Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է Իշխան Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետը դատարանում վերջնականապես պարտվել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտն արդեն ուժի մեջ է մտել:

2022թ տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաների և շտապ հավաքների համար Երևանի քաղաքապետը (այն ժամանակ քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն էր,–խմբ.) 4 հայց էր ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել ընդհանուր առմամբ մինչև 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:

Դեռ նախորդ տարի Վարչական դատարանը Երևանի քաղաքապետի 4 հայցերն էլ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժել էր։ Երևանի քաղաքապետը բողոքարկել էր 4 վճիռներն էլ, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել:

Վերաքննիչ դատարանում պարտվելուց հետո էլ Երևանի քաղաքապետը Վերաքննիչ դատարանի որոշումը իր հերթին բողոքարկել էր Վճռաբեկ դատարան:

Այսօր ստացվել է նաև Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետատարանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Sputnik Արմենիա