Պապիկյան․ Հանրության շրջանում շահագրգռված չեն վերականգնել զինակոչիկի առողջությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց նախագծի, որով սահմանվում են փոփոխություններ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում։

Ներկայացնելով նախագիծը՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց «Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարկետման ժամկետի ավարտից և առողջապահական վիճակի վատթարացում չարձանագրումից հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները»:

Նրա ներկայացմամբ, խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ զինակոչիկին որոշ հիվանդությունների նախանշանների պարագայում տրվում է մեկ տարով տարեկետում և ենթադրվում է, որ այդ ընթացքում, դիտարկման ընթացքում պիտի տեսանելի դառնա, թե արդյոք տվյալ զինակոչիկի հիվանդությունը զարգանում է, բարդանում է, որը կտանի ազատման, թե ոչ:

«Փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը, բժշկական միջամտության միջոցով առողջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարել: Սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա և մեր գնահատմամբ սա մի յուրօրինակ սողանցք է զինվորական ծառայությունից խուսափելու համար։ Այս փոփոխությունով վերականգնում ենք նաև արդարությունը և հնարավորություն չենք ընձեռում տարաբնույթ միջոցներով և ձևերով զինվորական ծառայությունից խուսափելը, «խրախուսելը»,- հայտարարեց Պապիկյանը:

Նա ընդգծեց, որ մի իրավիճակային խնդիր կա, կապված է լեղապարկի վիրահատության հետ. «Մեր սպաների մի զգալի հատված, տարիքի բերումով ունենում է լեղապարկի խնդիրներ և հաշվի առնելով, որ ժամանակակից վիրահատությունները լինում են շատ արագ և առողջության վրա էական ազդեցություն չեն թողնում և սպաներ, որոնք ուզում են ծառայել, ստիպված են լինում այս հիվանդության բերումով հաճախ ընդհատել զինվորական ծառայությունը, որովհետև համարվում է ոչ պիտանի ծառայության համար, եթե դիմեն համապատասխան հանձնաժողովին իրենց առողջությունը վերագնահատելու համար։

Եվ առաջարկում ենք այս հիվանդությունը նույնպես սահմանափակումով ծառայելու հնարավորություն ընձեռի և շատ սպաներ հնարավորություն կունենան ոչ միայն ծառայելու, այլ հետագայում ատեստավորվելու և բնականոն իրենց ծառայությունը շարունակելու»,- ընդգծեց ՊՆ նախարարը:

News.am