Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՈՒ՞Մ ՀԵՏ ԵՔ ԿԱՊԵԼ ՀՈՒՅՍՆԵՐԴ ԵՎ Ի՞ՆՉ ՍՏԱՑԱՔ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ 6 ՏԱՐԻ ՀԵՏՈ
2018թ. սեպտեմբերին, USAID-ին NDI-ի և CRRC Armenia-ի հետ համատեղ, «Հեղափոխությունից հետո. ՀՀ քաղաքացիների գերակայություններն ու սպասելիքները նոր կառավարությունից» խորագրով հետազոտություն էր հրապարակել: Հասարակական կարծիքի ուսումնասիրություններն արվել էին ամբողջ հանրապետությունում` 2018թ. օգոստոսի 22-ից 26-ը: Այսինքն` Նիկոլի, այսպես կոչված, «հեղափոխությունից» շուրջ երեք ամիս հետո՝ հասարակության էյֆորիայի գագաթնակետին:
Ըստ այդ հարցման, Հայաստանի քաղաքացիները հույս ունեին, որ նոր կառավարությունը, առավելագույնը հինգ տարվա ընթացքում, կլուծի հետևյալ առաջնային խնդիրները: Անցել է ավելի քան վեց տարի, և ունենք հետևյալ պատկերը:
1. Աշխատանք
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024թ. առաջին կիսամյակում գործազրկությունը կազմել է շուրջ 14.7%: Ես չգիտեմ, թե զբաղվածների քանի տոկոսն է իր աշխատանքով կարողանում լուծել նվազագույն սոցիալական կարիքները, այնուամենայնիվ, ՀՀ քաղաքացիների գործազրկության հարցը շուրջ յոթ տարի հետո լուծված չէ: 2017թ. համեմատ գործազրկությունը նվազել է ընդամենը 3,1%-ով:
2. Տնտեսական աճ
Ոչ մի մասնագետ առ այսօր, հրապարակային չի բացատրել, թե եթե չլիներ Սերժ Սարգսյանի` ԵԱՏՄ մտնելու որոշումը և եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտության արդյունքում Հայաստան ներհոսած զուգահեռ էքսպորտը, ռելոկացիոն բիզնեսներն ու վերարտահանումները, ապա ի՞նչ վիճակ կունենար Հայաստանի տնտեսությունը 44-օրյա աղետալի պատերազմի, Արցախի կորստի և կրկնակ աճած պետական պարտքի պարագայում: 2017թ. ՀՀ տնտեսական աճը կազմել է 7,5% իսկ 2024թ., ըստ կառավարության, տնտեսական աճը կլինի մոտ 6 %: Այսինքն` շուրջ 1,5%-ով պակաս, քան կար Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարում:
3. Օտարերկրյա ներդրումներ, աշխատող գործարանների ավելացում
Ես չգիտեմ, թե քանի աշխատող գործարան է ավելացել կամ ի՞նչ են դրանք արտադրում՝ բացի գործող կառավարիչների խոստացված ու գոյություն չունեցող «Սեպուհ» ավտոմեքենայի գործարանից, Կոտայքի արևային պանելների գործարանից, Արթիկի վերելակների գործարանից, Մերձավանի հայկական հեռուստացույցների և այլ կենցաղային տեխնիկայի գործարանից, Արմավիրի աղբի վերամշակման գործարանից և այլն: Բայց որ օտարերկրյա ներդրումները 2022թ. համեմատ 2023թ. նվազել են շուրջ 30%-ով՝ դա ՀՀ վիճպետկոմիտեի հրապարակած ցուցանիշն է: 2024թ. մասին դեռ տվյալներ չկան:
4. Կոռուպցիայից զերծ երկիր
Սա իշխող ՔՊ-ի և իր ընտրողների «ամենասիրելի» թեման է: Այս գործի մասնագետը չեմ, բայց պետք է արձանագրել, որ կոռուպցիայի դեմ կատաղի պայքարը թևակոխելու է շարունակվող քաղաքական հետապնդումների հերթական փուլը:
5. Կոմունալ վճարների, հարկերի, երթևեկության տուգանքների, սննդի ու վառելիքի գների իջեցում
2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է սպառողական ապրանքների 2,4% գնաճ: 2019թ. մայիսին, 2018թ. մայիսի համեմատ սպառողական ապրանքների գներն աճել են 2,8%-ով: 2020թ. նոյեմբերին 2019թ. նոյեմբերի համեմատ՝ աճել են 1%-ով: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 7,7%-ով: 2022թ. հեկտեմբերին 2021թ. հոկտեմբերի նկատմամբ գների աճը կազմել է 9,5%: 2023թ. դեկտեմբերին 2022թ. դեկտեմբերի համեմատ տեղի է ունեցել 0,6% գնանկում: Որոշ իմաստով այս ցուցանիշները կարող են համադրելի չլինել ժամանակագրության առումով, բայց ակնհայտ է, որ 2018թ. համեմատ 2023թ.-ին տեղի է ունեցել սպառողական գների առնվազն 20,5% գնաճ (թանկացումներ): Եթե սրան գումարենք տարբեր ծառայությունների դիմաց վճարների, տարբեր հարկատեսակների և վարչական տուգանքների աճը՝ կարելի է ասել, որ աշխատավարձերի ավելացումները սովորական քաղաքացու համար գրեթե որևէ հարց չեն լուծել՝ եթե ոչ հակառակը:
6. Աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացում
Այս հարցում ևս քաղաքացիների ակնկալիքներն առանձնապես չեն բավարարվել: Յոթ տարվա ընթացքում նվազագույն կենսաթոշակի չափը 31600 դրամի փոխարեն սահմանվել է 36000 դրամ: Իսկ աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը 21000-ի փոխարեն սահմանվել է 24000 դրամ: Աշխատավարձերի բարձրացում, իհարկե, տեղի ունեցել է, բայց հիմնականում պետական և հանրային ծառայողների համար, այն էլ պագևավճարների կամ հավելավճարների տեսքով:
7. Արցախի հարցի լուծում և խաղաղություն
Այստեղ են ասել՝ խեղճ քաղաքացիներ: Ու՞մ հետ եք կապել հույսներդ և ի՞նչ ստացաք արդյունքում: Զոհեր, ավերածություններ, աշխարհով մեկ խայտառակություն, ծնկաչոք մուրացող «խաղաղություն», ՀՀ-ից օկուպացված ինքնիշխան տարածքներ և ամբողջությամբ կորսված հայրենիքի մի կարևոր կտոր: Այս հարցում պարզվեց, որ մեր քաղաքացիների և իշխանությունը զավթած խմբակի շահերը բոլորովին համահունչ չէին:
8. Ուժեղ բանակ
Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունը «կատարվել է» շուրջ 5 միլիարդ ԱՄՆ դոլարի ընդհանուր արժեքով սպառազինությունը և տեխնիկան Ադրբեջանին թողնելու, կամ դրա որոշ մասը քաոտիկ պատերազմում կորցնելու տեսքով: Ուժեղ բանակ ունենալու փոխարեն մեր «հեղափոխականների» ԶՈՒ-ն կորցրեց իր ամենամարտունակ ստորաբաժանումը՝ Արցախի ՊԲ-ն: Ուժեղ բանակ ունենալու քաղաքացիների ցանկությունն ամենևին մարտական ուղի անցած լավագույն սպայակազմի դեմ քրեական գործեր հարուցելու, նրանց պախարակելու կամ դեմոնիազացնելու մեջ չէր: Այս հարցում ևս ՀՀ քաղաքացիների և իշխանության շահերը համահունչ չէին:
9. Կրթության որակի բարելավում
Կրթության որակի բարելավումն առանձնահատուկ կարևոր խնդիր էր, իսկ հիմա ուղղակի դարձել է ազգային անվտանգության սպառնալիք: Միայն դպրոցի կամ մանկապարտեզի շենքի վերանորոգումը դեռևս չի նշանակում կրթության որակի բարելավում: Անգրագիտությունը կարող է վխտալ նաև շքեղ պալատներում: Իսկ թե երիտասարդության շրջանում ինչ ծավալով են աճել թմրամիջոցներից կամ շահումով խաղերից կախվածությունը՝ դա արդեն առանձին թեմա է:
10. Միգրանտների վերադարձ, հայրենադարձություն
Եթե մինչև 2019թ. թույլ հույսեր կային, որ հայրենադարձությունը կարող է մոտիվացված լինել և գրավիչ դառնալ մեր շատ հայրենակիցների համար, ապա 2020թ-ից հետո պատկերը, մեղմ ասած, տխուր է: 2021թ. ՀՀ սահմանը հատել և չի վերադարձել 73570 մարդ, 2022թ.-ին՝ 27940 մարդ, 2023թ.-ին՝ 36510 մարդ: Այսինքն՝ երեք տարում Հայաստանից հեռացել են շուրջ 138000 քաղաքացիներ: Եթե համարենք, որ այս մարդիկ այլևս չեն վերադառնալու Հայաստան, կամ առնվազն երկար ժամանակ հետ չեն գալու, ապա, ցավով պետք է արձանագրել, որ Նիկոլի իշխանության երեք տարիներին Հայաստանից ամբողջությամբ հեռացել է, օրինակ՝ Գյումրու չափ մի քաղաք:
Մեկնաբանություններն ավելորդ են: Իշխանությունների ստերն ու կեղծիքը շարունակվում են: Հայաստանը ծայրահեղ լուրջ մարտահրավերների ու սպառնալիքների առջև է կանգնած: