Հայկ Դեմոյանը բանավեճի է հրավիրում Փաշինյանին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը հանրային բանավեճի է հրավիրում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Իր ֆեյսբուքյան էջում Դեմոյանը գրել է, որ միակ պատմաբանն է, որի գրքերի հետ 2018 և 2019 թվականներին Փարիզում լուսանկարվել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Ուստի կարծում է, որ իր անձի ու գիտական արդյունքի նման գովազդն ու ճանաչումը հիմքեր չի տալու հրավերը մերժելու:
«Ես նախապատրաստել եմ ոսկեղենիկ հայերենով կազմված, մեկը մյուսից ընտիր 20 հարց և կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը շոյված կլինի, երբ իրեն ուղիղ եթերում հարցեր կուղղի պատմական գիտությունների դոկտորը` առիթ ստեղծելով լուրջ բացահայտումների ու պատմության մեջ հավերժանալու ու նզովքի արժանանալու կարևոր թեմաների արծարծման համար»,- գրել է նա։
Դեմոյանը նաև բանավեճի «սեկունդանտներ» է առաջարկել լինել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ու ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին:
«Ի դեպ, լավ առիթ է՝ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ի վերջո խոստովանեն, արդյոք 2004 թ. Հայոց ցեղասպանության թանգարանից գրքեր գողացե՞լ են, թե՞ ոչ»,- շեշտել է թանգարանի նախկին տնօրենը։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պարբերաբար տարբեր հայտարարություններ անել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Դեկտեմբերի 23-ին իր հերթական գրառման մեջ նա գրել էր, թե 1994թ․-ից հետո Արցախի կարգավիճակի հարցը կանխորոշված էր։ Այդ առնչությամբ ՀՀ երեք նախագահների գրասենյակները հայտարարություններ էին տարածել՝ կեղծ և սուտ անվանելով Փաշինյանի պնդումները։ Դրանից հետո Փաշինյանը հերթական գրառումն արեց՝ բանավեճի հրավիրելով ՀՀ երեք նախագահներին։
Sputnik Արմենիա