ԿԻՍԵԼՅՈՎԻՆ ՏՎԱԾ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՈՒՄ ԱԼԻԵՎՆ ԻՆՔԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած ինչպես բացահայտ, այնպես էլ սքողված հիմնական ուղերձներն ակներևաբար հաստատում են. չկա ոչ մի «խաղաղ գործընթաց», կան միայն ադրբեջանական կողմի միակողմանի պահանջներ, որպես այդպիսին Հայաստանի ինքնիշխանության և սուբյեկտայնության իսպառ անտեսում և պատերազմի սպառնալիք՝ այն դեպքում, եթե հայկական ղեկավարությունը չկատարի Ալիևի բոլոր քմայքները:
Ուշադրություն դարձրեք. խոսելով Թուրքիայի հետ ռազմական դաշինքի մասին՝ Ալիևն առճակատ և բացահայտ հայտարարում է, որ այդ երկրի հետ ռազմական համագործակցությունը շարունակվում է 1992 թվականից, և ավելի քան 30 տարվա ընթացքում թուրքական ռազմական կառույցները մեծ դեր են խաղացել ադրբեջանական բանակի արդիականացման գործում ամեն առումով. սպառազինման, ուսուցման, մասնագետների, ռազմական աջակցության և այլն: Այդպիսով ևս մեկ անգամ ընդունելով, որ Թուրքիան իր դերակատարությունն է ունեցել 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ժամանակ։ Իսկ 44-օրյա պատերազմից հետո ստորագրված դաշնակցային հռչակագրում արդեն հստակ շարադրված կետ կա փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ։
«Մենք տարեկան մինչև 10 համատեղ զորավարժություններ ենք անցկացնում»,- պարծենում է Ալիևը, հավելելով, որ Ադրբեջանի 2025 թվականի ռազմական բյուջեն ռեկորդային է լինելու. 5 միլիարդ դոլար։
Եվս մեկ մեջբերում. «Հայաստանը մեզ հետ սպառազինությունների մրցավազքին չի դիմանա, թեև սպառազինության մեծ մասը նրանք ստանում են վարկով։ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին Արցախում իրականացված գործողության արդյունքները չպետք է մոռացվեն։ Նրանք (հայերը – Զ.Գ.) նաև պետք է հասկանան, որ չնայած Մակրոնի և ԱՄՆ Պետդեպարտամենտի աջակցությանը, իրենց ոչ ոք չի օգնի «հողի վրա»։ Ինչո՞վ օգնեց նրանց Մակրոնը 2020 թվականին, ո՞ր տեղից բռնած աջակցեց»։
Եթե հայկական բանակի զինման գործընթացը շարունակվի, ապա հետո թող ոչ մի դժգոհություն չլինի, բացահայտ սպառնում է Ալիևը՝ մոռանալով հիշատակել, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ինքնիշխան Հայաստանի տարածք և մինչ օրս այստեղ են: Զարմանալի է, որ Կիսելյովն այդ մասին չնշեց։ Հարցազրուցավարի անձնական կանխակալությունն է արդյոք դրա պատճառը, թե հայ-ռուսական հիմնովին փլուզված հարաբերությունները, կամ էլ գուցե երկուսը միասին, պարզ չէ, բայց տպավորությունը նողկալի է։
Ըստ էության, Ալիևը պնդում է, թե Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ավելացնել իր երկրի ռազմական բյուջեն, սպառազինություն գնել, ռազմական թեժ էքստազի մեջ սերտաճել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ, բայց, նրա կարծիքով, Հայաստանը չպետք է զարգացնի իր պաշտպանունակությունը, չպետք է զենք գնի, քանի որ հակառակ դեպքում Ալիևը կրկին պատերազմով կգա՝ հիմա արդեն Հայաստանի դեմ։ Մինչդեռ Ադրբեջանի նախագահի անկեղծացումների համատեքստում կցանկանայինք հասկանալ, թե ինչով է զբաղված մեր պետանվտանգությունը, եթե նկատի առնենք Ալիևի հոխորտանքը, որ Ադրբեջանը հետևում է Հայաստանի տարածք բոլոր սպառազինությունների մուտքին. իբր՝ հաշվի առնելով հայկական տարածքի ներկայիս խորությունը, դա անելը դժվար չէ։
Խաղաղության պայմանագիրը և Հայաստանի միաժամանակյա սպառազինումը անհամադրելի գործընթացներ են,- բարբառում է Ալիևը։ Իսկ խաղաղության պայմանագիրն ու Ադրբեջանի սպառազինումը համադրելի են։ Ա՜յ քեզ բան։
ԱՅՆՈՒՀԵՏ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄԸ։ 17 կետերից 15-ը համաձայնեցված են։ «Մեր պայմաններով»,- նշում է Ալիևը: Մյուս երկուսից մեկը միմյանց դեմ միջազգային հայցերից զերծ մնալն է։ Այլապես Ադրբեջանը ավելի քան 150 միլիարդ դոլարի հայց կներկայացնի, շանտաժում է Ադրբեջանի նախագահը։ Մյուս կետը սահմանին այլ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելն է։ Խոսքը ԵՄ դիտորդական առաքելության մասին է։
Գումարած Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։
«Եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ստեղծվել է ղարաբաղյան հարցի կարգավորման համար, ապա ինչի՞ համար է դա հիմա պետք»,- հայտարարում է Ալիևը՝ դրանով իսկ նախանշելով սեփական խոցելի կետերը: Եթե պատմության աղբանոց ուղարկենք Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները՝ չեղարկելով ագրեսորի դեմ հայցերը, ապա ոչ մի երկիր և ոչ մի միջազգային կառույց չի կարողանա պատասխանատվության ենթարկել ալիևյան ռեժիմին հայերի դեմ հանցագործությունների համար։ Չենք խոսում արդեն պատժամիջոցների կիրառման մասին։ Նույնը վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ-ին։ Այն չի գործում, բայց քանի դեռ դե յուրե գոյություն ունի և ցանկացած պահի կարող է վերսկսել իր գործունեությունը հանուն արդարության, Ալիևը հանգիստ չի քնի։
Սակայն ամենամեծ ցինիզմը վերոնշյալ հարցազրույցում, ներառյալ ոչ միայն Ալիևի խոսքերը, այլև հաճոյացող Կիսելյովի արձագանքը, վերաբերում էր Արցախի և արցախցիների հետ տեղի ունեցածին։ Այն հարցին, թե քանի հայ է մնացել Ղարաբաղում, Ալիևը պատասխանեց՝ 20 հոգի։ Դրանով իսկ արձանագրելով հայերի նկատմամբ Ադրբեջան ցեղասպան պետության ոճրագործության ողջ հրեշավորությունը։ 150.000-ից մնացել են 20-ը: «Նրանք կարող են դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, կարող են դիմել քաղաքացիություն ստանալու համար։ Իսկ եթե կարծում են, թե ապրում են ինչ-որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, ապա դրանք իրենց խնդիրներն են»,- հայտարարում է Ալիևը, ըստ էության հավասարեցնելով իրենց հայրենի հողից, իրենց տներից վտարված մարդկանց Ադրբեջանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող խոպանչիներին։
Այնուհետ՝ արդեն ծանոթ երգը «Արևմտյան Ադրբեջանի» մասին և 300 հազար ադրբեջանցիներին Հայաստան, «իրենց պատմական տարածք» վերադարձնելու պահանջը։
Հիմա ասացեք. ի՞նչ «խաղաղության պայմանագրի» մասին կարելի է խոսել իր նախագահի շուրթերով նման դիրքորոշումներ հնչեցնող երկրի հետ։ Ալիևի հայտարարություններն ակնբախորեն ցույց են տալիս, որ չկա ոչ մի «խաղաղ օրակարգ», կան վերջնագրեր՝ միայն ադրբեջանական շահերի հաշվառումով, համեմված պատերազմի բացահայտ սպառնալիքով։ Ի՞նչ պատասխան կհաջորդի Հայաստանից։