ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻՆԵՐ ՈՒՆԵՆ. «ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԻՑ» Ո՞ՒՄ Է ԲԱՔՈՒՆ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՐԵՎԱՆԻՑ

СОР29-ի ավարտից անցել է մեկ ամսից քիչ ավելի, և ահա դիմակները վերջնականապես պատռվեցին։ Ռուսական ԶԼՄ-ներին Ալիևի տված անկեղծ և լկտիությամբ աննախադեպ հարցազրույցից հետո ելույթ ունեցավ նրա հանցակիցը Երևանում, և պարզ դարձավ, որ Փաշինյանը համաձայն է Բաքվի գրեթե բոլոր պահանջներին, ընդ որում չառաջադրելով ոչ մի սեփական պայման։

Այդ թվում՝ ծպտուն անգամ չհանելով այն մասին, ինչը միանշանակ ու կատեգորիկ պահանջն է միջազգային իրավունքի և 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի, որը ստորագրող կողմերից ոչ մեկը չի չեղարկել։ Այն է՝ Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակում և Հայաստանի ինքնիշխան տարածքի դեօկուպացիա։

Կանգ առնենք, սակայն, այն հայտարարության վրա, որն արվեց դրանից մեկ օր առաջ՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից։ Հաղորդվում էր, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ հարուցված «քրեական գործը» ուղարկվել է դատարան, և որ դա վերաբերում է «Հայաստանի Հանրապետության և նրա զինված ուժերի համակողմանի աջակցությամբ Ադրբեջանի դեմ իրականացված անօրինական գործողություններին»:

Եվ վերջում. «Ադրբեջանի գլխավոր դատախազությունը, առաջնորդվելով նրանով, որ նշված դրվագներով կասկածվող բազմաթիվ անձինք, ինչպես նաև վկաներ, գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, համագործակցության է հրավիրում Հայաստանի պատկան մարմիններին»:

Անցել է 3 օր. ՀՀ ոչ մի պետական կառույց, այդ թվում՝ «համագործակցության» հրավիրված պատկան մարմինները, ձայն ու ծպտուն չեն հանել։ Այդ մասին ոչ մի բառ չասաց նաև անձամբ Փաշինյանը, որն իր հարցազրույցում պարզապես շրջանցեց գերիների թեման, ասես նրանք ընդհանրապես գոյություն չունեն։ Ինչից կարելի է անել մեկ հետևություն. հարցն արդեն լուծված է, և Ալիևի այդ պահանջը նույնպես բավարարվել է։ Ընդ որում ոչ մի տարօրինակ բան դրանում չկա. միանգամայն բնական է, որ թուրքական երկու ռեժիմների միջև երկար սպասված համագործակցությունը բաց ձևաչափով սկսվի հենց «Ադրբեջանի դեմ իրականացված անօրինական գործողությունների» հետաքննությամբ:

Անդրադառնալով այս հարցին՝ միջազգային դատարաններում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ընդգծեց, որ ոչ մի հայ չի կարող օրինական կերպով Ադրբեջանին հանձնվել որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի կողմից: «Մարդու իրավունքների ոլորտում չափանիշներն արգելում են մարդու արտահանձնումը մի երկրի, որտեղ կա խոշտանգումների, կյանքի համար վտանգ ներկայացնող այլ հանցագործությունների վտանգ։ Ադրբեջանում ռասիստական քաղաքականություն է իրականացվում հայերի նկատմամբ, ուստի ոչ մի հայ չի կարող հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ»,- նշեց նա։

Բայց միջազգային իրավունքի, այդ թվում հումանիտար իրավունքի նորմերից ո՞ր մեկն է գործարկվել վերջին 4 տարիներին, որպեսզի «Մարդու իրավունքների չափանիշների» կարգի «մանրուքը» կասեցնի Փաշինյանին։ Ավելին, նման համագործակցությունը, որը ենթադրում է, բացի Բաքվի կողմից արդեն գերեվարվածներից, Արցախյան ազգային-ազատագրական շարժման այլ ղեկավարների և ակտիվ գործիչների հանձնում Ադրբեջանին, լիովին համապատասխանում է հենց Նիկոլի շահերին և լիովին տեղավորվում նրա տխրահռչակ «նախկինների դեմ պայքարի», ինչպես նաև արդեն սկսված նախընտրական արշավի տրամաբանության մեջ։

Չենք խոսում արդեն այն մասին, որ եթե «խաղաղության պայմանագրի» ստորագրումը բացի ամենից պայմանավորված լինի նաև այդպիսի քայլով, ապա նա, անկասկած, կանի դա առանց վարանելու և մեծ հաճույքով։

Այն մասին, որ Նիկոլը լիովին ունակ է Ալիեվին հանձնել Արցախի հարցում և Բաքվին ցուցաբերված տեղեկատվական հակազդեցության ոլորտում երկար տարիներ ակտիվ աշխատանք կատարած քաղաքական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, հասարակական գործիչներին, խոսվում է արդեն վաղուց։ Բայց, կարծում ենք, «համագործակցությունը» ենթադրում է սկզբի համար փոքր-ինչ այլ՝ ամենաբարձր մակարդակ։

Խոսքը կարող է վերաբերել այն մարդկանց, որոնք ավելի քան 20 տարի շարունակ հենց միայն հաղթող առաջնորդների իրենց կարգավիճակով նվաստացրել են Ալիևին, որոնց առջև նա հաստատ վախ էր ապրում և որոնց ներկայությունից այն աստիճան էր կորցնում իրեն, որ դա ակնհայտ էր անզեն աչքով։ Եվ դրանք նույն այն մարդիկ են, որոնց իշխանությունը զավթելու հենց սկզբից սկսեց հետապնդել Փաշինյանը։

Հիմա ճիշտ ժամանակն է հիշելու, թե «նախկիններից» ում դեմ հարուցվեց առաջին քրեական գործը։ Պատասխանը. 2018թ. հուլիսին ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի։ Այո, գործը վերաբերում էր ոչ թե Արցախին, այլ «մարտի 1-ին»։ Բայց ներքին էությունն այլ էր. Ռոբերտ Քոչարյանը պատերազմի տարիներին եղել է Արցախի առաջնորդներից մեկը և հանրապետության առաջին նախագահը: Եվ ամենևին պատահական չէ, որ նրա հետ մեկտեղ մեղադրանք ներկայացվեց նաև երկու զինվորականների՝ գեներալներ Խաչատուրովին և Օհանյանին։

Այն ժամանակ՝ 6 տարի առաջ, քչերն էին մտորում այդ մասին։ Բայց այսօր առավել քան ակնհայտ է, որ Քոչարյանը Ալիևի ու Փաշինյանի ընդհանուր թշնամին է առաջին հերթին Արցախի համատեքստում, և միայն երկրորդ հերթին, Փաշինյանի համար՝ «մարտի 1-ի» գործի շրջանակներում։ Եվ հենց երկրորդ նախագահը, ինչպես նաև Արցախյան առաջին ազատամարտի մասնակից գեներալներն են առանձնակի ատելի և՛ նրա համար, ում հայրը ջախջախիչ պարտություն կրեց 90-ականներին, և՛ նրա, ով մոլի ատելություն է տածում այն ամենի հանդեպ, ինչ կապված է Արցախի և Հայաստանի հետ։

Նույնը վերաբերում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակցին, որը զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնը 1992-1993 թվականներին, երբ Ինքնապաշտպանության բանակը հասավ բեկումնային ռազմական հաջողությունների՝ Իվանյանի (Խոջալուի) ազատագրմանը և շրջափակման ճեղքմանը, Շուշիի ու Քարվաճառի ազատագրմանը և այդպիսով Բերձորի (Լաչինի) միջանցքի բացմանը։

Իսկ հետո, ինչպես Քոչարյանը, 10 տարի հաղթողի կարգավիճակում եղել է Ալիևների ընդդիմախոսը Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում, որոնց արդյունքում, ինչպես 2016-ի հոկտեմբերին խոստովանեց անձամբ Իլհամը, իրեն պարտադրում էին ճանաչել Արցախի անկախությունը։

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին, անշուշտ, կարելի է տարբեր կերպ վերաբերվել։ Բայց նույնքան անվիճելի է, որ նրանց արտաքին քաղաքականության շնորհիվ Արցախի Հանրապետությունը վերականգնվեց պատերազմից հետո, կայունություն ձեռք բերեց, կառուցեց իր պետականությունը, ամրապնդեց անվտանգությունը և դարձավ Հայրենիքի վերագտնված անգին մասը աշխարհի միլիոնավոր հայերի համար: Եվ հենց այդ պատճառով էլ Քոչարյանն ու Սարգսյանը, ինչպեսև մյուս նշանավոր քաղաքական ու ռազմական գործիչները, Փաշինյանի ու Ալիևի ընդհանուր թշնամիներն են։

Ուրեմն ինչո՞ւ պիտի Ալիևը չպահանջի հանձնել նրանց, որպեսզի վրեժխնդիր լինի հայրիկի պարտության և միջազգային միջնորդների աչքի առջև իր բազմամյա նվաստացումների համար։ Եվ ինչո՞ւ պիտի Նիկոլը չհանձնի նրանց, որպեսզի տա Ալիևին այդ հնարավորությունը և ձեռքի հետ էլ շոյի իր ողորմելի ինքնասիրությունն ու արժանանա դեբիլ երկրպագուների հրճվալից ճղավոցին։

Եվ եթե ոմանց այս վարկածը ֆանտաստիկ է թվում, ապա պարզապես վերընթերցեք հոդվածի սկիզբը. Ադրբեջանի գլխավոր դատախազությունը համագործակցություն է առաջարկում Հայաստանի իրավապահ մարմիններին՝ «Ադրբեջանի դեմ իրականացված անօրինական գործողությունների» հարցում: Դա էլ հո հաստատ ֆանտաստիկա չէ։

Մնում է միայն հասկանալ. ո՞վ է առաջինը գնալու Բաքու՝ «համագործակցությունը» ձևակերպելու. Միրզոյանը, Վարդապետյանը, Գալյանը, թե՞ անձամբ Փաշինյանը։