Թուրքիան Սիրիայի հետ կարող է ռազմական գործողություն իրականացնել քրդական կուսակցության դեմ

Թուրքիան կարող է Սիրիայի նոր իշխանությունների հետ համատեղ ռազմական գործողություն իրականացնել արաբական երկրի հյուսիսում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK, Անկարայի կողմից ահաբեկչական ճանաչված) ուժերի դեմ, եթե քուրդ զինյալները վայր չդնեն զենքը։ Այս մասին հայտնել է կառավարամետ Hürriyet թերթը։

Թուրքիայի իշխանությունները Սիրիայի համար ճանապարհային քարտեզ են մշակել, որը կենտրոնացած է երկրի վերակառուցման վրա։ Նրանց առաջնահերթ խնդիրը PKK-ի և նրա տեղական ճյուղի՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի (SDF) զինաթափումն ու վերացումն է, գրում է թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։ «Անցումային կառավարության ձևավորումից հետո [Սիրիայի] իշխանությունները կոչ կանեն ահաբեկչական խմբավորումներին, մասնավորապես PKK-SNA-ին և ԻՊ-ին վայր դնել զենքը և միանալ սիրիական կանոնավոր բանակին։ Եթե ​​PKK-SNA-ն բացասաբար արձագանքի այս կոչին, ապա սիրիական բանակը և թուրքական զինված ուժերը համատեղ ռազմական գործողություններ կանցկացնեն նրանց դեմ՝ խմբավորման կողմից վերահսկվող տարածքներից հեռացնելու նպատակով»,- նշել է լրագրողը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ հանրապետության զինված ուժերը կշարունակեն թիրախային գործողություններ իրականացնել Սիրիայի հյուսիսում PKK-SNA ուժերի դեմ: Նա ընդգծել է, որ Սիրիայի և տարածաշրջանի ապագայում տեղ չկա «որևէ ահաբեկչական կազմակերպության համար, դրանք կամ կվերանան, կամ կկործանվեն»:

News.am