությունների ղեկավարներ այնքան են ոգևորվել, որ նույնիսկ սկսել են տարբեր անուններ շրջանառել, չի բացառվում՝ հենց վերը նշված ցուցակից»,– գրում է թերթը:

Ըստ «Փաստի»` կա տեսակետ, որ այսպիսով իշխանությունները համապատասխան տեղեկատվական ֆոն են ապահովում։

Sputnik Արմենիա