Առաջիկա օրերին ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովներ կանցկացվեն
ԱՊՀ երկրների ղեկավարները դեկտեմբերի 25-ին Լենինգրադի մարզում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ կարծիքներ կփոխանակեն արդի միջազգային խնդիրների, ինչպես նաև Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ:
Ըստ ТАСС գործակալության՝ դրա մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա՝ ԱՊՀ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական քննարկման ժամանակ կանդրադառնան 2025 թվականին Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստական աշխատանքներին։ «Նրանք բոլորը հրավիրված են Մոսկվա, և բոլորին սպասում ենք մոսկովյան գագաթնաժողովում»,-ընդգծել է Ուշակովը։
Ինչպես հաղորդում է ռուսական РИА Новости-ն՝ նա միաժամանակ հայտնել է, որ դեկտեմբերի 26-ին Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները գագաթնաժողովում, որը կվարի Հայաստանի վարչապետը, կքննարկեն գազի ընդհանուր շուկաների ձևավորումը։
Երկու նիստերն էլ Լենինգրադի մարզում կանցկացվեն։
News.am