Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության արդեն նախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Դավիթ Առուշանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»,– ասված է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Առուշանյանը դեկտեմբերի 11–ին մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։

Նա 2021-2022թթ.–ին եղել է Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ: 2018 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2022թ. հոկտեմբերի 26-ին ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ԱԺ–ում Առուշանյանին կփոխարինի Ջուլիետա Ազարյանը (նա ՔՊ–ի նախընտրական ցուցակում հաջորդ համարն է)։ Ազարյանն այժմ բաղեցնում է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

Sputnik Արմենիա